ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ
Արխիվ 12-16ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ

Վեց տարի առաջ դեռեւս չբացահայտված հանգամանքներում սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործով նոր զարգացումներ կան: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` ՊԵՏՐՈՍ ՄՀԵՐՅԱՆԸ՝ հավելելով.
-Դեռ սպասում եմ զարգացումների ընթացքին, նորություններին: Շատ բաներ են բացահայտվել, շատ մարդիկ են հարցաքննվել: Բայց դեռ ոչինչ խոսել չեմ ուզում. ասել են` սպասեմ, չխանգարեմ նախաքննությանը: Ես վստահ եմ, որ այս կառույցը հաստատ կբացահայտի որդուս սպանողին: Իմ կարեւոր պահանջը բացահայտումն է, որովհետեւ կան այնպիսի չարաշահումներ, որ ոչ մի իրավաբան չի կարող հերքել: Այն տեսաերիզում, որը ես տարածել էի, առկա են նյութեր, որոնք սպանության մասով երկու տարբերակ են առաջ քաշում. կա՛մ պատվիրատուները տեսաերիզում առկա պաշտոնատար անձինք են, կա՛մ ինչ-որ բանի դիմաց փորձել են գործը կոծկել: 3-րդ տարբերակ գոյություն չունի: Համենայնդեպս, իմ կարծիքով` աշխատում են եւ պետք է, որ լավ աշխատեն:
- Իսկ կարո՞ղ եք ասել, թե ովքեր են հարցաքննվել:
- Իմ տեղեկություններով՝ մի շարք նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում է նաեւ Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը:
Նշենք, որ վերջերս Գեւորգ Մհերյանի գործով ԱԱԾ-ի մի շարք պաշտոնյաների դեմ քրեական գործ է հարուցվել: Փոխոստիկանապետի հոր խոսքով, սակայն, գործը հարուցվել է լիազորությունները չարաշահելու առթիվ, սակայն դեռեւս ձերբակալվածներ չկան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
