ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՎԱՃՈՒՄ, ԻՍԿ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆԼՈՒԾԵԼԻ
Արխիվ 12-16ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՎԱՃՈՒՄ, ԻՍԿ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆԼՈՒԾԵԼԻ
Օրեր առաջ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեցին սամբոյի 2015թ. աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները: Հայաստանի պատվիարկության կազմում մրցահարթակ էին մեկնել 13 մարզիկ: Մեդալների 40 հավաքածուի համար պայքարում էին շուրջ 4 տասնյակ պետության մարզիկներ, այնուամենայնիվ՝ Հայաստանի պատվիրակությունը մրցահարթակից վերադարձավ 5 մեդալով:
48 կգ քաշային Էդմոն Մանուկյանը եւ 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը պարտվել են միայն եզրափակչում եւ արժանացել արծաթե մեդալի, իսկ Հարություն Սարգսյանը (52 կգ), Գրիգոր Սահակյանը (87 կգ) եւ Գառնիկ Սարոյանը (100 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ: Այսպիսով, հաշվի առնելով այն անբարենպաստ պայմանները, որնք ստեղծված են հայ սամբիստների համար, Հայաստանի պատվիրակության ելույթները պետք է գնահատել լավ:
Սակայն կա մեկ մտահոգող խնդիր. այս մարձազեւում Հայաստանն ակնհայտորեն բավականին մեծ պոտենցյալ ունի: Մինչդեռ՝ հայ սամբիստները միջազգային հարթակում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու մեկնում են հաճախ առանց անգամ ուսումնամարզական հավաքներ անցկացնելու: Թե ինչու, դժվար չէ կռահել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից մեզ տրամադրված այս պարզաբանումից. «Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի թիվ 1 հավելվածով սահմանված բաշխման` «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը «ՀՀ առաջնություններին եւ միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում եւ առաջնությունների անցկացում» ծրագրով հատկացված է 20 000 000 (քսան միլիոն) դրամ: Այդ միջոցներով ֆեդերացիան անցկացնում է ոչ միայն մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների ՀՀ առաջնություններ, այլեւ մասնակցում է երիտասարդների, պատանիների եւ աղջիկների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, ինչպես նաեւ մեծահասակների (տղամարդկանց, կանանց) Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:
Հավելենք, որ 2015թ. սամբո մարզաձեւից կազմակերպվել են նաեւ ուսումնամարզական հավաքներ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից` Բաքվի առաջին եվրոպական խաղերին նախապատրաստվելու համար»:
Այն տպավորությունն է, որ հայկական սպորտի հարցերը կարգավորող կառույցներն այն կարծիքին են, թե հենց այսպես էլ պետք է լինի: Բայց ինչո՞ւ է այդքան փոքր գումար հատկացվում, չէ՞ որ հենց նախարարության խոսքն է որոշիչ, թե՝ սպորտին տրվող բյուջետային փողերն ինչպես պետք է բաշխել: Մինչդեռ՝ կան այլ, մեր երկրում գրեթե «քաշ ու կշիռ» չունեցող շատ մարզաձեւեր, որոնց մոտավորապես այդ կարգի գումարներ են տրվում, չնայած դրանց ներկայացուցիչները միջազգային խաղերում հաճախ նույնիսկ «ֆինիշին» չեն հասնում: Եվ կոնկրետ սամբոյի դեպքում, երբ մշտապես մեդալներ ունենք, գրեթե նույն ֆինանսավորումն է: Որպես բացատրություն` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մշտապես պնդում է, որ ֆինանսավորումը կատարվում է` ըստ ցուցադրած արդյունքների, մարզաձեւի առաջնային լինելուց եւ այլն: Բայց մի՞թե այս կոնկրետ օրինակը՝ աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններից բերված 5 մեդալը ավելի քան պերճախոս արդյունք չէ: Մինչդեռ, մարզաձեւերի մեջ խտրականությունը բացառելով` հիշեցնենք միայն, որ հունահռոմեկան եւ ազատ ոճային ըմբիշները մեծահասակների աշխարհի առաջնությունից վերադարձան ընդամենը մեկ մեդալով, բայց դա չի փոխում մարզաձեւի կարեւորությունը, եւ բնականաբար ֆինանսավորման վրա ազդել նույնպես չի կարող: Եվ վերջապես, եթե պոտենցյալ ունեցող մարզաձեւի վրա միջոցներ չեն ներդրվում, ի՞նչ արդյունքերի մասին կարելի է խոսել առհասարակ:
Եվ այս վիճակում էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ հայկական սպորտը առաջ շարժվելու փոխարեն դոփում է տեղում եւ նույնիսկ՝ հետ գնում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
