ՀՀԿ ԳՄ ՆԻՍՏՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁ Է ԵՂԵԼ ՓԵՐԻՆՉԵՔԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ՀՀԿ ԳՄ ՆԻՍՏՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁ Է ԵՂԵԼ ՓԵՐԻՆՉԵՔԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Երեկ ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի վերջերս կայացրած վճռին, ըստ որի, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» աղմկահարույց գործով որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի Հանրապետության պահանջները բավարարվել են: Այս մասին «Իրավունքի» հարցադրմանն ի պատասխան, երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ նշեց. «Մենք գտնում ենք, որ Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերին պալատի վճիռն անհամեմատ ավելի դրական էր մեզ համար, քան ստորին պալատի որոշումը: Սա ձեռքբերում էր եւ արդարացված էր Հայաստանի հանրապետության ներգրավումը որպես երրորդ կողմ: Եվ եթե ստորին պալատի որոշման մեջ, կային մեզ համար անընդունելի ձեւակերպումներ, որոնք նույնիսկ հարցականի տակ կարող էին դնել Ցեղասպանության եղելությունն, ապա Փերինչեքի գործով մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերին պալատի որոշումը միանշանակ մենք բարձր ենք գնահատում: Սա ձեռքբերում էր նաեւ այն առումով, որ այնտեղ դատավորներից որեւէ մեկը հարցականի տակ չդրեց Հայոց ցեղասպանության եղելությունը: Ավելին` ամրագրվեց, որ այն պատմական փաստ է», -եզրափակելով խոսքը` շեշտեց ՀՀԿ խոսնակը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk