ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻՑ
Արխիվ 12-16ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻՑ
Երկար սպասված ասուլիսի ժամանակ Ռուսաստանի հայերի միության կամ, ինչպես ինքն է սիրում ասել, Համաշխարհային հայերի կոնգրեսի (ՀՀԿ, չշփոթել իշխող կուսակցության հետ) նախագահ Արա Աբրահամյանը ոչ թե առավել շատ հարցերի պատասխաններ տվեց, այլ բազում անպատասխան հարցեր առաջացրեց: Այս ամենից միայն պարզ դարձավ, որ նա պատրաստվում է մասնակցել ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հենց Ա. Աբրահամյանի արտահայտած քաղաքական մտքի «գոհարների» մասին էլ «Իրավունքը» զրուցեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, Արա Աբրահամյանի տեղակալ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
«ԻՆՉ ԿԼԻՆԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ, ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ»
–Պարոն Սարգսյան, Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած Ռուսաստանի հայերի միության նախագահի ասուլիսի ժամանակ, որպես փոխնախագահ, Դուք էիք ներկա: Արդյո՞ք այստեղից կարելի է ենթադրել, որ Ա. Աբրահամյանը խոսելով խորհրդարանական ընտրությունների ժամանակ այլ կուսակցությունների հետ հնարավոր համագործակցության մասին` նկատի ուներ ՀԴԿ-ին:
– Հիմա որեւէ այդպիսի հարցի պատասխան չունեմ, որովհետեւ առաջին հերթին` դեռ պետք է տեսնել, թե մարտ-ապրիլ ամսին, ինչպես Արա Աբրահամյանը հայտարարեց, ինչպիսի որոշում է կայացնելու, ինչպիսի գաղափարախոսություն է լինելու, եւ ինչպիսի ծրագիր է լինելու հիմքում: Ընդամենը կարող եմ ասել, որ երկու օր առաջ կայացել է մեր կուսակցության հանրապետական խորհրդի եւ մտավորականների խորհրդի անդամների հետ հանդիպում, որը շատ լավ տպավորություն է թողել մասնակիցների վրա: Ասեմ, որ բավական մտերմիկ եւ հստակ զրույց էր: Իսկ թե ինչ կլինի ապագայում, դեռ պարզ չէ:
«ՈՐՈՇ ՍՐԱՄԻՏՆԵՐ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ՉԷ»
–Հետաքրքիր է, ժամանակ ունեցե՞լ եք քննարկել Ա. Աբրահամյանի հետ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Ձեր իրարամերժ կարծիքները, որովհետեւ թեպետ Դուք դեմ եք արտահայտվել, սակայն Ռուսաստանի հայերի միության նախագահն իր ասուլիսի ժամանակ ոչ մի «թթու խոսք» չասաց այդ մասին:
– Նորից եմ ուզում շեշտել, որ մեր պայմանավորվածությունը հետեւյալն է` քաղաքական մեր գործունեությունը վարում ենք ինքնուրույն, որքան էլ որոշ սրամիտներ կարծում են, որ այդպես չէ: Մինչդեռ երբեւիցե այդպես չի եղել, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ինքնուրույն չլինի իր քաղաքական գծի վրա: Ինչ վերաբերում է հասարակական կառույցի հետ համագործակցությանը, սա այլ ուղղություն է: Այնպես որ, մենք չենք քննարկում այս հարցը: Օրինակ, նույն սահմանադրական բարեփոխումների հետ կապված նշեմ, որ թեպետ Արա Աբրահամյանը ՀՀ քաղաքացի է, բայց քվեարկությանը չի մասնակցելու եւ սա այլ հարց է: Իսկ ինչ վերաբերում է իր կարծիքին, նա արդեն ասել է, որ ինչպիսին կլինի Սահմանադրությունը, ինքն այդ Սահմանադրությանն էլ կենթարկվի, ուրիշ ոչինչ:
«ԱՅՍՏԵՂ ՊԱՇՏՈՆԻ ԽՆԴԻՐ ՉԷ»
–Իսկ ինչպես ե՞ք Դուք պատկերացնում պարոն Աբրահամյանի մուտքը քաղաքական դաշտ` փոփոխված նոր սահմանադրությամբ:
– Կուսակցություն ստեղծելուն ՀՀ քաղաքացին ի՞նչ արգելք կարող է ունենալ: Արա Աբրահամյանը ՀՀ քաղաքացի է, Հայաստանում ընդունված է երկքաղաքացիության մասին օրենքը, որտե՞ղ է գրված, որ քաղաքացին իրավունք չունի կուսակցություն ղեկավարել կամ ձեւավորել:
– Այսինքն` վստահաբար կարո՞ղ ենք ասել, որ սահմանադրական որեւէ հոդվածի հետ բախում չի լինի` Ռուսաստանում երկար տարիներ ապրող Ա. Աբրահամյանի հայաստանյան ներքաղաքական գործընթացներին մասնակցելու համար:
– Որեւէ սահմանափակում չկա Սահմանադրությամբ: Եթե նկատի ունեք ինչ-որ պաշտոն զբաղեցնելը կամ պատգամավոր դառնալը, այլ խնդիր է: Ա. Աբրահամյանը հստակ հայտարարել է, որ սովոր է աշխատել օրենքին համապատասխան եւ այդպես էլ աշխատելու է:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈ՞ՒՆԸ, ԹԵ՞ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՄԻԱՍԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
–Փաստորեն, հնարավոր է Արա Աբրահամյանը բացի կուսակցություն, բայց ոչ մի պաշտոնի չհավակնի՞:
– Այստեղ պաշտոնի խնդիր չէ, ախր, եկեք հասկանանք, որեւէ մեկն ասուլիսի ժամանակ եւ ասուլիսից հետո ինձ կամ Արա Աբրահամյանին հարց չտվեցին, թե այդ ինչ ծրագիր եք դուք ուզում իրականացնել: Նրա ասած հիմնական, գլխավոր միտքն այն էր, որ ինքն ուզում է տնտեսական ծրագիր իրականացնել, որով կօգնի Հայաստանին այս վիճակից դուրս գալ: Սա է գլխավոր հարցը, իսկ մյուսները երկրորդական խնդիրներ են: Առնվազն 15 տարի նա գործունեություն է ծավալել Հայաստանում տարբեր բարեգործական, հասարակական կազմակերպությունների միջոցով, բայց որեւէ մեկն այս ընթացքում չասաց, թե ինչ իրավունքով եք անում: Հիմա` 15 տարի հետո, մարդն ասում է, որ ունեմ հնարավորություն` տնտեսական ծրագիր իրականացնելու: Եվ եթե իշխանությունը չի ուզում իր հետ միասին այն իրականացնի, ապա պարզ է, որ անձը պետք է ունենա դրա համար առաջին հերթին` այդ ծրագիրը, երկրորդ հերթին` քաղաքական հենարանը եւ երրորդ` մասնագիտական այն խումբը, որը կկարողանա այդ ծրագիրն իրականացնել: Եվ եթե այդպիսի հնարավորություն չի տրվում պաշտոնապես, ապա պարզ է, որ պետք է նա մասնակցի խորհրդարանական ընտրություններին եւ նպատակ դնի, իհարկե, մեծամասնություն ունենալու: Սա սովորական խնդիր է, որը միշտ բոլոր կուսակցություններն ունեցել են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

