«ՀԱԿԱՄԱՅԴԱՆԸ» ԿՈՂՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ
Արխիվ 12-16«ՀԱԿԱՄԱՅԴԱՆԸ» ԿՈՂՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ
Համացանցում գործող եւ առավել քան 12 հազար հայեր ընդգրկող «Հակամայդան-Հայկական ժողովրդական Հանրապետություն» ռուսալեզու խումբը արդեն մի քանի օր է, ինչ զետեղել է «Միասնությունը ուժ է, իսկ ուժն է ծնում իրավունք» վերնագրով առաջնորդող, ուր կոչ է անում կողմ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին:
Այդտեղ ասված է. «Սահմանադրական բարեփոխումների հակառակորդները պնդում են, թե նոր Սահմանադրությունը հանրաքվեի է դրվում խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու համար, սակայն դա սուտ է: Դա ոչ թե անցում է, այլ` վերադարձ: Վերադարձ ակունքներին, քանզի Հայաստանի Առաջին Հանրապետությունը (Հայկական Ժողովրդական Հանրապետությունը) հենց խորհրդարանական է: Խնդիրները, որ ծառացած են ասօր հայ ժողովրդի առջեւ, հարկ է լուծել միավորելով իշխանության եւ ժողովրդի ջանքերը, այլ ոչ թե ծնելով հանրային պառակտում:
Բարեկամներ, դեկտեմբերին մենք վճռելու ենք մեր երկրի ճակատագիրը: Հայաստանի ճակատագիրը կախված է լինելու մեզանից, եւ եկեք այնպես անենք, որ քվեարկությունը ճիշտ անցնի: Նայեք նրանց, ովքեր ներքաշում են ձեզ բողոքի մեջ, դրդում են հակամարտության` գործող իշխանության հետ: Արդյո՞ք արժանավոր մարդիկ են: Արդյո՞ք նրանք բարիք եւ միայն բարիք են կամենում մեր երկրին: Արդյո՞ք մաքուր են նրանց մտադրությունները: Արդյո՞ք նրանք օտար շահերի կատարածու չեն: Մենք պետք է հասկանանք, որ կարմիր գիծն անցնելը շատ հեշտ է, դժվար է ամեն ինչ վերադարձնել նորմալ հուն:
Նրանք, ովքեր այսօր փորձում են քաղաքների փողոցներ հանել հազարավոր մարդկանց, դժվար թե հետապնդում են ողջ հայ ժողովրդի իրական շահերը: Նրանք, ովքեր փողոցներ են հանում հայկական քաղաքների բնակիչներին, օգտագործելով նրանց սեփական ամենեւին ոչ բարի նպատակների համար, հետապնդում են արեւմտյան տերերի եւ իրենց անձնական շահերը: Նրանք խաբում են, շահարկում են հրատապ խնդիրները, որոնք չեն էլ փորձում լուծել օրինական ճանապարհով: Նրանց պետք է զանգվածային բողոք, նրանք պատրաստ են ամեն ինչի` հանուն սեփական նպատակների: Նրանք օտարի օգնությամբ ուզում են գալ իշխանության, եւ նրանց չի վախեցնում անգամ քաղաքացիական պատերազմի հեռանկարը:
Այսօր մենք կոչ ենք անում բոլոր հայերին` միավորել ջանքերը, որպեսզի այս բարեբեր երկիրը մնա այնպիսին, ինչպիսին մենք սովոր ենք այն տեսնել: Մենք մեր մեջ ուժ կգտնենք չենթարկվելու ընդդիմության սադրանքներին: Եվ մենք` հայերս, լինելով հին եւ փառապանծ ժողովուրդ, մեր մեջ ուժ կգտնենք եւ կկարողանանք պաշտպանել մեր իրավունքը` ինքնուրույն վճռելու մեր երկրի ճակատագիրը: Ինքնուրույն եւ առանց ցնցումների: Մենք կոչ ենք անում մասնակցել հանրաքվեին եւ քվեարկել` բացառապես հենվելով սեփական համոզմունքների, հոգու եւ խղճի մաքրության վրա»:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

