ԴԱՀԿ-Ն ՉՈՒՆԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արխիվ 12-16ԴԱՀԿ-Ն ՉՈՒՆԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն օրեր առաջ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին հարց էր ուղղել վարկ վերցնողների իրավունքների պաշտպանության մասին: Բանն այն է, որ հազարավոր հայ ընտանիքներ կորցնում են իրենց բնակարանը` վերջին կացարանը, հայտնվում փողոցում վարկերը մարել չկարողանալու պատճառով: Հայկ Բաբուխանյանի հնչեցրած այս մտահոգությունից պարզ դարձավ, որ Կենտրոնական Բանկը չի հաշվառում, թե որքան բնակարան է անցել բանկային համակարգին, քաղաքացիներից եւ այդ բնակարաններից քանիսն էին, որ մեր քաղաքացիների վերջին կացարաններին էին:
Քանի որ անշարժ եւ շարժական գույքի բռնագանձման գործընթացն իրականացնում է ԴԱՀԿ-ը, «Իրավունքը» խնդրեց ԴԱՀԿ-ից տեղեկատվություն այն մասին, թե 2014-2015 թթ-ին բանկերի կողմից քաղաքացիների քանի եւ ինչպիսի անշարժ եւ շարժական գույք է խլվել վարկերը չմարելու պատճառով: Ի պատասխան մեզ տեղեկացրին, որ Դատական հարկադիր կատարման ծառայությունը որևէ պարտապանից անշարժ կամ շարժական գույք չի «խլում», այլ կատարում է օրենքով սահմանված իր պարտականությունները: Ինչ վերաբերում է 2014-2015թթ. վարկերը չմարելու պատճառով Հարկադիր կատարման ծառայության կողմից անշարժ և շարժական գույքի բռնագանձում տարածելուն, ապա հայտնում ենք, որ Ծառայությունը նման վիճակագրություն չի վարում:
Սակայն վիճակագրական որոշակի պատկեր կարելի է ստանալ բռնագանձված անշարժ եւ շարժական գույքի աճուրդներից: Իսկ թե պատկերն ինչպիսին է, «Իրավունքը» կներկայացնի առաջիկայում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
