ԱՄԵՆ ԻՆՉ «ՓԱՅԼՈՒՆ ԷՐ», ԽԱՂ ԾԱԽԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԷԼ ԳՈՒՄԱՐՎԵՑ
Արխիվ 12-16ԱՄԵՆ ԻՆՉ «ՓԱՅԼՈՒՆ ԷՐ», ԽԱՂ ԾԱԽԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԷԼ ԳՈՒՄԱՐՎԵՑ
Արդեն անգամ բարոյական հաղթանակների համը մոռացած ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հայտնվել է «հակամարզական» տհաճ իրավիճակում: Բանն այն է, որ Հայաստան-Ալբանիա Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին հանդիպումից հետո ոչ միայն Հայաստանում կրքերը չեն հանդարտվում, այլեւ, ինչպես պարզվում է, նաեւ Սերբիայում, որի հավաքականը Հայաստան-Ալբանիա խաղից հետո փաստի առաջ կանգնեց:
Ինչպես հայտնի է՝ ալբանական եւ սերբական մամուլը մեկը մյուսին հղում տալով` հայտնում են, որ ալբանացիները հայերին երկու միլիոն դոլար են վճարել հաղթանակի համար: Մասնավորապես, լուրը տարածել է ալբանական opozita.com կայքը` հղում անելով սերբական telegraf.rs կայքին: Միեւնույն ժամանակ, telegraf.rs կայքը լուրը հայտնել է` հղում անելով opozita.com-ին:
Խաղն իրոք ծախվա՞ծ է եղել. դա, թերեւս, արդեն գրեթե անհնար է ապացուցել: Սակայն այս աղմուկից զգացվում է, որ անգամ սերբերն են ապշել Հայաստանի հավաքականի այդօրինակ անատամ խաղից: Իհարկե՝ «մխիթարում է» այն հանգամանքը, որ Հայաստանից դուրս էլ մեր ընտրանու մասին կարծիքը շատ ավելին էր ենթադրում, քան այն, ինչ տեսանք խաղադաշտում: Մյուս կողմից էլ` ակնհայտ է, որ սերբերը, մեղմ ասած, չեն կարողանում մարսել, որ իրենք էլ Հայաստանի հավաքականի նման չեն նվաճել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ ահա իրենց ոչ միայն մարզական հակառակորդ ալբանացիները, ունենալով շատ համեստ կազմ, ողջ մրցաշարի ընթացքում, գերբնական կամքի ուժ դրսեւորելով, կարողացան նվաճել բաղձալի ուղեգիրը:
Այսպիսով՝ մեր ընտրանին խաղը ծախե՞լ է. միգուցե, բայց հնարավոր է, որ՝ ոչ: Համենայնդեպս, այդ լուրը շրջանառության մեջ դրած կայքերը հազիվ թե լուրջ փաստեր ունենային. հակառակ դեպքում ոչ թե մեկը մյուսի վրա հիմնվելով լուրը կտարածեին, այլ կոնկրետ փաստեր կմատնանշեին: Այսինքն՝ ավելի նման է, որ սերբերը նեղսրտել եւ այդ կերպ են արդարացրել մրցաշարից իրենց դուրս մնալը՝ մի կողմ թողնելով, որ ուղեգիրը որոշվում էր ոչ թե այդ միակ խաղով, այլ՝ բոլոր խաղերի արդյունքում: Բայց նաեւ՝ նման տեղեկատվությունը անհետեւանք մնալ չի կարող. ՈՒԵՖԱ-ն, ըստ երեւույթին, հետաքննություն կանցկացնի` իրողությունը պարզելու համար, եւ եթե պարզվեց, որ սա էլ այն դեպքերից է, որ առանց կրակ ծուխ չի լինում, որակազրկումից, եւ խոշոր տուգանքից մեր հավաքականին եւ ֆեդերացիային խուսափել չի հաջողվի:
Եվս մեկ ուշագրավ փաստ. ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեռ այս մեղադրանքներին որեւէ կերպ չի պատասխանել: Իսկ դա տարօրինակ է նրանով, որ պարոն Հայրապետյանն իրեն պաշտպանելու համար երբեք աչքի չի ընկել զուսպ վարվեցողությամբ եւ սակավախոսությամբ: Ի՞նչ է այս լռության հետեւում թաքնված, ցույց կտա իրադարձությունների հետագա ընթացքը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
