ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ՀԱՍՏԱՏ ԽԵԼԱԳԱՐ ՉԷ
Արխիվ 12-16ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ՀԱՍՏԱՏ ԽԵԼԱԳԱՐ ՉԷ
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի համալիր դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության պաշտոնական եզրակացությունը ստացվել է: Այդ փաստաթղթով՝ Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել: Սակայն: Ըստ դրա հետ կապված շրջանառվող լուրերի՝ փորձագետները Պերմյակովի հոգեբանական բնութագիրը նկարագրելով` նշել են, թե նա պրիմիտիվ է, ագրեսիվ եւ դաժան:
Բայց ահա մեր միանգամայն արժանահավատ աղբյուրն այս պատկերն է ներկայացնում. «Փորձաքննության ընթացքում Պերմյակովը իրեն, ընդհակառակը, շատ հանգիստ ու անմիջական էր պահում, փորձում էր ամեն հարցի տալ սպառիչ պատասխան: Երբ նրան հարցրին, թե ինչու է նման բան արել, նա ուսերը թափ տվեց ու գլխիկոր միայն պատասխանեց. «Երեխաները մեղք էին, ափսոս էին»: Նա իրեն շատ հանգիստ ու նորմալ էր զգում փորձաքննության ընթացքում, քանի որ, ըստ փորձագետների եւ ներկաների, նրան սպանությունից հետո վերաբերվել են միայն կոշտ ու կոպիտ` այլ կերպ ասած` իր նման հանցագործին համապատասխան վերաբերմունքով: Բայց այստեղ հոգեբանները, ելնելով իրենց մասնագիտական առանձնահատկությունից, նրան վերաբերվում էին հանգիստ, սովորական մարդու նման, ինչն էլ նրան, այսպես ասած, բացվելու հնարավորություն էր տվել: Հետաքրքիր է, որ նա ողջ փորձաքննության ընթացքում գրեթե չէր փորձում իրեն արդարացնել: Մի ուշագրավ փաստ եւս չի վրիպել փորձագետների աչքից. Պերմյակովի դեմքին մերթ մեղմ ժպիտ էր առաջանում, մերթ մեղքի զգացում ունեցող մարդու հայացք էր ձեռք բերում»:
Այդ դեպքում՝ ի՞նչը կարող էր նրան նման դաժանության դրդել, հնարավո՞ր է, որ վատ մանկությունը, մանուկ հասակում բռնություն տեսնելու արդյունքը լինի: Հարցին ի պատասխան մեր աղբյուրը նկատեց. «Ո՛չ: Նա, համենայնդեպս փորձագետների տեսանկյունից, բավական լավ մանկություն է ունեցել, կապված է եղել ծնողների հետ. այդ մասին փորձաքննության ժամանակ նա եւս շեշտել է: Եվ դա է պատճառը, որ նա չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ նա ծնողներից հեռու է` օտարության մեջ: Դրա մասին են խոսում նաեւ այն, որ նա անընդհատ ցանկացել է փախչել ծառայությունից, գնալ տուն»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
