ՀԱՅ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳԸ` ԱՌԱՆՑ ԿԼԿԼՈՑՆԵՐԻ ՈՒ ՔՐԴԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐԻ
Արխիվ 12-16ՀԱՅ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳԸ` ԱՌԱՆՑ ԿԼԿԼՈՑՆԵՐԻ ՈՒ ՔՐԴԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐԻ
Ազգագրական երգիչ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆՆ ու ամերիկաբնակ հայ երգիչ ՎԱՀԵ ՏԵՐ-ՆԵՐՍԻՍՅԱՆՆ ունկնդրին ներկայացրին իրենց առաջին համագործակցության արդյունքում ծնված` «Կարոտի կանչով» զուգերգի տեսահոլովակը, որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Մուրադ Մշեցին է, ռեժիսորը` Քոնրի Դավուդյանը: Տեսահոլովակում երգիչներին միավորել է Էրգրի` թեւեր առած կարոտի կանչը: «Իրավունքի» հետ զրույցում Դ. Հակոբյանը նշեց, որ այս համագործակցությունն ունի մեկ նպատակ` Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայությանը ներկայացնել հայ ազգագրական երգը` առանց կլկլոցների ու քրդական մոտիվների. «Վահեի հետ առաջիկայում եւս կհամագործակցենք, որի արդյունքում կլինեն նոր երգեր եւ տեսահոլովակներ: Կարծում եմ, այս համագործակցությունը եւս կստացվի, քանի որ Վահեն տաղանդավոր երգիչ է, ով Ամերիկայում, մասնավորապես` Լոս Անջելեսում ունեցել է բազմաթիվ համերգներ, ունի հանդիսատեսի մեծ բանակ եւ սիրված է նրա կողմից»:
Անդրադառնալով ազգագրական երգի արդի խնդիրներին, երգիչը փաստեց. «Այսօր ազգագրական երգը մեծ տարածում ունի, ինչն արդեն առաջընթաց է: Այս հարցում մեծ ներդրում ունեն հենց երիտասարդ կատարողները, որոնք ավագ սերնդից վերցնելով երգերը` փոխանցում են մատաղ սերնդին: Ուրախալի է նաեւ այն փաստը, որ ազգագրական երգը հնչում է հարսանիքներում, ինչպես հնում: Աստիճանաբար տարբեր տեսակի կլկլոցները հետ են մղվում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Էրգրի կարոտի կանչը Դավիթին երկու անգամ տարել է պապերի հայրենիք, որտեղ եւս ներկայացրել է ազգագրական երգը. «Երգելու շնորհը եւ հայրենասիրությունն ինձ փոխանցվել է վաղամեռիկ հայրիկիցս` գեղանկարիչ Ռաֆիկ Հակոբյանից, ով կորուսյալ հայրենիքը եւ հայրենասիրությունն արտահայտում էր իր կտավներում»,- շեշտեց Դավիթն ու հավելեց, որ առաջիկայում ելույթներով հանդես կգա Ֆրանսիայում, Կանադայում եւ մի շարք այլ երկրներում, որտեղ կրկին կներկայացնի հայ ազգագրական երգը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԿԱՆԹԵՂԻ» ԱՐԺԱՆԱՑԱՆ ՉՈՐՍ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ

Թարգմանչաց տոնին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը կայացավ Գրողների միության «Կանթեղ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ: Այս մասին ՀՀ գրողների միության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ ասաց. «Սովետական տարիներին Գրողների միությունը գրական միջավայրում Թարգմանչաց տոն հիմնեց` զուտ գրական, թարգմանական գործին լավագույնս ծառայողներին մրցանակներ հանձնելու համար: Մենք հիշում ենք` 80-ական թվականների սկզբից այդ տոնը նշվում էր փառավորապես, եւ այս ավանդույթը շարունակվում է հիմա: 10 տարուց ի վեր մեր` ՀՀ գրողների միությունը Առաքելական Սուրբ եկեղեցու Վեհափառ հայրապետի աջակցությամբ հիմնել է «Կանթեղ» մրցանակ, եւ մենք համատեղ ամեն տարի այդ մրցանակին ենք արժանացնում հայերենից այլ լեզուներ եւ այլ լեզուներից հայերեն թարգմանող մեր լավագույն թարգմանիչներին: Եվ այս ընթացքում ականատես ենք լինում նոր, հետաքրքիր գրքերի եւ վաստակ ունեցող թարգմանիչների շարունակական գործին ու մեր նվաստ ուժերով ուզում ենք նշանավորել նրանց աշխատանքը»:
Եվ այսպես` 2015 թվականին «Կանթեղ» մրցանակի արժանացան եւ փոքրիկ դրամական պարգեւներով խրախուսվեցին թիֆլիսաբնակ բանաստեղծուհի, թարգմանիչ, հրապարակախոս, Վրաստանի գրողների միության «Կամուրջ» հայալեզու տարեգրքի խմբագիր ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ` վրացերենից հայերեն եւ հայերենից վրացերեն թարգմանական գործում ունեցած ավանդի համար, բանաստեղծ-թարգմանիչներ ԿԱՐԻՆԵ ԽԱԼԱԹՈՎԱՆ` բազմաթիվ դասական եւ ժամանակակից գրողների ստեղծագործություններ հայերենից ռուսերեն եւ ռուսերենից հայերեն թարգմանելու համար, ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆԸ` ռուսերենից հայերեն թարգմանական վաստակի համար, ԳԵՈՐԳԻ ԿՈՒԲԱՏՅԱՆԸ` հայերենից ռուսերեն թարգմանությունների համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՊԱՐՈՆՅԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 10-ը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: Երկու անգամ խաղալով Ա. Շիրվանզադեի «Մորգանի խնամին» ներկայացումը` թատրոնը ԱՄՆ-ից վերադարձել է բազմաթիվ պարգեւներով ու դիպլոմներով: Հ. Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ ուրախությամբ փաստեց, որ ներկայացումներն անցել են լեփ-լեցուն դահլիճում եւ արժանացել հանդիսատեսի բարձր ծափահարություններին: Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆը, հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, Գլենդելի քաղաքապետը, Լոս-Անջելեսի 5-րդ օկրուգի կառավարիչը ներկայացման մասնակիցներին հանձնել են դիպլոմներ:
Ամփոփելով նախորդ թատերաշրջանը` Ե. Ղազանչյանը նշեց, որ այն առանձնացել է երկու կարեւոր իրադարձությամբ` «Կարինե» օպերետն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին եւ նախագահի հովանավորությամբ ու աջակցությամբ Պարոնյան թատրոնում ստեղծվում է փոքր դահլիճ, որի բացումը կլինի նոյեմբերի վերջին.«Դահլիճն ունի հետաքրքիր կառուցվածք, որը երիտասարդ ռեժիսորներին ու դերասաններին հուշում է` կարելի է հետաքրիքիր ձեւով աշխատել: Այն մարդը, ով կաշխատի թատրոնում, պետք է որդեգրի եւ պահպանի հետեւյալ սկզբունքը` փոքր դահլիճում ներկայացնի միայն հայ ժամանակակից եւ դասական պիեսներ, բեմադրի պատմվածքներ, երգեր, ինչպես նաեւ մեծ մտավորականների նամակներ: Այսինքն` այդ փոքր դահլիճում պետք է լինի միայն ազգային շունչ: Դահլիճը բաց է բոլորի համար, այն երիտասարդը, ով կցանկանա որեւէ գործ կատարել, սիրով հրավիում ենք նրան»,- ընդծեց Ե. Ղազանչյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
