«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՈՒՐՋ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՎՐԱ»
Արխիվ 12-16«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՈՒՐՋ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՎՐԱ»
Չորս օր առաջ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մահապարտ ահաբեկչի կողմից ռումբ պայթեցվեց, ինչի հետեւանքով 100-ից ավելի մարդ զոհվեց: Սակայն, սա ոչ թե սթափեցրեց թուրք-քրդական հակամարտ ուժերին, այլ ավելի սրեց ներքաղաքական իրավիճակը: Ավելին` Թուրքիայում որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ռազմական առճակատման հետեւանքներն առավել ողբերգական են դառնում հենց այս պետության համար: Ի վերջո, ուզենք, թե չուզենք, Թուրքիան մեր հարեւանն է, ու նրանից կոնկրետ պահանջներ ունենք, ուստի` այնտեղ տիրող իրավիճակին ուշիուշով հետեւել է պետք: Իսկ թե ինչի կհանգեցնի այս ամենը, «Իրավունքը» «կլոր սեղան» ձեւաչափով հետաքրքրվեց խնդրին քաջածանոթ գործիչներից:
«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ»
Նախ անդրադառնալով Անկարայում տեղի ունեցած խոշոր պայթյունին` թուրքագետ ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ նշեց. «Անկարայում տեղի ունեցած պայթյունի պատճառով Թուրքիայում լարվածությունը եւ ներքին ճգնաժամն էլ ավելի կխորանա: Ինչ վերաբերում է թուրք-քրդական հարաբերություններին եւ անկարա-քրդական ուժեր գործընթացին, պետք է ասեմ, որ այս համատեքստում չնայած հոկտեմբերի 10-ին Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) հայտարարեց միակողմանի հրադադարի մասին` ակնկալելով, որ թուրքական պետությունն իր հերթին նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններից առաջ կգնա նման քայլի, բայց չեղավ այդպես: Թուրքական բանակը բավականին ինտենսիվ շարունակում է Թուրքիայի հարավ-արեւելքում եւ Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունները: Կարծում եմ` այս միտումը կպահպանվի այնքան ժամանակ, մինչեւ պաշտոնական Անկարան փորձի ցույց տալ, որ այլեւս վերջ` սպառված է համարում ՔԲԿ-ի ներկայությունը: Համենայն դեպս, գոնե թուրքական հասարակության աչքին ներկայացնելով, որ այլեւս չկա ՔԲԿ-ի վտանգը»: Ապա հավելեց. «Եվ թեպետ Անկարայի իշխանությունները, պայթյունի հետ կապված, հիմնական սլաքն ուղղել են դեպի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, բայց այդուհանդերձ օրերս Դավութօղլուի թուրքական ՆՏՎ-ին տված հարցազրույցը բավական հետաքրքիր էր, որտեղ նա չէր բացառում Անկարայի դերակատարությունը: Մյուս կողմից` իշխանական, այսպես ասած, ոչ պաշտոնական խոսափողը համարվող լրագրողներից մեկը, որը ներկայացնում է իշխանության մոտեցումները, գրել էր, որ Թուրքիայում այս օրերին երեք խոշոր ահաբեկչություն է կատարվել` Քրդական բանվորական կուսակցության եւ «Հեղափոխական ժողովրդական ազատագրություն» կուսակցության կողմից նախապատրաստված: Այսինքն` սրանով ցույց է տալիս, որ ահաբեկչության վտանգը նաեւ Քրդական աշխատավորական կուսակցության` PKK-ի կողմից, դեռեւս ակտուալ է, եւ թուրքական բանակը լայնամասշտաբ գործողություններ է իրականացնելու»:
«ԹՈՒՐՔԻԱՆ ՍՏԻՊՎԱԾ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ԶԲԱՂՎԵԼ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ»
Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նույնպես համոզված է, որ այն, ինչ տեղի ունեցավ Անկարայի հրապարակում, միանշանակ, լարվածության նոր ալիք է բարձրացնելու հենց Թուրքիայի ներսում, եւ այն պայմանավորված է լինելու երկու գործոնով.«Առաջինը հենց թուրք-քրդական հակամարտության եւ երկրորդ` սպասվող խորհրդարանական ընտրությունների գործոնով, ինչը ընդհանուր առմամբ քաղաքական ապակայունացված իրավիճակ է ենթադրում Թուրքիայի ներսում: Եվ դրա հաղթահարման համար Թուրքիայի կառավարությունը ստիպված է լինելու ավելի շատ զբաղվել ներքաղաքական, քան արտաքին քաղաքական խնդիրներով: Իհարկե, այդ ժամանակահատվածում փաստացի գործողությունների արագության հնարավորություն է ընձեռվելու Սիրիայում եւ Իրաքում` թրքական շահի դեմ: Ու, ըստ էության, այն ապակայունացումը, որ սպասվում է Թուրքիայում, վերջին հաշվով դառնալու է այդ երկրի արտաքին ազդեցության սահմանների մգացման պատճառ»: Ինչ վերաբերում է քաղաքական մասով քրդական գործոնին, պարոն Լ. Հովսեփյանն ընդգծեց. «Դեռեւս անորոշ է, թե արդյոք ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը նախորդ ընտրությունների արդյունքներով 13 տոկոս քվե է ապահովել, այս ընտրություններին ինչպիսի ձայներ կապահովի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ պայմաններում, ինչպես Թուրքիան կգնա ընտրությունների: Չէ՞ որ իրավիճակը բավական լարված է, եւ իշխանությունները կարող են օգտվել այդ հանգամանքից` ընտրական գործընթացներին միջամտելու առումով` ընդհուպ ընտրությունների հետաձգում` ահաբեկչության սպառնալիքի հիմնավորմամբ: Այսպիսին է իրավիճակը, եւ այս լարվածությունը դեռ երկար կպահպանվի նաեւ քրդական գործոնի մասով, ու թուրքական բանակը կշարունակի գործողությունները տարբեր շրջաններում` այդ թվում նաեւ Իրաքի հյուսիսում»:
ՉԵԶՈՔԱՑՎԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՔՐԴԵՐԻ ՀԵՏ
Ամփոփելով թեման` քաղաքագետ Մելիք-Շահնազարյանը շեշտեց. «Թուրքիայի ներսում տիրող իրավիճակը լուրջ ազդեցություն է ունենալու տարածաշրջանի վրա: Եվ սա պայմանավորված է լինելու այն հանգամանքով, թե որքանով Թուրքիան ներպետական բախումների պատճառով ունակ կլինի ակտիվ աշխատել իր հարակից տարածաշրջաններում, հատկապես Սիրիայում, Իրաքում, որտեղ, ըստ էության, նույնպես Թուրքիայի հակամարտությունը հիմնականում քրդերի դեմ է: Այսինքն` սպասվում են թուրք-քրդական բախումներ, որոնք, եթե նախկինում սահմաններից դուրս էին, ապա այսօր նաեւ Թուրքիայի տարածքում են շարունակվում: Ըստ էության, Թուրքիայի հակաքրդական քաղաքականությունը չեզոքացրել է երկրի ներսում երեք տարի առաջ ձեռք բերված հրադադարի պայմանագիրը քրդերի հետ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
