ԻՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԻՑ ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ
Արխիվ 12-16ԻՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԻՑ ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ
Երկօրյա այցով Հայաստան է գալիս Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին: Այցը սպասված էր, այս մասին խոսվում էր գրեթե այն պահից, երբ հայտարարվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ հայտնի պայմանավորվածությունների մասին: Այնուամենայնիվ՝ գործնական ի՞նչ սպասելիքներ կան Ջահանգիրիի այցից:
Այն, որ Իրանի փախնախագահը Հայաստանում կգտնվի երկու օր, հուշում է, որ գոնե հանդիպումների մասով այցը հագեցված է: Համենայնդեպս՝ պաշտոնական հանդիպումներ են նախատեսված ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ՝ վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի հետ, ու, թերեւս, ոչ պաշտոնական օրակարգ եւս կլինի: Բայցի այդ՝ փոխնախագահը Հայաստան կժամանի բավականին պատկառելի պատվիրակության հետ՝ կազմված իրանական ինչպես պաշտոնական, այնպես էլ՝ գործարար շրջանակներից: Ջահանգիրին նաեւ կմասնակցի հայ-իրանական առեւտրական երկկողմ հանձնաժողովի նիստին: Այսինքն՝ այցը լինելու է, այսպես ասենք, հագեցված, բազմաբնույթ եւ բազմաժանր, ինչը արդյունավետության տեսանկյունից որոշակի լավատեսական տրամադրություն առաջացնում է: Այլ հարց է, թե այդ լավատեսությունն ինչ չափով փաստացի գործնական հետեւանքներ կունենա: Իսկ դրա համար էլ պետք է մեկ այլ հարցի պատասխան գտնել. Հայաստանն ի՞նչ ռեալ մինիմալ եւ մաքսիմալ տնտեսական ակնկալիքներ ունի Իրանից եւ իրանական փոխնախագահն այդ հարցերի ո՞ր մասին կարող է լուծում տալ անձամբ, կամ՝ ապահովել իր երկրի ավելի բարձրաստիճան անձանց լուծումները:
Թիվ մեկ ծրագիրը, որը Հայաստանը կապում է Իրանի հետ, անշուշտ երկաթուղային կապի ստեղծման ծրագրերն են: Այս հարցի հետ կապված, թերեւս, ամեն ինչ պարզ է. Իրանը ժամանակին հայտարարել եւ այսօր էլ հայտարարում է, որ պատրաստ է իր միջոցներով Իրանի տարածքում կառուցել երկաթուղին, եւ հենց այն պահին, երբ Հայաստանը ֆինանսավորում կգտնի իր տարածքում այդ շինարարությունը սկսելու համար: Իսկ հայաստանյան հատվածի շինարարության հետ կապված, թե աշխատանքներն ինչ փուլում են գտնվում, շատ է խոսվել եւ իմաստ չունի կրկնել: Հիշեցնենք միայն, որ այդ թեման վերջերս նաեւ ՀՀ վարչապետի` Չինաստան կատարած այցի օրակարգում էր: Մի խոսքով՝ այս հարցի հետ կապված լավատեսական նյուանսների պակաս չկա, միայն թե, երբ այդ լավատեսությունը կվերածվի ռեալ շինարարության, այլ հարց է:
Սակայն երկաթուղու հետ կապված մեկ դրվագ եւս պետք է հաշվի առնել: Հիշեցնենք` դեռ ամռանը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Յակունինի այն հայտարարությունը, թե տնտեսական տեսանկյունից այս ուղին մնում է աննպատակահարմար: Ռուսական ընկերությունը, այնուհետեւ, պաշտոնապես այլ պատկեր նկարագրեց, որն այն պահին ընկալվեց` որպես երկրների քաղաքական հարաբերություններում կնճիռներ չառաջացնելու փորձ: Սակայն փաստն այն է, որ հետագայում Յակունինը հրաժարականի անվան տակ հեռացվեց պաշտոնից: Դրանում, իհարկե, հայաստանյան երկաթուղու այդ պատմությունը հազիվ թե դեր ունենար. Յակունինի հեռանալու շատ ավելի լուրջ պատճառ էր ռուսական երկաթուղային համակարգի բավականին բարդ վիճակը, որն այդպես էլ չլուծվեց՝ չնայած հսկայական պետական ներդրումներին: Բայց սա էլ բավական է հասկանալու համար, որ «Ռուսական երկաթուղիների» արդեն նախկին ղեկավարի ռազմավարական հայացքներն էին, որ դարձել էին անընդունելի, իսկ Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը Մոսկվայի համար հենց նման՝ ռազմավարական բնույթ ունի, որի պարագայում տնտեսական բաղադրիչը, ճիշտ է, պահպանվում է, սակայն համեմատաբար երկրորդ պլանում: Ընդ որում, այդ ռազմավարական դրվագը վերջին ժամանակներս նորից ու նորից է իրեն զգացնել տալիս: Խոսքը Սիրիայում ռուսական զինուժի ներկայության մասին է, որի շրջանակներում հերթական անգամ հրապարակային հարթություն է վերադարձել Եվրասիական միության հետ Սիրիայի համագործակցության թեման: Ընդ որում, դեռ հուլիսի կեսերին Սիրիայի վարչապետ Վաիլ ալ Հալկին այդ թեմայի հետ կապված հայտարարեց. «Ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում` Եվրասիական տնտեսական միությանը եւ ազատ մաքսային գոտուն միանալու մասին...»: Իսկ դա մոտավորապես այն ժամանակահատվածն էր, երբ ռուսական կուլուարներում հստակեցվում էր Սիրիայում ռազմական օպերացիայի հնարավորությունը, եւ երեւում է, որ նաեւ հետպատերազմյան ժամանակաշրջանի հետ կապված պայմանավորվածություններ եղել են: Եվ նախօրեին էլ նույն թեման կոնկրետացրեց նաեւ ԵՏՄ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը. «Մենք պլանավորում ենք մոտ ժամանակներս Սիրիայի ներկայացուցիչների հետ հանդիպումներ անցկացնել, որպեսզի քննարկենք Սիրիայի եւ ԵՏՄ-ի համագործակցության հնարավոր ձեւաչափերը»: Հասկանալի է, խոսքը հետպատերազմյան ժամանակաշրջանի մասին է, սակայն սա եւս հուշում է, որ այդ ծրագրերն ակտիվ օրակարգում են:
Սրան զուգահեռ՝ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ օրակարգում է նաեւ Իրանի հետ ԵՏՄ-ի ազատ առեւտրի ռեժիմի հարցը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը Հայաստանինն է: Իհարկե՝ այստեղ դեռ պարզելու եւ հասկանալու շատ բաներ կան: Սակայն այն փաստը, որ այս պահին Սիրիայում ընթանում է հենց ռուս-իրանական համատեղ ռազմական գործողություն, եւ նույնիսկ ռուսական հրթիռները Իրանի տարածքով թռչում են դեպի Սիրիա, հուշում է, որ այդ երկու երկրների հարաբերություններն իրականում շատ ավելի խորն են, քան մինչ այդ ընդունված էր համարել: Եվ այն, որ տարածաշրջանում ամրապնդվելու դեպքում Ռուսաստանը նաեւ խորացված տնտեսական կապեր է ունենալու ընդհանուր Սիրիա-Իրաք-Իրան առանցքի հետ, այսօր փորձագետներից քչերն են կասկածում: Սա քաղաքական տեսանկյունից որքանով կնպաստի այդ առանցքին ամենամոտ ԵՏՄ սահմանի՝ Հայաստանի հետ երկաթուղային կապ ունենալու պարտադրանքին, իհարկե, կապված է մի շարք այլ գործոնների հետ: Բայց նաեւ նկատենք, որ այդ երկաթուղին ամենեւին էլ այն հսկայական ներդրումը չի պահանջում, որ հանուն քաղաքական շահի՝ այդ քայլին կողմերը չգնան:
Այս համալիր թեման, թերեւս, կքննարկվի նաեւ Ջահանգիրիի այցի օրակարգում: Բայց սա հենց այն հարցն է, որի հետ կապված` Իրանի փոխնախագահը հազիվ թե այս պահին կոնկրետ լուծումներ առաջարկի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
