Բուլղարահայ համայնքում ամուսնությունների 70%-ը խառն են
Արխիվ 12-16
Բուլղարահայ համայնքում ամուսնությունների 70%-ը խառն են
Բուլղարիայի հայ համայնքի կացության մասին զրուցեցինք Սոֆիայում «Ստեփանոս Հովհակիմյան» հայկական կրթական ընկերության փոխնախագահ, հայոց լեզվի ուսուցիչ Գոհար Խնկանոսյանի հետ:
-Գոհար, կպատմե՞ք Բուլղարիայի հայ համայնքի մասին:
- Հայերը սկսում եմ հաստատվել ներկա Բուլղարիայի տարածքում դեռեւս 6-7 րդ դարերից: Երբ Բուլղարիան ազատագրվում է 1878 թվ.-ին, մի շարք բուլղարական քաղաքներում գործում էին հայ փոքրաքանակ համայնքներ, որոնք ունեին եկեղեցիներին կից դպրոցներ: 1895-1897 թթ. Համիդյան ջարդերի ժամանակ բազմաթիվ հայ փախստականներ շատ թշվառ վիճակում գալիս են Բուլղարիա, որոնց մասին հայտնի բուլղարացի բանաստեղծը Պեյյո Յավորովը գրում է «Հայեր» բանաստեղծությունը:
Այնուհետեւ 1922 թվ.-ին մոտ 20 հազար հայ փախստականներ գալիս են Բուլղարիա, որն այդ ժամանակ շատ թուլացած էր բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմներից հետո, սակայն ընդունում է փախստականներին, որոնք կամաց-կամաց ոտքի են կանգնում: Այնուհետեւ լինում են հայրենադարձական շարժումներ, եւ Բուլղարիայի հայ համայնքից Հայաստան վերադարձողներ են լինում: Եւ վերջին ալիքը՝ 1990-ական թվականներին եկածներն են:
Հայերը միշտ բնակվել են մեծ քաղաքներում: Ժամանակակից հայ համայնքը կազմում է մոտ 30 հազար հայ: Թվով գերակշռում է Պլովդիվը: Սոֆիայում, Վառնայում, Բուրգասում, Ռուսսեյում, Շումենում, Դոբրիչում, Սիլիստրայում, Պազարջիկում եւ այլ քաղաքներում նույնպես հայ համայնքներ են գործում:
- Ինչպիսի՞ն է ժամանակակից հայ համայնքի հոգեւոր-մշակութային կյանքը:
- Ի սկզբանե, հայերը ձգտել են համայնքային մշակութային կյանքի: Գործել են թատերախմբեր, նվագախմբեր, հրատարակվել են բազմաթիվ գրքեր հայերենով, թերթեր... Բուլղարիայում գործում են մի շարք հայկական եկեղեցիներ: 1640-ական թվ.-երին Սոֆիայի կենտրոնում կառուցվում է հայկական եկեղեցին, որը քանդվում է 1930-ականներին ՝ կապված մայրաքաղաքաղաքի վերակառուցման հետ: Ճիշտ է, 1936-ից Սոֆիայում գործում է Հայոց ազգային տունը. 3 հարկանի շենք. 1-ին հարկում աղոթատունն է, 2-րդ-ում՝ սկզբում գործել է դպրոցը, ապա վերափոխվել է դահլիճի ու ընդարձակ սրճարանի, իսկ 3-րդը՝ հատկացված էր քահանայի եւ ուսուցիչների բնակարանների համար, այժմ էլ թերթի խմբագրություն է, կազմակերպությունների գրասենյակներ և Հայ առաքելական եկեղեցու բուլղարական թեմի առաջնորդի բնակարանն է: Սոֆիայում այժմ կառուցվում է առանձին եկեղեցի:
Պլովդիվ, Դոբրիչ, Վառնա, Բուրգաս քաղաքների հայկական եկեղեցիներն էլ 100 տարուց ավել պատմություն ունեն: Սիլիստրա քաղաքում առաջին աղոթատեղին հիմնվել է 1620 թ.:
Սոֆիայում 1944 թվ.-ից տպագրվում է «Երեւան» թերթը , Պլովդիվում 1990-ական թվ.-երից «ԱՍՕԿ» հայկական միության «Վահան» թերթը, Բուրգաս քաղաքում մոտ 10 տարի Գեւորգ Սարաֆյանը հրատարակում էր «Արմենցի» թերթը, որի մեջ 1 էջ միշտ նվիրված էր ցեղասպանությանը, եւ վերջին տարիներին Պլովդիվի Հայ բարեգործական ընդհանուր միության մասնաճուղը տպագրում է իր թերթը՝ «Բարեգործականի ձայն»: Բոլոր թերթերը երկլեզու են, եւ հայերեն հոդվածներն ավելի քիչ են՝ կապված լեզվի խնդրի հետ:
Բուլղարիայում լույս են տեսնում նաեւ բավական թվով հայկական թեմատիկայով գրքեր՝ բուլղարերեն: Հայ գրականության որոշ նմուշներ նույնպես թարգմանված են բուլղարերեն՝ «Սասունցի Դավիթը», Գեւորգ Էմինի ստեղծագործություններից, Նահապետ Քուչակ, Հովհաննես Շիրազ ,Ամիրդովլաթ Ամասիացի եւ այլն:
- Իսկ ինչպե՞ս է լուծվում հայոց լեզվի եւ հայապահպանության խնդիրը:
- Այսօր Պլովդիվի և Սոֆիայի պետական դպրոցներում դասավանդվում է հայերեն՝ որպես ազատ ընտրվող առարկա, որն արտադասարանային առարկա է, դասավանդվում է շաբաթական 4 ժամ ՝ համապատասխան երեխաների քանակի առկայության դեպքում: Համարյա բոլոր քաղաքներում գործում են շաբաթնօրյա մանկապարտեզներ: Հայկական ընկերությունների ջանքերով բազմաթիվ քաղաքների հայկական ակումբներում, եկեղեցիներին կից անցկացվում են շաբաթօրյա հայոց լեզվի դասընթացներ դպրոցականների եւ մեծահասակների համար: Հայաշատ համայնքներում գործում են սիրողական թատերախմբեր, պարախմբեր, երգչախմբեր: Բուլղարահայերը նշում են բոլոր հայկական ազգային տոները՝ կազմակերպելով տարատեսակ միջոցառումներ:
1995 թվ.-ին Սոֆիայի պետական համալսարանում հիմնվել է հայկական բանասիրության բաժինը դասական եւ նոր լեզուների ֆակուլտետում: 2011թվ.-ից բաժինը վերանվանվել է Հայագիտության եւ կովկասագիտության բաժին, որտեղ սովորում են նաեւ մի քիչ Վրաստանի եւ Ադրբեջանի մասին, բայց որպես հիմնական լեզու դասավանդվում է հայերենը: Այդ բաժնի բացման նախաձեռնողներից էր պրոֆ. Սարգիս Սարգսյանը, որը բուլղարերեն «Հայ քաղաքակրթություն» գրքի հեղինակն է:
- Ինչպիսի՞ն են այսօրվա հայ համայնքի խնդիրները:
- Հայ համայնքն ինքն իրենով հարուստ չէ: Ամեն կազմակերպություն իր անդամավճարներով կամ հովանավորներով է գոյատեւում: Խորհրդային տարիներին՝ 1944-1990 թթ., գործում էր «Երեւան» միությունը, որն հովանավորվում էր պետության կողմից: Այժմ այլեւս գումարներ չեն հատկացվում: Ամեն մի կազմակերպություն իր գործունեության շրջանակներում կազմակերպում է հայապահպանական միջոցառումներ, քանի որ այսօր հիմնական խնդիրը հայերի կողմից լեզվի մոռացությունն է եւ շատ քիչ թվով հայեր են կարողանում հայերեն կարդալ: Կա նաեւ ձուլման խնդիրը. այսօր ամուսնությունների 70%-ը խառը ամուսնություններ են: Հաղթահարելով դժվարությունները՝ համայնքը պահում է կապը մայր հայրենիքի հետ: Բուլղարահայ երեխաների համար այցելությունը Հայաստան մեծ իրադարձություն է, որն ոգեշնչում է, արթնացնում է հայ արմատներն եւ հետաքրքրությունները հայկականի հանդեպ: Հույսով եմ, որ մոտակա տարիներին ֆինանսական խնդիրները կհաղթահարվեն և Հայաստան այցելելու առիթներն ու հնարավորությունները կբազմապատկվեն:
- Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Բուլղարիայի խորհրդարանն ընդունեց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, սակայն «գենոցիդ» տերմինը փոխարինված է «զանգվածային սպանություններով»: Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Դա իմաստով նույնն է՝ ուղղակի բուլղարերեն լեզվով, իսկ գենոցիդը՝ միջազգային տերմին է: Պետք չէ մոռանալ, որ Բուլղարիան, չնայած իր լավ համբավ ունեցող հայ համայնքին, Թուրքիայի հարեւան պետությունն է: Ճիշտ է, վերջին շրջանում ծագումով 3 հայ պատգամավոր ունեինք, որոնք ամեն տարի փորձում էին ցեղասպանության հետ կապված բանաձեւեր դնել, հարցեր բարձրացնել: Բուլղարիայի հայ համայնքը բոլոր քաղաքներում ամեն տարի նշում է այդ օրը: Համարյա բոլոր քաղաքներում եկեղեցիներին կից կա ցեղասպանությանը նվիրված հուշարձան, որտեղ հավաքվում է հայ համայնքը: Անցյալ տարի մայրաքաղաքում կազմակերպվել է ավտոերթ: 100-ամյա տարելիցի կապակցությամբ բոլոր քաղաքներում կազմակերպվել են և շարունակվում են ձեռնարկվել տարբեր միջոցառումներ:
Հ.Գ. Գոհար Խնկանոսյանը ասպիրատն է եւ ուսումնասիրում է Բուլղարիայի հայ համայնքի պատմությունը: Մեր զրույցի ընթացքում նա պատմեց, որ իր ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերել է , որ 1885 թվ.-ին, իսկ այնուհետեւ 1896- 1911 թթ. Բուլղարիայում լույս է տեսել «Իրավունք» ազգային-քաղաքամշակութային պարբերականը:
Զրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

