ՕԵԿ-Ը ԿՐԿԻՆ ՄԵՐԺՎԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Արխիվ 12-16ՕԵԿ-Ը ԿՐԿԻՆ ՄԵՐԺՎԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Այսօր կառավարության նիստի ժամանակ օրակարգի 5-րդ հարցով գործադիրը բացասական եզրակացություն տվեց ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Լեւոն Դոխոլյանի կողմից ներկայացված «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, պատգամավորներն այս նախագծով առաջարկել են մի շարք փոփոխություններ, ըստ որի, ՀՀ օրենքի որոշ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար մինչեւ 2015 թվականի հունվարի 9-ը կայացրած վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը առանց լրացուցիչ պարտավորությունների՝ օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետում վճարելու արտոնությունը առաջարկվում էր երկարացնել եւս 6 ամսով: Մինչդեռ կառավարությունն այս հարցում պատրաստվում է ավելի առաջ գնալ ու հասնել նրան, որ վերոնշյալ տուգանքները փոխարինվեն նախազգուշացումներով: Այս մասին ՀՀ կառավարության տված եզրակացության մեջ մասնավորապես ասված է. «Գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կլինի չեզոք, իսկ եկամուտների վրա կարող է լինել բացասական, քանի որ կնվազեն օրենքով նախատեսված դեպքերում լրացուցիչ տուգանքների տեսքով ՀՀ պետական բյուջե գանձվող գումարների չափը: Միաժամանակ, ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել, համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
