Զարմացած
Արխիվ 12-16
Ինչպես հայտնի է, ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԸ մերժեց Շվեյցարիայի հայցն ընդդեմ Հայոց ցեղասպանությունը ժխտող Փերինչեքի, թույլ չտալով Շվեյցարիային այդ լպիրշ թուրքին ենթարկել քրեական պատասխանատվության: Այստեղ կա զարմանալի մի հանգամանք, որ Եվրադատարանը իրեն դրսեւորեց որպես, բառիս բուն իմաստով, գենդեր, մի կողմից պնդելով, որ հարգվում է հայերի իրավունքը` պնդել Ցեղասպանության փաստը, եւ իրավազոր են դրա ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքները, բայց մյուս կողմից` կոնկրետ այս մի թուրքի դեպքում չպետք է կիրառվի քրեական պատասխանատվություն: Զարմանալի է, բայց փաստ է, որ Եվրադատարանի վարքագիծը գործնականում շատ նման է Եվրոպայում այդքան հարգի գեյ-շքերթներին: Ու ընդհանրապես, ինչու պետք է որեւէ մարմին քննի` եղել է Ցեղասպանություն, թե` ոչ: Թերեւս, սա հարմար առիթ է մեկ անգամ եւս մտածել` իսկ արդյոք ժամանակը չէ բերել Ազգային ժողով եւ ապավավերացնել բոլոր այն համաձայնագրերը, որոնցով Հայաստանը ճանաչում է Եվրադատարանի իրավազորությունը: Չէ՞ որ գրեթե ամեն քայլափոխի այդ մարմինը մեզ տհաճ անակնկալներ է մատուցում, մասնավորապես երաշխավորելով Եհովայի վկաների` ե՛ւ զինծառայությունից, ե՛ւ այլընտրանքային ծառայությունից խուսափելու անպատժելիությունը, իսկ հիմա էլ դրան ավելացավ Ցեղասպանություն ժխտողի անպատժելիությունը:
Այն, որ «Ֆեյսբուքը» բավականին ծաղրել եւ բացասական լույսի ներքո է ներկայացրել ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ, զարմանալի չէ: Ախր, իր ասուլիսի ընթացքում այնպիսի քանակով զարմանալի բաներ է ասել, որ չուզես էլ, այդ սոցցանցի տարածքում կմասնակցես ծաղրի արշավին: Օրինակ` ինչ ասես արժի պարոն Աբրահամյանի հետեւյալ պնդումը. «Պուտինը մեր նախագահն ա, ու ինքը միշտ ճիշտ ա... Այո, եթե ես Ռուսաստանում եմ ապրում` ռուս եմ: Ռուս, դա չի նշանակում ինչ-որ ազգություն, դա ոնց որ ամերիկացի: Ես հայ եմ, հպարտանում եմ իմ հայությամբ»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, պարոն Աբրահամյանին մնում է ասել հետեւյալը` եթե Դուք ռուս եք, եւ Ձեր նախագահը Պուտինն է, ապա, գրողը տանի, ի՞նչ գործ ունեք Հայաստանի քաղաքական դաշտում: Զբաղվեք, հարգարժան պարոն, Ձեր քաղաքականությամբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի տարածքում, իսկ մեր քաղաքական դաշտից հեռու մնացեք:
Անշուշտ, զարմանքի անսպառ աղբյուր շարունակում է մնալ ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ: Հաշվի առնելով, որ նա պատգամավոր է եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար, մեր իրավապահները լրջորեն ուսումնասիրում են նրա հայտարարությունը, թե իբր Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին: Բայց զարմանալիորեն, նա հայտարարում է, թե իրավապահների հետ չի համագործակցի, քանի որ չի վստահում նրանց: Այստեղից հետեւություն, որ նրա ասածը պարզապես շատ հեռու է իրականությունից, ու նա ամենեւին էլ նպատակ չունի պայքարել միջպետական մակարդակի «ահավոր հանցագործությունների» դեմ: Մնում է զարմանալ ու զարմանալ, սակայն հետաքրքիր կլինի նայել այդ ձախողակի դեմքին, երբ իրավապահները նրան կներկայացնեն սուտ մատնության մեղադրանք:
Ինչպես հայտնի է, ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ, ով կազմակերպում է օժանդակ օգնություն բանակին եւ մեր հայրենակիցների կողմից գնված հեռադիտակներն ու գիշերային տեսողության սարքերը հասցնում դիրքեր, միաժամանակ նաեւ ոգեւորիչ տեսանյութեր է տարածում մեր զինվորների մարտունակության եւ քաջարիության վերաբերյալ: Բայց արի ու տես, որ ինչ-որ արարածներ նրա վրա մատնագիր են դրել ՊՆ, թե քանի որ ժամանակին ԱՄՆ-ում բանտ է նստել, ապա թող զրկեն դիրքեր այցելելու իրավունքից: Պարզապես ապշեցուցիչ է, թե ինչպես ոմանք փորձում են խանգարել այդ մարդու միանշանակ ազգօգուտ գործունեությանը, եւ զարմանալի է, որ խանգարողների մեջ նաեւ լրագրողներ կան: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, նրանց բոլորին ընդամենը մեկ բան կասեմ` գետինը մտնեք...
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
