«ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՅԻ «ՄԱԽԱԹԸ ՇԱՏ ՍՈՒՐ ՉՍՐԵԼ...»
Արխիվ 12-16«ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՅԻ «ՄԱԽԱԹԸ ՇԱՏ ՍՈՒՐ ՉՍՐԵԼ...»
Թեպետ փոփոխված Սահմանադրության հանրաքվեի քարոզարշավի մեկնարկից արդեն անցել է ուղիղ 10 օր, սակայն այդպես էլ որոշ քաղաքական ուժերի չհաջողվեց միավորվել եւ ձեւավորել «ոչ»-ի ճակատ ու հակաքարոզչությամբ զբաղվել, ինչի մասին աղաղակում ու սպառնում էին ընդամենը շաբաթներ առաջ: Ավելին` այսօր արդեն պարզ երեւում է, թե ինչպես են այս կամ այն քաղաքական գործիչները համակերպվելով սահմանադրության բարեփոխումների հետ` փորձում, նոր սահմանադրության համաձայն, տեղավորվել հայաստանյան քաղաքական դաշտում: Հենց այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:
«ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՆՑՈՒՄ ՆԱԽՈՐԴԻՑ ԴԵՊԻ ԱՎԵԼԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ»
–Պարոն Մելիքյան, քիչ, թե շատ սահմանադրական փոփոխությունների «ոչ»-ի ճամբար փորձում են ստեղծել իրենց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ հայտարարած այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Ր. Հովհաննիսյանը, Ա. Մարտիրոսյանը, Ժ. Սէֆիլյանը, Գ. Չուգասզյանը, Պ. Մակեյանը, Ա. Ղուկասյանը եւ այլք: Ըստ Ձեզ` կարո՞ղ են վերոնշյալ անձինք «փրկել» հանրությանը սահմանադրական բարեփոխումներից ու տապալել հանրաքվեն:
– Ամեն ինչ կախված է նրանից, թե մինչեւ դեկտեմբերի 5-ը իրենք ընդհանրապես կարող են ընթերցել արդեն հանրաքվեի դրված Սահմանադրության նախագիծը, որպեսզի համապատասխան բովանդակային քննարկումներ գոնե իրենց մեջ անցկացնեն ու հետո փորձեն հանրությանը բացատրել, թե ինչու չեն ուզում այն: Կարծում եմ` Սահմանադրության տեքստին ծանոթանալուց հետո իրենց համար բավականին դժվար կլինի հանրությանը համոզել, որ «ոչ» ասեն սահմանադրությանը:
– Չնայած սահմանադրական բարեփոխումների նախագիծն ամբողջությամբ շատ վաղուց հրապարակված է, բայց հանրության մի լայն զանգված այդպես էլ չի ընթերցել ու, երեւի թե, չի էլ ընթերցի այն` բավարարվելով այդ մասին տարբեր մեկնաբանություններ լսելով: Այս առումով ինչպե՞ս պետք է հասնել նրան, որ ՀՀ քաղաքացին կարողանա դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ ճիշտ ընտրություն կատարել:
– Համակարծիք եմ Ձեզ հետ այն առումով, որ հանրության մեծամասնությունը այդպես էլ չի ծանոթանա, չի ցանկանա ծանոթանալ կամ, ուղղակի, նպատակահարմար չի համարի ծանոթանալ սահմանադրական փոփոխությունների նախագծին: Ամեն դեպքում, կարծում եմ` ճիշտ կլինի ծանոթանալը, որպեսզի ինչու «ոչ», ոչ թե «այո» հարցի պատասխանն իրենք ավելի հստակեցնեն: Իսկ մեզ մնում է բացատրական աշխատանք տանելու ժամանակ` հանրաքվեի քարոզարշավի ընթացքում, ընդամենը փորձել ծանոթացնել ժողովրդին այն նպատակները, այն իրողությունները, որ դրված են Սահմանադրության նոր, բարեփոխված նախագծի մեջ ու ներկայացնել, թե ինչու պետք է կատարել անցում նախորդից դեպի ավելի ժողովրդավարական Սահմանադրության:
«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԵՄ ԷԼ ՏԵՍԵԼ»
–Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը հայաստանյան քաղաքական դաշտ ինչ-որ առումով կապվում է նաեւ սահմանադրական բարեփոխումների հետ: Դուք տեսնո՞ւմ եք այդ կապը եւ ընդհանրապես նրան` որպես ՀՀ ընդդիմադիր քաղաքական գործիչ:
– Արա Աբրահամյանի քաղաքական մուտքը քաղաքական դաշտ կարծում եմ` իր որոշելիքն է, իր ցանկությունն է, եւ ժողովուրդը պետք է գնահատականներ տա, ոչ թե մենք: Իսկ որպես քաղաքական ուժ` ընդամենը կցանկանամ, որ քաղաքական դաշտում իրականացվի քաղաքակիրթ մրցակցություն: Սովորաբար, ցանկացած քաղաքական ուժի մուտքը քաղաքական դաշտ նպատակ է հետապնդում նաեւ մրցակցություն քաղաքական դաշտում գործող ու դեռեւս նոր մուտք գործող քաղաքական կուսակցությունների հետ, եւ մրցակցությունը հիմնականում իրականացվում է իշխանության ձեռքբերման նպատակով: Այնպես որ, ընդամենը կարող եմ մաղթել քաղաքակիրթ մրցակցություն, ուրիշ ոչինչ:
– Բազմիցս ասվել է, որ այս կամ այն քաղաքական ուժի թիկունքում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը ու, այնուամենայնիվ, նա կրկին մտնելու է քաղաքական դաշտ: Տեսնո՞ւմ եք այդ հավանականությունը, օրինակ, հենց Արա Աբրահամյանի միջոցով:
– Ձեր հարցն ընդհանրացնելով` կարող եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից դուրս ընդհանրապես չեմ էլ տեսել, ոչ էլ պատկերացրել եմ: Նա միշտ եղել է քաղաքականության մեջ, եւ ըստ իս, միշտ էլ կմնա` որպես ՀՀ երկրորդ նախագահ:
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԱՏ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ Է»
–Լուրեր են պտտվում, թե սահմանադրական բարեփոխումներից հետո լուրջ վերադասավորումներ են սպասվում նաեւ ՀՀԿ-ում: Բեկումնային փոփոխություններ պե՞տք է սպասել առաջիկայում:
– Չեմ կարծում, որ նման բեկումնային իրադարձություններ կարող են լինել:
– Իսկ ի՞նչ կասեք նոր ձեւավորվող կուսակցությունների մասին, մասնավորապես Է. Մարուքյանի «Լուսավոր Հայաստանին» ու Ն. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին» անդրադառնալով: Կարո՞ղ են այս ուժերը փոխարինել հանրությանը հայտնի ավանդական ընդդիմադիր ուժերին, որոնք այդպես էլ չարդարացրին ընդդիմադիր հայացքներ ունեցող զանգվածի հույսերը:
– Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես հանրության մեջ իրենց գաղափարախոսությամբ կներկայացնեն իրենց ծրագրային նպատակները, եւ ինչպես այն կընկալվի հանրության կողմից: Մյուս քաղաքական ուժերը, պարզ է, որ կփորձեն մրցակցության ընթացքում խոչընդոտել, բայց գտնում եմ, որ ամեն ինչ կախված է նրանից, թե իրենք ինչպես կդրսեւորեն իրենց մրցակցային դաշտում: Չէ որ քաղաքական ազատ մրցակցային դաշտում ամեն ինչ հնարավոր Է:
«ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ԴԵՌԵՎՍ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԶԳԱՑՎՈՒՄ Է»
–Անդրադառնանք նաեւ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, հատկապես, որ Դուք լինելով Տավուշի մարզից` այդ ամենին տեղյակ եք առավել քան մոտիկից:
– Ընդամենը երկու օր առաջ եմ վերադարձել սահմանային տարածքներից եւ պետք է ասեմ, որ առանձնապես լարվածություն չկա` հերթական, սովորական դարձած կրակոցներն են: Լարվածությունը բավականին թուլացած է, սակայն խուճապային իրավիճակ դեռեւս ադրբեջանական համայնքներում զգացվում է եւ շարունակվում է: Մեր համագյուղացիները, սահմանամերձ տարածքում աշխատող մեր բնակիչները իրենց առօրյա կյանքով են զբաղված:
– Ի դեպ, ադրբեջանական մի ինտերնետային լրատվամիջոց հրապարակել էր իբրեւ «սենսացիոն» տեղեկատվական արտահոսք, որտեղ ասված էր, թե ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը դիմել է ԼՂՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ա. Ղարամյանին` նշելով, որ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ընթացող ռմբակոծությունը խուճապ է առաջացրել, ինչի հետեւանքով հայկական սահմանամերձ գյուղերի բնակիչները լքում են բնակավայրերը... Սակայն, այս ապատեղեկատվությանը հետեւեց այն, որ հենց Ադրբեջանի ԱԱԾ տնօրենը պաշտոնաթող եղավ: Ի՞նչ կասեք այս մասին:
– Սա ընդամենը սադրանք էր ադրբեջանական անվտանգության ծառայությունների կողմից, այն էլ ոչ ճիշտ կազմակերպված, ինչի արդյունքը պետք է լիներ այն, ինչ եղավ իրենց մոտ: Կարող եմ հաստատել, որ իրենց մոտ են խուճապային տրամադրությունները, եւ այն թաքցնելու նպատակով նման սադրիչ հայտարարություններ էին փորձում տարածել, որի տակից հենց տարածողները չկարողացան դուրս գալ: Այս մասին ժողովուրդը բավականին լավ խոսք ունի` մախաթի հետ կապված: Այնպես որ, խորհուրդ կտայի «մախաթը շատ սուր չսրել...»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

