ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԵՐԻՍԼԱՄԱԿԱՆ ԵՐԱՆԳՆԵՐԸ
Արխիվ 12-16ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԵՐԻՍԼԱՄԱԿԱՆ ԵՐԱՆԳՆԵՐԸ
Սիրիական քառամյա պատերազմի այս վերջին՝ ռուսների ներգրավվածությամբ փուլն արդեն իսկ կարելի է ասել, որ ընթանում է կանխատեսելի ուղղությամբ: Տեսանելի է այս պատկերը. ռուսներն օդից ակտիվորեն հարվածում են տարաբնույթ ահաբեկչական իսլամիստական խմբավորումների, որին զուգահեռ էլ սիրիական բանակն արդեն գետնի վրա է ակտիվ հարձակողական մարտեր մղում:
ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ
Բայց իհարկե՝ այս տեսանելի պատկերի տողատակերում «մի փոքր» այլ իրավիճակ կարելի է կարդալ: Նախ՝ ՌԴ-ն քանիցս հայտարարել է, որ ցամաքային գործողություններին ռուսական բանակը չի մասնակցի, եւ ակնհայտորեն պատերազմին ռուս զինվորականների լայնամասշտաբ մասնակցության փաստեր չկան: Բայց նաեւ դժվար չէ նկատել, որ ռուս շատ կամավորականներ, այդ թվում՝ ժամանակին Դոնբասում մարտնչած, ներկայումս Սիրիայում են, ու նրանցից ոմանք նույնիսկ պատերազմի ընթացքի մասին ամենօրյա տեղեկություններ են ներկայացնում լրատվամիջոցներով: Դոնբասի հետ սիրիական պատերազմի եւս մեկ նմանության վրա են մշտապես ուշադրություն հրավիրում ռազմական փորձագետները: Խոսքը Սիրիայում ռազմական գործողությունների ընդհանուր ռազմավարության մասին է, որը կարծես թե դոնբասյան ռազմավարության կրկնությունն է. հիմնականում ոչ թե ուղիղ ճակատային, այլ՝ շրջանցիկ հարձակումներ, որից հետո, եթե հակառակորդը չի կարողանում ժամանակին հետ քաշվել, հայտնվում է «պարկերում»: Եթե ավելի մասնագիտորեն նայենք՝ նման գործելաոճը միանգամայն տիպիկ է խորհրդային եւ ռուսական ռազմավարական տրամաբանությանը: Այսինքն՝ կարելի է ենթադրել, թե իրականում սիրիական այս հարձակումները` ե՛ւ մշակումը, ե՛ւ կազմակերպումը, ե՛ւ բուն ընթացքի ուղղորդումը ¥այդ թվում՝ ուղղաթիռային հարվածներով¤ ինչ ծագում ունեն:
Ընդ որում՝ հազիվ թե մնացած ողջ «սեւագործ աշխատանքը» սիրիական բանակի վրա է:
Նկատի ունենք հետեւյալը. թեեւ նախօրեին Սիրիայի տեղեկատվության նախարար Օրման ազ-Զոուբին հայտարարեց, թե սիրիական բանակը ցամաքում միայն իր ուժերով է կռվում, եւ երկրում կան միայն ռազմական խորհրդականներ, սակայն որոշ փաստեր դժվար է չնկատել: Այսպես՝ մոտ մեկ շաբաթ առաջ պաշտոնապես հայտարարվեց Սիրիայում գեներալ Հոսեյն Համեդանիի զոհվելու մասին: Գեներալ Համեդանին իրանական զինուժի հին եւ փորձառու զորահրամանատարներից էր, «Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի» աչքի ընկնող հրամանատարներից մեկը: Բացառապես ռազմավարական բնույթի խորհրդատվությամբ զբաղվելու դեպքում՝ նա պետք է որ գտնվեր Դամասկոսում՝ սիրիական բանակի գլխավոր հրամանատարական կետերում, մինչդեռ գեներալը զոհվեց ռազմաճակատային գիծ հանդիսացող Հալեպում: Միգուցեեւ դա պատահականություն էր, բայց ահա օրերս մոտավորապես նույն հատվածում, այն էլ՝ մարտական գործողությունների ընթացքում զոհվեցին «Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի» եւս երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ գեներալ-մայոր Ֆարշադ Հասունիզադեն եւ գեներալ Համիդ Մոհթարբանդը: Եվ եթե մի քանի օրում զոհվում են իրանցի երեք գեներալներ, տրամաբանությունը հուշում է, որ «Հեղափոխության պաշտպանների կորպուսի» շատ ավելի մեծ թվով բարձրաստիճան սպաներ են գտնվում այդ հատվածում: Իսկ երբ գեներալներն առաջին գծում են, ապա միամտություն կլիներ կարծել, որ այնտեղ նրանց հետ համապատասխան քանակությամբ ավելի ցածրաստիճան զինվորականներ չկան: Նույն կերպ օրերս հայտարարվեց նաեւ Սիրիայում լիբանանյան «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկի զոհվելու մասին, եւ հազիվ թե նա մենակ էր մեկնել մարտադաշտ:
Այսպիսով՝ դժվար չէ նկատել, որ գործում է փաստացի ռուս-իրանա-սիրիական կոալիցիա ¥«Հեզբոլլահի» ներգրավվածությունը պետք է դիտարկել այդ կառույցի Իրանի փաստացի վերահսկողության տակ գտնվելու տեսանկյունից¤, բայց նաեւ, որ այդ մասին բարձրաձայնելը նպատակահարմար չի համարվում: Իմաստն էլ կարելի է կռահել՝ նախ նկատելով, որ կարելի է նկատել այդ կոալիցիայում նաեւ Իրաքի ներգրավվածության հետքեր: Այդ երկրում փոքրամասնություն կազմող ¥մոտ 20-25 տոկոս¤ սուննի-իսլամականությունը Սադամ Հուսեյնի տապալումից հետո իշխանությունը զիջեց շիաներին, եւ պատահական չէր, որ օրակարգից դուրս մղված Սադամի բանակի մնացորդներն այսօր միանալով «Իսլամական պետությանն» ու դառնալով այդ խմբավորման առանցքային ռազմական ուժը, բուն Իրաքում նաեւ կրոնական հեղաշրջում են փորձում իրականացնել: Բացի այդ՝ Սադամի տապալումը միանգամայն ռեալ դարձրեց շիաական Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան չընդհատվող՝ Հնդկական օվկիանոսից Միջերկրական ծով ձգվող առանցքի ձեւավորման հեռանկարները, ինչը լրջագույն ռազմավարական առավելություն է տալիս սուննիական՝ արաբական աշխարհի նկատմամբ: Եվ ահա Ռուսաստանի մասնակցությունը սիրիական պատերազմին միանգամայն օրակարգային է դարձնում այդ առանցքի ստեղծումը: Հենց դրա՝ շիա-սուննիական երանգի ցուցադրումն է, որ հաստատ պետք չէ ՌԴ-ին, ինչից խուսափելու համար մինչ սիրիական կոմպանիան` Մոսկվան ընդգծված ջերմ աշխատանքներ էր իրականացնում գրեթե 100 տոկոսանոց սուննիական Եգիպտոսի ուղղությամբ: Դրանից զատ, թեեւ սուննիական աշխարհը բուռն կերպով ընդունեց Սիրիայում ռուսական ավիահարվածների փաստը, սակայն վերջին օրերին արաբական մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների այցը Մոսկվա հուշում է, որ իրենց եւս առնվազն ձեռնտու չէ, որ պաշտոնական դիրքորոշումների մակարդակ մտնի, թե ՌԴ-ն ու շիաական մահմեդականությունը ռազմական դաշնակից են. դա բավականին կթուլացնի շիաականության դիրքերը:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿՓՈԽԻ ՇԻԱ-ՍՈՒՆՆԻԱԿԱՆ ԲԱԼԱՆՍԸ
Այսպիսով՝ ակնհայտորեն բոլոր կողմերն էլ խուսափում են բարձրաձայն խոսել սիրիական պատերազմի նաեւ ներիսլամական հակամարտության երանգավորում ունենալու մասին: Սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում: Ավելին. շիա-իսլամի առաջնորդի դերը Եգիպտոսից խլած Սաուդյան Արաբիան եւ շրջակա մյուս արաբական նավթային տերությունները, դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից, լուրջ նավթային հակասություններ ունեն ռուսների հետ, եւ ներկայումս էլ դա շատ ընդգծված է դարձել: Գումարած դրան՝ հենց այդ երկրներում են ԱՄՆ-ի ռազմաբազաները, ու արաբական աշխարհը Սիրիային, Իրանին հարվածելով՝ հենց ԱՄՆ-ի ձեռքով էր փորձում ընդգծված առավելության հասնել շիաական աշխարհի նկատմամբ: Արդյունքում՝ տարածաշրջան մտնելու համար ռուսներին այլ տարբերակ պարզապես չէր մնում, քան շիաական ուղղության հետ կոալիցիան՝ անկախ շիա-սուննիական երանգներից: Եվ վերջապես, եթե կա ռուս-իրանական փաստացի կոալիցիան, ապա դրա գործունեության հետեւանքները, անկախ նրանից, թե ով ինչ է խոսում կամ ցանկանում, ազդելու է նաեւ շիա-սուննիական բալանսի վրա: Թե ինչ կերպ, իհարկե կախված է սիրիական պատերազմի հետագա ընթացքից:
Ներկայումս սիրիական բանակը կենտրոնացել է մայրաքաղաք Դամասկոսի եւ մի շարք այլ առանցքային քաղաքների, այդ թվում՝ Հալեպի ամբողջական ազատագրման վրա: Քաղաքային մարտերը միշտ էլ բավականին ծանր են, եւ այս դեպքն էլ բացառություն չէ, թեեւ սիրիական ուժերի հաջողությունները բավականին ակնառու են: Զուգահեռաբար եւ էլի բավականին հաջող ընթանում են նաեւ Սիրիայի սահմանները վերահսկողության տակ վերցնելու օպերացիաները: Կմնա հիմնականում անապատային գոտին, իսկ բաց անապատներում ավիացիան արագ կլուծի պատերազմի ելքը: Կկարողանա՞ ԱՄՆ-ը ինչ-որ կերպ ազդել այս ընթացքի վրա: Տարբերակ կարող է լինել պատերազմում Թուրքիայի ներգրավումը, սակայն Էրդողանն այն վիճակում չէ, որ արտաքին պատերազմների մասին մտածի, այն էլ, երբ դրա մասնակիցներից են ռուսներն ու պարսիկները: Այս օրերին նաեւ քրդերին ակտիվացնելու որոշ դրվագներ նկատվեց: Եվ քրդերը, ճիշտ է՝ ակտիվացել են, բայց ընդամենը ԻՊ-ի հետ պատերազմելու ուղղությամբ՝ գերադասելով աշխարհաքաղաքական պայքարում հնարավորինս չեզոք մնալ. շատ հեշտ է այս խառն իրավիճակում ոտնատակ գնալը: Դրանից զատ՝ Սաուդյան Արաբիան վերջին ժամանակներս Եմենում է պատերազմում շիաների դեմ, եւ դրա ընթացքը հուշեց, որ թեեւ ռազմական մեծ ծախսերին՝ սաուդներն այն լուրջ ուժը չեն, որ ոչ թե ռուսների, այլ անգամ Իրանի հետ ոտք մեկնեն: Եվ ահա նախօրեին Վաշինգտոնը նույնիսկ հրաժարվեց Սիրիայի հարցով ռուսական պատվիրակությանն ընդունել, իսկ դա ավելի շուտ սկսում է նմանվել նյարդային ցնցման:
Այսինքն՝ Սիրիայում պատերազմի ելքի հետ կապված` էական անակնկալներ տեսանելի չեն: Բայց դեռ Իրաքում ԻՊ-ի դիրքերի հետ կապված` որոշակի հարցականներ մնում են:
Եվ վերջում չմոռանանք, որ շիաական, ավելի կոնկրետ՝ իրանական գործոնի դիրքերի ամրապնդումը Մերձավոր Արեւելքում Հայաստանի համար եւս լավագույն տարբերակն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

