«ԻՆՉ ԵԿԵԼ ԵՆՔ, ԼՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԻՆՉ-ՈՐ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ»
Արխիվ 12-16«ԻՆՉ ԵԿԵԼ ԵՆՔ, ԼՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԻՆՉ-ՈՐ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ»
«Հայ Ֆեստ» ամենամյա 13-րդ թատերական փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած «Արարատ համույթ» նվագախումբն իր «Երեւանյան սյուիտ» ծրագրով ներկայացավ հայ հանդիսականին: Գրեթե մեկ ժամ տեւած համերգային ծրագրի ընթացքում, բացի իրենց հիմնական ծրագրից, երաժիշտները հանդես եկան հատուկ «Հայ Ֆեստի» համար գրված 4 ստեղծագործություններով` նվիրված Արարատին, Խոր Վիրապին, Գեղարդին եւ Զվարթնոցի տաճարին:
«Իրավունքի» հետ զրույցում երաժիշտները անկեղծացան, որ շատ են սիրել Հայաստանը, հատկապես Երեւանը եւ հայերին: Իսկ չլինելով հայ` ինչո՞ւ են որոշել խումբն անվանել «Արարատ», «Իրավունքը» պարզեց համույթի ղեկավար ՆԻԿՈԼԱ ԱՐԱՏԱՅԻՑ:
«ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ»
- Պապիկիս պապիկի ազգանունը եղել է Արատա, եւ այդպես ես էլ եմ կրում այդ ազգանունը: Երբ սկսեցի իմ անձնական ուսումնասիրությունները` ազգանվանս վերաբերյալ, երկարատեւ ջանքերից հետո նմանություն գտա հայկական Արարատ սարի անվան հետ: Այդ պահից հասկացա, որ մեր ազգանունը ունի Արարատ հիմքը: Հենց այդտեղից էլ որոշեցինք մեր համույթին տալ «Արարատ» անվանումը: Մոտավորապես հասկացա` մեր ազգանվան ծագումնաբանությունը, հնարավոր է, որ հայերի հետ կապ ունեցել ենք:
«ԵՍ ՁԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՇԱՏ ԳՐՔԵՐ ԵՄ ԿԱՐԴԱՑԵԼ»
- Նիկոլա, համերգի ընթացքում 4 ստեղծագործություն նվիրեցիք հայաստանյան 4
տեսարժան վայրերին` Զվարթնոցին, Գառնիին, Խոր Վիրապին ու Արարատին: Առաջին անգամ լինելով Հայաստանում` հասցրե՞լ եք այդ վայրերից որեւէ մի տեղում լինել:
- Մենք միայն եղել ենք Զվարթնոցի տաճարում` Հայաստան գալուց երկու օր հետո, հաջորդ օրը եղանք նաեւ Գառնիում: Իսկ Խոր Վիրապում դեռ չենք եղել, վաղն ենք գնալու: Ճիշտ է, մինչ Հայաստան գալը չենք եղել ոչ մի վայրում, բայց ես ամեն առավոտ ժամը 6-ին արթնանում եմ ու կարդում Հայոց պատմությունն ուսումնասիրող գրքեր: Ես ձեր պատմության մասին շատ գրքեր եմ կարդացել ու տեղեկացված եմ ձեր երկրին ու պատմությանը, ուստի իմ պատկերացումներն ունեմ, դա էլ ներշնչել է, որ ստեղծագործենք ու երաժշտություն նվիրենք այդ վայրերին: Ուզում ենք ցույց տալ, որ թուրքերը փորձել են ոչնչացնել այն ամենը, ինչը հայկական է: Մենք նվագում ենք, մարդիկ մեզ լսում են ու հարցնում` «Արարարտն» ի՞նչ է, մենք էլ ասում ենք` Արարատ սարն է, հայերինն է, բայց Հայաստանում չէ, Թուրքիայում է, քանի որ Ցեղասպանություն է եղել: Մարդիկ գնում են տուն, սկսում փնտրել Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ ու այդ կերպ տեղեկանում Արարատի մասին:
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՑԱՎՈՏ ԿԵՏ Է»
- Համերգի ավարտին բավականին ուրախ երգ նվիրեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
- Մենք չէինք ուզում խոսել Հայոց ցեղասպանության մասին զուտ այն պատճառով, որ Ցեղասպանությունը հայ ժողովրդի համար մի ցավոտ կետ է: Ուզում էինք Հայաստան բերել երջանկություն ու խաղաղություն, ինչ-որ լուսավոր կետ: Դրա համար մենք այդ չորս աշխարհագրական մասերն ընտրեցինք Հայաստանում, որպեսզի խոսենք ավելի լուսավոր ու գեղեցիկ բաների մասին:
- Այնպիսի տպավորություն էր, որ «Արարատ» կատարման ժամանակ Ձեր դիրիժորը իմպրովիզ էր անում, այդպե՞ս էր:
- Ճիշտ եք նկատել, իմպրովիզ էինք անում եւ մեր բոլոր գործերն ենք այդպես հետաքրքիր դարձնում: Մենք` երաժիշտներս, ենթարկվում էինք դիրիժորի իմպրովիզներին, դա կոչվում է Կոնդաչո, որը վերցված է մի Բաչ Մորիս անունով երաժշտից, նա նույնպես այս մեխանիզմով է աշխատում:
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՄԻ ՔԻՉ ԴԺՎԱՐ Է ՀԱՅԵՐԵՆ ՍՈՎՈՐԵԼԸ»
- Համերգի ընթացքում անընդհատ շնորհակալություն էիք հայտնում
թարգմանիչներից Արփիի հայրիկին: Հանդիսատեսին էլ էր հետաքրքիր, թե այդ ի՞նչ էր արել նրա հայրիկը, որ այդքան շնորհակալ էիք նրան:
- Պարզապես ցանկանում եմ, որ Արփին ամուսնանա Իտալիայում: Իրականում մեր խմբին ուղեկցող եւ թարգմանող աղջիկները Բրյուսովի պետական համալսարանից են, կամավոր սկզբունքով այս քանի օրվա ընթացքում թույլտվություն են ստացել` համալսարան չայցելելու եւ ամբողջ ընթացքում մեզ ուղեկցելու, ծանոթացնելու Հայաստանի եւ Երեւանի տեսարժան վայրերին: Գիտեմ, որ Հայաստանում, ավանդույթների համաձայն, հայրիկները մի քիչ ավելի խիստ են, դրա համար շնորհակալություն ենք հայտնում հայրիկին, որ այդ ամենը հաշվի առնելով, թույլ տվեց աղջիկները մասնակցեն, վաղն էլ նույնիսկ մեզ ուղեկցեն Խոր Վիրապ:
- Այդքան ուսումնասիրելով հայոց պատմությունը, այս մի քանի օրերի ընթացքում հայկական որեւէ բառ ինքներդ սովորեցի՞ք:
- Մեզ համար մի քիչ դժվար է հայերեն սովորելը, բարդ լեզու է հայերենը:
«ԲՈԼՈՐՍ ՊԱՏՎԻՐՈՒՄ ԷԻՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ՈՒՏԵՍՏՆԵՐ»
- Այս մի քանի օրերի ընթացքում հայկական խոհանոցից հաստատ օգտված կլինեք, հավանեցի՞ք մեր խոհանոցը:
- Ճիշտ է, մեր խմբի անդամներից եւ ոչ ոք ծագումով հայ չէ, եւ ոչ էլ` Արարատից, բայց այս մի քանի օրերի ընթացքում փորձել ենք հայկական մրգերը, խմիչքները, մեզ ամեն ինչ է դուր եկել այստեղ: Ամեն ինչ փորձել ենք եւ շատ ենք հավանել: Քանի որ ամբողջ խմբում տասը հոգի ենք, բոլորս պատվիրում էինք հայկական տարբեր ուտեստներ եւ համտեսում բոլորից: Դա Պիերոյի գաղափարն էր, շատ է սիրում ուտել, դրա համար նա այդպես բարձրահասակ է, բայց հայ տղամարդկանց նման փոր չունի:
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ Է`
ԻՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ ՈՒ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐՈՎ»

- Իսկ ի՞նչ կտանեք ձեզ հետ Հայաստանից` որպես հուշ:
- Մեր հիշողությունները դեռ թարմ են, նոր ենք համերգն ավարտել, դրա համար միանգամայն առաջինը հայ հանդիսատեսից ստացած հիշողություններն ու ջերմությունը կտանենք: Հետո, ավելի ուշ կորոշենք, թե նյութական ինչ կարող ենք տանել մեզ հետ հուշ: Ինչ եկել ենք, անընդհատ լսում ենք Հայաստանում պատերազմի ու ինչ-որ լարված իրավիճակի մասին, ուզում ենք, որ մեր բերած խաղաղությունն ու երջանկությունը ուղղակի մնա այստեղ: Մեզ համար Հայաստանը մի խորհրդանշան է` ոչ միայն իր պատմությամբ, այլ նաեւ ունեցած ավանդույթներով եւ սովորույթներով: Առաջին անգամ էինք Հայաստանում, բայց արդեն հրավեր ունենք մի հայ լրագրողուհու կողմից, որպեսզի հաջորդ տարի գանք եւ կրկին համերգ ունենանք Հայաստանում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
