ՈՎՔԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ «ՓՐԿԻՉՆԵՐԻ» ԵՎ «ԳԱՍՏՐԱԼՅՈՐՆԵՐԻ» ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
Արխիվ 12-16ՈՎՔԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ «ՓՐԿԻՉՆԵՐԻ» ԵՎ «ԳԱՍՏՐԱԼՅՈՐՆԵՐԻ» ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չբավարարվեց իր «բլթոցով»` իբր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին: Երեւակայությանը զոռ տալով` նա զարգացրեց թեման` իբր դրա դիմաց Գագիկ Հարությունյանին խոստացվել է ոչ ավել-ոչ պակաս ՀՀ նախագահի պաշտոնը: Բնականաբար, բացի ժպիտից, այդպիսի «բլթոցները» այլ բան չեն առաջացնում, սակայն ՀՀ իրավապահները որոշել են ուսումնասիրություն կատարել Լյովիկ Զուրաբյանի հայտարարությունների հիման վրա: Ի վերջո, ֆորմալ առումով, նա ոչ միայն պատգամավոր է, այլեւ` խորհրդարանական խմբակցության ղեկավար, ինչքան էլ քաղաքական ծաղրածու լինի եւ խղճահարություն առաջացնի:
ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԴԵՊԻ ԱՄԵՐԻԿԱ՞
Իսկ թե ինչ մեթոդներով են գործում «Ոչ»-ի կողմնակիցները, լինի դա «Ոչ»-ի ճակատը, «Չեք անցկացնի»` գրանտակերների վրա հենվող նախաձեռնությունը, թե քաղաքական մանկապարտեզի տպավորություն թողնող «Նոր Հայաստան» նորահայտ փրկչական խումբը` դա գնալով ավելի ու ավելի է հիշեցնում աբսուրդի թատրոնը: Կոչեր «ամբողջ ժողովրդի» անունից, դրանց հավելվեցին մատից ծծած «սոցհարցումներ», իբր ամբողջ ժողովուրդը դեմ է, իսկ քարոզչության մեջ ներկայացված են քաղաքական ֆանտաստիկայի եւ դավադրությունների տեսությունների բոլոր հնարավոր ու անհնարին ժանրերը: Սակայն նոր Սահմանադրության բոլոր հակառակորդներին` լինեն նրանք հրապարակավ քաղաքական կլոունություն անողներ, թե ստվերում կամ կիսաստվերում գործողներ, միավորում է մեկ բան` ամերիկամետությունը: Ճիշտ է, ԱՄՆ պաշտոնատարների պաշտոնական տեսակետներում չես գտնի որեւէ թթու խոսք Սահմանադրության մասին, սակայն թարսի պես, որ մի ոչ-ական ակցիայի կամ խմբակի գործունեության մեջ մի քիչ խորանում ես, լույս աշխարհ է գալիս ամերիկյան հարկատուների փողի հաշվին ֆինանսավորումը...
Իսկ վերադառնալով քաղաքական ֆանտաստիկայի ժանրին` հարկ է նշել, որ նույն ԱՄՆ-ն ձգտելով վերակենդանացնել տխմարագույն տեսությունը` իբր ռուսները պատրաստվում են խաղաղապահ զորքով մեր ձեռքից խլել Արցախը ու նվիրել թուրքերին, կրկին ասպարեզ է բերել Մեղրիի տարբերակի տխրահռչակ հեղինակ Պոլ Գոբլին: Վերջինս հավեսով հարցազրույցներ է շռայլում ցանկացած հայալեզու կայքերին, միայն թե տիրաժավորեն իր` «լուրջ փորձագիտության» անվան տակ մատուցվող զառանցանքները:
Այն, որ բացահայտ ոչ-ականների ոճը հիմնականում մնալու է հիսթերիան եւ սկանդալը, նաեւ երեւաց Ֆրիդրիխ Էբերթի հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ընթացքում: Այնտեղ ոչ-ականները, որոնցից շատերի անունը հայ հանրությունը լսում էր առաջին անգամ, սարքեցին լեզվակռիվ` ՀՅԴ-ի ներկայացուցիչների, Վարդան Պողոսյանի եւ այլ` այո-ն ներկայացնող ճանաչված ու ծանրակշիռ դեմքերի հետ: Այն, որ ծրագրված էր հենց լեզվակռիվ, երեւում է թեկուզ նրանից, որ այդտեղ էր շտապել «Ազատություն» ռադիոկայանը, էլ չենք խոսում արեւմտամետ կայքերի ու կայքիկների մասին: Լեզվակռվին ապահովել են մի քանի տասնյակ հազար դիտում, մինչդեռ «Մեդիա կենտրոնը», ուր անցնում էր քննարկումը, որպես կանոն, իր ուղիղ հեռարձակումներով 100-ից ավելի դիտումներ չի ապահովում:
Սակայն ճղճղան ոչ-ականները, ավելի շուտ ընդամենը ֆոն ապահովող են, կամ ժողովրդական խոսքով ասած` դամքաշներ, քան ամերիկյան խառնակչության ծրագրի հիմնական դերակատարներ:
ԿԵՂԾ ՌՈՒՍԱՄԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Հայտնի է, որ արեւմտամետ ու առավել եւս հակառուսական քարոզները շատ չնչին ազդեցություն են ունենում ՀՀ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնության վրա: Մեր ժողովուրդը այդպես էլ չսիրեց ո՛չ «քաղաքացիական հասարակությունը», ո՛չ «իրավապաշտպանությունը», ո՛չ էլ «մարդու իրավունքներ» կոչվող նորագույն էրզաց-կրոնի այլ բաղադրիչները: Մի բան էլ ավելին` այդպիսի տերմիններ լսելիս` հայերը պատկերացնում են սաքունցանման ինչ-որ երեւույթներ:
Փոխարենը մեր հասարակությունում բավականին լավ «ուտվող» են դիտարկվում այն ֆիգուրները, որոնք հանդես են գալիս որպես ռուսամետ, իսկ քաղաքական քաշ բարձրացնելու կարեւոր հնարքներից մեկն է` ակնարկները, պնդումները, վերլուծությունները, թե տվյալ ֆիգուրն ունի «Պուտինի դաբրոն»: Թե արդյոք լավ է, թե վատ, որ մեր ժողովուրդն այդ աստիճան ռուսամետ է, դա այլ հարց է, սակայն սույն փաստը հայտնի է ցանկացած լուրջ քաղտեխնոլոգի: Ուստի, «Պուտինի դաբրոյի» մասին առասպելը բավականին շատ է կիրառվում: Քանիցս լրատվական դաշտ նետվել են ակնարկներ եւ «հավաստի լուրեր»` իբր Ռոբերտ Քոչարյանը այդպիսի «դաբրո» ունի, թեեւ իրականում ՀՀ երկրորդ նախագահը հիմնականում կապակցված է ամերիկյան շրջանակների հետ, մասնավորապես իր սիրելի «կապավոր» Վարդան Սիվիլիթասիչի միջոցով:
Հիմա էլ այդ նույն առասպելաբանությունը կպցնում են Ալամ աշխարհի եւ Ռուսաստանի հայերի նախագահ Արա Աբրահամյանին, ով այսօր մեկնարկում է իր քաղաքական դեբյուտը: Արդեն քանիցս առիթ ենք ունեցել գրելու, թե ինչպես պետք է փորձ արվի աշխատեցնելու Ռոբերտ Քոչարյան-Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան եռյակը: Եվ ահա դրա երկրորդ բաղադրիչին փորձում են կպցնել «Պուտինի դաբրոյի» առասպել: Այդ առասպելն էլ կառուցում են այն փաստի վրա, որ Ռուսաստանի նախագահը Ռուսաստանի հայերի միության 15-ամյակի կապակցությամբ շնորհավորանք է հղել: Սակայն ճակատագրի հեգնանքն այն է, որ ինչպես ցույց են տալիս Ռուսաստանում անցկացված սոցհարցումները, այդտեղի հայ համայնքների մեջ ընդգրկված հայերի 97 տոկոսը տեղյակ էլ չեն, որ Արա Աբրահամյանն իրենց նախագահն է: Ու իր ռեալ կենսագրությամբ` Արա Արշավիրիչը ավելի շատ կապակցված է ամերիկյան, քան ռուսական վերնախավերի հետ: Համ էլ, Ռուսաստանը, ի տարբերություն Արեւմուտքի, ինչպես ցույց է տալիս փորձը, սովորություն չունի միջամտելու Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ դաբրոներ բաժանելու: Պարզ օրինակ` ՆԱՏՕ-ի հետ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրում ընդգրկվելու մասին համաձայնագրում ռազմական ոլորտի հետ կապ չունեցող ներքաղաքական նախապայմանների ցուցակն այնքան երկար է, որ մեջտեղին հասնելիս` սկիզբն ես մոռանում, իսկ Ռուսաստանի հետ հսկայածավալ, ստրատեգիական բնույթի ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող փաստաթղթերում առկա է ուղիղ զրո ներքաղաքական նախապայման:
Ինչեւէ, անդրադառնանք «եռյակի» երրորդ բաղադրիչին` Արթուր Բաղդասարյանին: Ճիշտ է, անընդհատ թմբկահարվում էին նրա կապերը Ֆրադկովի եւ Ռուսաստանի այլ նախկին եւ ներկա բարձրաստիճան ֆիգուրների հետ, նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար լինելու ժամանակահատվածում ցցվում էր եւ ՀԱՊԿ-ի գործոնը, բայց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի հրապարակային մեկ խոսքը բավարար եղավ, որպեսզի երեւա, թե Ա. Բաղդասարյանը ինչպես էր թաղել ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու գործը, որն, ի դեպ, այն ժամանակ վերածել էր իր անձնական բոստանի: Դե, Ա. Բաղդասարյանի կապերը Ֆրանսիայի հետ հանրահայտ են, իսկ այն պատմությունը, թե ինչպես 2008-ի սկզբին հենց Ռոբերտ Քոչարյանը (ճակատագրի ինչպիսի հեգնանք) գաղտնալսման միջոցով նրան բացահայտել էր որպես բրիտանական ազդեցության գործակալ, նույնպես չի մոռացվել: Այնպես որ, ՕԵԿ առաջնորդն էլ ոչ մի կերպ չի համապատասխանում «Պուտինի դաբրո» կամ «Ռուսաստանի զորակցություն» վայելողի կերպարին: Էլի սովորական արեւմտամետ է:
Ի դեպ, հետաքրքրական է նաեւ, թե ինչպես էր ՕԵԿ-ը հանկարծ դարձել նոր Սահմանադրության հակառակորդ: Մամուլում բավականին շրջանառվել է այն թեման, որ ՕԵԿ-ը հսկայական ջանքեր էր գործադրում, որպեսզի նախագծի մեջ վարչապետի պարագայում վերացվի ՀՀ քաղաքացիության եւ նստակյացության ցենզը: Դե պարզ է, տեղ էին բացում Արա Աբրահամյանի պես դրսից ներմուծվող «գաստրալյորների» համար, իսկ երբ չստացվեց` միանգամից կողմնորոշվեցին դեպի դեմ լինելը: Եվ այսօր Արա Արշավիրիչի երկու հայաստանյան տեղակալներն էլ` Մհեր Շահգելդյանն ու Արամ Սարգսյանը միանշանակ դեմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին:
Ահա այդպիսի արեւմտամետ «եռյակ»` ռուսամետի դիմակով:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
