«Կուսակցություն հիմնադրելը ոչ թե բարեգործություն է, ինչպես հայտարարվում է, այլ «բարեգործության ավարտ
Արխիվ 12-16«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼԸ ՈՉ ԹԵ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է, ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է, ԱՅԼ «ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ»»
Հոկտեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Ռուսաստանի հայերի միության 15-ամյակին նվիրված միջոցառումը վերածվեց միության նախագահ, ՀՀ ներքաղաքական դաշտում հայտ ներկայացրած Արա Աբրահամյանի մեծարման երեկոյի: Գրեթե բոլոր ելույթներում շեշտադրվեց, թե Ա. Աբրահամյանն ինչ բարեգործական գործունեություն է ծավալել Հայաստանում եւ Արցախում, իսկ վերջինս հիացած նստած էր ու վայելում էր շնորհակալական խոսքերը եւ համագործակցությունը շարունակելու խնդրանքները: Բայց, արի ու տես, որ պարոն Աբրահամյանն այլեւս չի կարող լինել ռուսաստանցի բարեգործ ձյաձյա շատերի համար, քանի որ մտադիր է այլեւս հայաստանյան քաղաքականությամբ զբաղվել, ինչի մասին օրեր առաջ նշել է իր ասուլիսի ժամանակ:
Ինչեւէ, թե ՀՀ սահմանադրական փոփոխությունները որքանո՞վ կարող են խոչընդոտ դառնալ Ռուսաստանի հայերի միության նախագահի համար` ներքաղաքական դաշտում կուսակցություն ղեկավարելու կամ պաշտոն զբաղեցնելու հարցում, «Իրավունքը» հետաքրքրվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՍԴ խորհրդական, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ.
– Սահմանադրական բարեփոխումներն այդ հարցում նոր մոտեցում չեն որդեգրել, իսկ Ձեր նշած հարաբերությունները սպառիչ կարգավորված են գործող օրենսդրությամբ:
«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ մաս. «Կուսակցություն չի կարող ճանաչվել այն միավորումը, որի կանոնադրությունը`
1) թույլատրում է նրանում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաեւ օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների անդամակցությունը...
Նույն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մաս. «Նվիրատվություններ չի թույլատրվում`
1) բարեգործական կամ կրոնական կազմակերպություններից, ինչպես նաեւ դրանց մասնակցությամբ կազմակերպություններից»:
«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13.1. հոդված. «Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի»:
Բարեգործությանն անդրադարձա, որպեսզի ակնհայտ դառնա, որ կուսակցություն հիմնադրելը ոչ թե բարեգործություն է, ինչպես հայտարարվում է, այլ «բարեգործության ավարտ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
