ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ՄԻԵԴ-Ը ՆԱԽԱԴԵՊ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ՄԻԵԴ-Ը ՆԱԽԱԴԵՊ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
ՄԻԵԴ-ի որոշումը Դողու Փերինչեքի գործով միանշանակ չի ընդունվել հասարակական-քաղաքական շրջանակների կողմից: Եթե ՀՀ-ի շահերը ներկայացնող Գեւորգ Կոստանյանը, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, Ամալ Քլունին, բրիտանացի դիվանագետ Ջեֆրի Ռոբերտսոնը պնդում են, որ ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ-ի պահանջները, թուրքագետներն այլ կարծիքի են: Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ ՄԻԵԴ-ի որոշումը խթանում է թուրքական ժխտողականությունը, քանի որ թուրքական ժխտողականության վառ դեմքերից մեկը` Դողու Փերինչեքը, արդարացվում է ՄԻԵԴ-ի կողմից. «Քիչ թե շատ ծանոթ լինելով ՄԻԵԴ-ի դիրքորոշմանը, արդեն պարզ էր` նրա դիրքորոշումը լինելու էր ոչ այնքան իրավական, որքան քաղաքական»:
Թուրքագետի խոսքով` ՄԻԵԴ-ի վճիռն այնպես է ձեւակերպված, որ դատական գործընթացի երեք կողմերն էլ տեսնեն իրենց համար ձեռնտու ձեւակերպումներ եւ համարեն իրենց համար հաղթանակը: «Հանրային ընկալման տեսանկյունից սա ավելի շատ խոսում է թուրքական թեզերի պաշտպանության մասին»,- կարծում է Երևանի պետական համալսարանի արևելագիտությանֆակուլտետի փոխդեկանը:
Հայաստանի համար, սակայն, ըստ Մելքոնյանի, անսպասելի չպետք է լինի, քանի որ արդեն 100 տարի է` ականատես ենք լինում եվրոպական կամ արեւմտյան դիվանագիտության երկակի չափանիշների կիրառմանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
