ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՓՈՒԼ
Արխիվ 12-16ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՓՈՒԼ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Իրան կատարած այցից անցել է շուրջ մեկ տարի: Հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: Կողմերը պայմանավորվել էին յուրաքանչյուր տարի ե՛ւ Երեւանում, ե՛ւ Թեհրանում հանդիպել` քննարկելու առկա խնդիրներն ու փորձել դրանց լուծումներ տալ:
Իրանի պաշտոնյայի այցի առաջին օրը երկու երկրների պաշտոնյաներն առանձնազրույց են ունեցել, ապա` պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում, ինչպես նշվում է, քննարկվել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր:
Լրատվամիջոցների հետ հանդիպմանը ԻԻՀ առաջին փոխնախագահը շեշտել է, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման ճանապարհին որեւէ սահմանափակում չկա: Նա նաեւ հավելել է, որ «5+1» բանակցությունների շրջանակում Իրանի ձեռք բերած հաջողությունները նոր եւ դրական պայմաններ են ստեղծում Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաեւ նոր բնագավառներ բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար:
Էսհաղ Ջահանգիրին դրական է գնահատել Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին` նշելով, որ անդամակցումը եւս կարող է տնտեսական նոր հնարավորություններ բացել երկու երկրների տնտեսական հարաբերությունների համար:
Հանդիպման ընթացքում շոշափված կարեւորագույն հարցերից մեկը վերաբերել է էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ծրագրին: Ըստ իրանցի պաշտոնյայի` ծրագրի իրականացման ընթացքում նկատվել են դժվարություններ, սակայն այժմ արդեն պարզ է, որ կարճ ժամանակահատվածում շինարարությունը կհասցվի ավարտին: Էսհաղ Ջահանգիրին նշել է, որ դրան նպաստել է նաեւ Հովիկ Աբրահամյանի այցը Իրան, դրան հաջորդած բանակցություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Իր հերթին Հովիկ Աբրահամյանը նշել է, որ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման շնորհիվ, 2018 թվականից սկսած` հնարավոր կլինի ավելացնել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալը:
Հայաստանի ու Իրանի տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից չափազանց կարեւոր է Երեւանում կայացած գործարար համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի եւ Իրանի 300 գործարարներ: Սա լավ հնարավորություն է միմյանց ու երկու երկրների տնտեսությանը ծանոթանալու առումով: Ե՛վ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ Էսհաղ Ջահանգիրին կարեւորել են այս համաժողովի անցկացումը: Հարկ է նշել, որ հաջորդ գործարար համաժողովը տեղի կունենա Իրանում: Թեեւ ժամկետ չի նշվում, բայց իրանցի պաշտոնյան ասել է, որ հաջորդ համաժողովը կլինի կարճ ժամանակ անց: Էսհաղ Ջահանգիրիի խոսքով` համաժողովը կարող է նպաստել ոչ միայն գործարար աշխարհի ներկայացուցիչների գործունեությանը, այլեւ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների զարգացմանը: Այցի ընթացքում կարեւորվել են ինչպես տնտեսական ու քաղաքական ոլորտների համագործակցությանը վերաբերող հարցեր, այնպես էլ նշվել է, որ անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը նաեւ տուրիզմի, մշակույթի ոլորտներում:
Մեկ տարի առաջ Հովիկ Աբրահամյանի` Իրան կատարած այցի ընթացքում եղած պայմանավորվածությունները կարծես թե տալիս են իրենց արդյունքները: Կարելի է ասել, որ Հայաստանի վարչապետի այցը նոր թափ հաղորդեց երկու երկրների հարաբերություններին:
Հուսանք, որ Իրանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակության այցը եւս նոր թափ կհաղորդի հայ-իրանական հարաբերություններին:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

