ԼԵՀ ՀԱՅԱԳԵՏ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ ՉԷ»
Արխիվ 12-16ԼԵՀ ՀԱՅԱԳԵՏ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ
ԼՈՒԾՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ ՉԷ»
Լեհ հայագետ, հետազոտող Զբիգնեւ Շմուրլոն այսօր մասնակցում էր Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովին: «Իրավունքը» պրն Շմուրլոյից պարզեց` Հայոց ցեղասպանության փոխհատուցման խնդիրներն ինչպես պիտի լուծվեն: «Դրանք նուրբ հարցեր են, քանի որ կան լեհական շրջաններ, որոնք նախկինում պատկանել են Լեհաստանին, այսօր` ոչ: Կարծում եմ` տարածքային փոխհատուցման խնդրի մասին բարձրաձայնելն այս դեպքում հայկական մտածողություն է: Առաջ քաշել սահմանների եւ տարածքների խնդիր, վտանգավոր է: Եվ դեռ հարց է, վատ կլինի, թե լավ: Տեսեք ինչ եղավ եւ ինչ է լինում Ուկրաինայում»,- ասաց պրն Շմուրլոն:
Հետազոտողը կարծում է, որ առաջին քայլը պետք է լինի բարոյական ճանաչումը, ապա դիվանագիտական զգույշ քայլերով շարժվել առաջ, մտածել` ինչը կարելի է վերցնել:
«Օրինակ Արեւմտյան Հայաստանը»,- հակադարձեցինք հայագետին:
«Դա հեշտ է ասելը: Բայց դա բարդ խնդիր է, այնտեղ բնակվող միլինավոր բնակիչների հարց էլ կա: Տեսեք` ինչ է կատարվում քրդերի հետ: Ես, իհարկե, չեմ կարող հայերի փոխարեն որոշել»,- ասաց մեր զրուցակիցը:
Լեհ հետազոտողը կարծում է, որ Հայոց ցեղասպանության խնդրի լուծումը միայն հայերից կախված չէ. «Բարոյական ճանաչումից հետո կարելի է փոքր քայլերով առաջ գնալ, բայց ինչպես` չգիտեմ: Դա կախված է ոչ միայն միջազգային հանրությունից, այլեւ Հայաստանի հարեւաններից»:
Ինչ վերաբերում է թուրքական ժխտողականությանը, Զբիգնեւ Շմուրլոն այդ մասին բազմիցս գրել է իր հոդվածներում, որի պատճառով չի կարողանում ազատ տեղաշարժվել Թուրքիայում: «Հայոց ցեղասպանության չճանաչումն ամենամեծ սխալն է Թուրքիայի կողմից: Թուրքական հանրությունը պատրաստ չէ դրան, կառավարությունը` եւս»,- եզրափակեց պրն Շմուրլոն:
Ի դեպ, պրն Շմուրլոն ասաց, որ Հայաստանի կառավարությունը քիչ է աջակցում օտարազգի հայագետներին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk