ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՓՈԽԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԴԵՄՔԸ
Արխիվ 12-16ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՓՈԽԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԴԵՄՔԸ
Նախօրեին ակցիա էին կազմակերպել Հայաստանում հանգրվանած սիրիահայերը: Բայց ի տարբերություն այդքան հաճախակի դարձած երեւանյան զանգվածային ակցիաների` սիրիահայերի միջոցառման նպատակը ոչ թե բողոքելն էր, այլ, չզարմանաք, շնորհակալություն հայտնելը: Համենայնդեպս՝ այս կերպ նրանք բացատրեցին Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց հավաքվելու իմաստը. «Եկած ենք շնորհակալություն հայտնելու, որ Ռուսիան այսօր Սուրիո կողքը կեցած է, եւ պաշտպան կհանդիսանա մեր ժողովրդին»:
ՆՈՐԻՑ ՀԻՇԵՑԻՆ ՎԱՆԳԱՅԻՆ
Սիրիահայությանը ներկայացնող այս համեմատաբար փոքրաքանակ խմբին կարելի է հասկանալ. նրանք հիմնականում Հալեպից են, եւ այդ օրն արդեն սկսել էր թափ հավաքել երբեմնի հայաշատ այդ քաղաքի ամբողջական ազատագրումը «Իսլամական պետություն» ¥ԻՊ¤ եւ այդ կարգի մի շարք այլ ահաբեկչական կազմակերպություններից: Իսկ դրանից հետո հալեպահայերն իրենց կորցրած տները վերադառնալու եւ երբեմնի խաղաղ կյանքով ապրելու հնարավորություն են ստանում:
Բայց միայն հալեպահայությունը չէ, որ անհամբերությամբ սպասում է Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում ողջ թափով շարունակվող ռազմական գործողությունների ընթացքին: Մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ այն միանգամայն ընդունելի կարծիքին են, որ հենց Հալեպի այս ճակատամարտն է լավագույն ինդիկատորը, թե ինչ ընթացք եւ ավարտ կունենա սիրիական այս բազմամյա պատերազմը: Եվ ավելին, թե ինչ քաղաքական եւ աշխարհաքաղաքական ճակատագիր կունենա ոչ միայն Սիրիան, այլեւ ողջ Մերձավոր Արեւելքը, այսինքն՝ նաեւ ողջ աշխարհը: Շատերը նույնիսկ հիշել են Վանգայի կանխատեսումներից մեկը, թե հենց Սիրիայում է տրվելու, այսպես ասած, նոր աշխարհի ստեղծման մեկնարկը: Սիրիայից, քանի որ ժամանակին հենց այստեղից է ամեն ինչ սխալ գնացել. Դամասկոսի հարեւանությամբ է բիբլիական այն սարը, որտեղ թափվել է առաջին արյունը՝ Կայենը սպանել էր իր եղբորը` Աբելին: Ուստիեւ՝ Վանգային է վերագրվում հետեւյալը. «Ինձ հարցնում են՝ արդյոք շո՞ւտ աշխարհ կգա հին վարդապետությունը: Ոչ, ոչ շուտ: Դեռ Սիրիան չի ընկել: Սիրիան փուլ կգա հաղթողի ոտքերի առաջ, սակայն հաղթողն այն չի լինի... Նոր վարդապետությունը գալու է Ռուսաստանից, Ռուսաստանը արծվի նման ճախրելու է երկրի վրա»: Եվ Վանգայի մեկնաբաններն էլ հավելում են. «ԱՄՆ-ը չկարողացավ Սիրիայում հաղթել, սակայն բոլորի համար անսպասելի՝ հենց ռուսներն են մոտ հաղթանակին, հենց ռուսական ինքնաթիռներն են այսօր «արծվի նման ճախրում» Սիրիայում...»:
Իհարկե, որպես գուշակի` Վանգայի այդ կանխատեսումները քրիստոնեության տեսանկյունից անընդունելի եւ մերժելի են: Բայց՝ ելնելով ռեալ իրավիճակից, վերլուծական հանրությունը եւս նույն տարբերակը համարում է ամենահնարավորը. ռուսական ավիահարվածներից հետո սիրիական բանակը այս շաբաթներին գրեթե ավարտել է մայրաքաղաք Դամասկոսի ամբողջական ազատագրումը, նույն հաջող գործողություններն են Սիրիայի կենտրոնական հատվածներում: Եվ նույն հաջող ընթացքի մեջ են երկրի հյուսիսային հատվածում ռազմական գործողությունները, որտեղ Հալեպի ամբողջական ազատագրման դեպքում իսլամիստական խմբավորումների վերահսկողության տակ կմնան հիմնականում անապատային որոշ հատվածներ եւ երկրի արեւելյան մի շարք հանեմատաբար փոքր բնակավայրեր: Ընդ որում, ռազմական փորձագետները, մեկնաբանելով պատերազմի ընթացքը, մոտավորապես նման իրավիճակ են նկարագրում՝ իսլամիստներն արդեն իսկ խոշոր զինտեխնիկական եւ նյութատեխնիկական կորուստներ են կրել, ինչն արագորեն վերականգնելու եւ ոչ մի հնարավորություն չկա: Արտաքին մատակարարումները, ճիշտ է, դեռ շարունակվում են, սակայն շատ զգուշավոր եւ փոքր քանակություններով. ԻՊ-ի մատակարար-երկրները քաջ գիտակցում են, որ Ռուսաստանը դա կորակավորի ոչ թե պարզապես իր դեմ, այլ՝ համաշխարհային ահաբեկչության օգտին քայլ: Եվ դա համարում են արդեն իրենց համար շատ վտանգավոր, հաշվի առնելով նաեւ, որ Մոսկվան ցույց տվեց, որ պատրաստ է մինչեւ իսկ բալեստիկ գերժամանակակից հրթիռներ կիրառել: Այդպիսով՝ ունենալով մատակարարումների լուրջ խնդիր, իսլամիստները նաեւ մարդկային ռեսուրսների պակասի փաստի առաջ են հայտնվել: Նախ՝ սիրիական բանակը հարձակման է անցել գրեթե ողջ երկրով մեկ, ինչն իսլամիստներին զրկել է ազատ մանյովրելու՝ հանգիստ հատվածների հաշվին ծանր ուղղություններն ամրացնելու հնարավորությունից: Եվ այդ վիճակից օգտվելով՝ նաեւ Իրաքի բանակն ու քրդական ինքնապաշտպանության ուժերն են ակտիվ հարձակողական գործողություններ սկսել՝ էլ ավելի կաշկանդելով ԻՊ-ին: Հաջորդը՝ կան զգալի կորուստներ եւ դրանից էլ շատ՝ դասալքությունն է սկսել լրջորեն նոսրացնել իսլամիստների շարքերը, մինչդեռ արտաքին համալրումները զգալիորեն նվազել են: Համենայնդեպս այն, որ ԻՊ-ի ղեկավարությունը հայտարարել է իր զբաղեցրած տարածքներում, սկսած 14 տարեկան երեխաներից, մոբիլիզացնելու մասին, լավ օրից չէ, եւ այդ մոբիլիզացիան էլ հազիվ թե որեւէ օգուտ տա:
ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԻ...
Այսպիսով՝ ռազմական բոլոր հաշվարկներով ¥այդ թվում՝ համեմատաբար անկախ փորձագիտական¤ պատերազմը ռուսական կոալիցիայի համար միանգամայն հաջող ընթացք ունի: ԻՊ-ը, ճիշտ է, շատ ուղղություններում իրենց յուրահատուկ մոլեռանդությամբ փորձում է դիմադրել, սակայն արդեն փորձագետներից քչերն են կասկածում պատերազմի համեմատաբար արագ ելքի հարցում, եւ արդեն հիմնականում օրակարգում է այն հարցը, թե ինչ պատկեր է ձեւավորվելու պատերազմից հետո: Այդ հարցում, թերեւս, բավականին շատ բան է ակնարկում Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Բեն Հոջեսի հետեւյալ խոստովանությունը ռուսական զինուժի մասին. «Ես կարծում էի, որ նրանք ճնշման տակ են, եւ չէի պատկերացնում, որ նրանք կարող են ի վիճակի լինել վերցնել այդ ամենն ու Սիրիա ուղարկել: Մեզ մոտ հետախուզական տեղեկությունների բացակայությունը եւ նրանց արագ տեղակայման կարողությունը այնքան էլ լավ համադրություն չեն: Կալինինգրադում ունեցած ներուժի հաշվին` նրանք կարող են ցանկության դեպքում փակել ելքը Բալթիկ ծով»: Այսինքն՝ ռուսական զինուժն ամերիկյան բարձրաստիճան գեներալիտետի աչքերին միանգամայն նոր որակ է ստացել: Բայց նման զարմացած մտքեր ամերիկյան գեներալները հնչեցնում էին նաեւ Ղրիմի հայտնի օպերացիայի ժամանակ: Թե՝ ռուսական զորքերի գործողությունները թեեւ փայլուն էին, բայց նաեւ այն պատճառով, որ իրենք, այդ թվում՝ ամերիկյան հետախուզությունը, թերագնահատեցին ռուսներին: Բայց դրանից հետո պետք է, որ փորձեին հետագայում նման անակնկալներից խուսափել, մինչդեռ գեներալ Հոջեսի այս խոստովանությունը հուշում է, որ եթե նույնիսկ փորձել են, էլի բան չի ստացվել: Այսինքն՝ ինչքան էլ ռուսական բանակը, հատկապես ուկրաինական պատերազմի ֆոնին, Պենտագոնի ամենալուրջ ուշադրության կենտրոնում էր, էլի կարողացավ ռազմավարական հարթությունում ամերիկացիներին շրջանցել, ու, ըստ Կալինինգրադի բերված օրինակի, կկարողանա նորից ու նորից շրջանցել: Իսկ դա մեկ պարզ փաստի մասին է ակնարկում, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ողջ աշխարհով մեկ ԱՄՆ-ի օգտին ձեւավորված հսկայական ռազմավարական առավելությունը ՌԴ-ն կարողացել է առնվազն հիմնականում կրճատել, եթե ոչ զրոյացնել եւ նույնիսկ՝ որոշ հարցերում առաջ ընկնել: Հենց այդ ռազմական-ռազմավարական բալանսն է, որ դրվում է նաեւ քաղաքական մնացած հաշվարկների հիմքում, էլ չասած, որ այդ հանգամանքից ելնելով է, որ մնացած աշխարհը կառուցում է հարաբերությունները: Եվ նույն մոտեցումն էլ մասնավորապես սկսում է ձեւավորվել Մերձավոր Արեւելքի պետությունների մոտ, առավել եւս, երբ ամերիկյան քարոզչամեքենան անգամ միանգամայն մռայլ տոներով է գնահատում Վաշինգտոնի դիրքերը այս ուղղությամբ: Օրինակ՝ հեղինակավոր Washington Times-ի ներկայացմամբ. «Պուտինը կարող է ազգային շահերից բխող սառը հաշվարկների վրա հիմնված՝ վերջ դնել Սիրիայում արյունահեղությանը: Դա դուրս է ամերիկյան «խաղաղության նախագահի» հասկացությունից...»: Մեկ այլ հեղինակավոր պարբերական՝ The Economist-ն էլ իր հերթին է գրում. «ԱՄՆ-ը սարսափով արձագանքեց, երբ հասկացավ, որ չնայած հազարավոր զոհված ամերիկացիներին եւ ծախսված հարյուր միլիարդավոր դոլարներին, Ռուսաստանը կարող է վերականգնել Իրաքի նկատմամբ ազդեցությունը»:
Թե այս ուժային բալանսը եւ դրա նկատմամբ տարածաշրջանային երկրների վերաբերմունքն ինչ վերջնական իրավիճակ կձեւավորի Մերձավոր Արեւելքում, իհարկե՝ դեռ մի շարք գործոններից է կախված: Սակայն բոլոր տրամաբանական հաշվարկներով` Ռուսաստանն իր որոշակի դիրքն արդեն իսկ տարածաշրջանում ստացել է, ու այդ մոտեցումը հաստատ կտարածվի ռուս-ամերիկյան հակամարտության այլ թեժ կետերում եւս: Թե այդ դիրքային ձեռքբերումները ամենակարեւոր՝ տնտեսական հարթակում ինչ կտա Մոսկվային կամ ինչ հարված կդառնա ամերիկյան դոլարի հեգեմոնիայի համար, թերեւս մոտ ապագայում կսկսի աստիճանաբար ուրվագծվել: Բայց մեկ բան էլ է հաստատ. դիրքային այս փոփոխությունը բոլորից առաջ զգալու է Եվրոպան, որը, ի դեպ, հատկապես վերջին տարիներին, ամերիկյան հեգեմոնիայից տրտնջալու շատ տեղեր ունի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

