«ՋԵՐՄ ՈՒ ԲԱՐԻ ՔԱՂԱՔ» ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽ ԱՅՆ ՊԵՏՔ Է ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵԼ
Արխիվ 12-16«ՋԵՐՄ ՈՒ ԲԱՐԻ ՔԱՂԱՔ» ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽ ԱՅՆ ՊԵՏՔ Է ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵԼ
Հոկտեմբերի 10-ին «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարությունների մեկնարկը տրվեց Երեւանի Էրեբունի վարչական շրջանից: Մինչեւ երեկո տեւած տոնակատարություններն իսկական տոնի վերածվեցին տեղի բնակիչների եւ արտասահմանցի հյուրերի համար: Իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ողջ երկայնքով տեղադրված տաղավարներում ներկայացված էին ազգային մշակույթից հատվածներ` ձեռագործություն, գորգագործություն, գեղանկարչություն, ինչպես նաեւ հայկական խոհանոցը ներկայացնող որոշ ուտեստներ: Սիրելի Երեւանի տոնը շնորհավորելու էին եկել ՀՀ սիրված արտիստները, որոնք ներկաների համար կատարեցին Երեւանին նվիրված հին ու նոր երգեր: Տոնն ավելի շատ ոգեւորել էր փոքրիկներին, նրանց համար կազմակերպիչներն անցկացրին հատուկ շոու-ծրագիր: Ամբողջ օրվա տոնակատարություններն ավարտվեցին մեծ հրավառությամբ եւ ներկաների բարեմաղթանքով` շնորհավոր տոնդ, սիրելի Երեւան:
Իսկ արդեն երեկոյան, երբ դադարել էր երաժշտությունը եւ փողոցը դատարկվել էր մարդկանցից, ի հայտ եկավ այն տխուր պատկերը, որը սովորաբար լինում է մեր երկրում` ուրախ տոնակատարություններից հետո: Ամենուրեք աղբ, պոլիէթիլենային տոպարկների ու շշերի կույտեր, «Իմ ջերմ ու բարի քաղաքի» ճիշտ հակառակ պատկերը: Սա այն դեպքում, երբ Էրեբունի փողոցի երկու կողմերում տեղադրված են տասնյակ աղբամաններ: Պարզապես մարդիկ մի փոքր ծուլացել են եւ ձեռքի աղբը աղբամանի մեջ գցելու փոխարեն նետել են գետնին: Սա մեր հասարակության շրջանում կարծես դարձել է սովորություն, ու չգիտես սրտացա՞վ չեն, թե պարզապես առաջնորդվում են` ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով: Եթե նախկինում երեւույթը բացատրում էին աղբամանների բացակայությամբ, ապա այժմ ի՞նչ պատճառաբանություններ կան...
Ցավալին այն է, որ այդ նույն մարդիկ, ովքեր անխնա աղտոտում են շրջապատն ու հարազատ քաղաքը, այլ երկրներում իրենց դրսեւորում են քաղաքակիրթ մարդկանց նման, քանի որ տարածքն աղտոտելու համար վճարում են սեփական գրպանից: Մնում է Հայաստանում էլ նման օրենք ընդունվի, որպեսզի ի վերջո որոշ քաղաքացիներ հասկանան` «Ջերմ ու բարի քաղաք» ունենալու համար նախ այն պետք է մաքուր պահել, ոչ թե սահմանափակվել բազմաթիվ երգեր ձոնելով: Բարեբախտաբար մինչեւ առավոտ պատկան մարմինների ջանքերով փողոցը դարձյալ ընդունեց նախկին տեսքը:
Հուսանք, որ հաջորդ տարի մարդիկ ուրախանալուց եւ խրախճանքներ անելուց զատ, մի փոքր էլ ուշադրություն կդարձնեն շրջապատի մաքրությանը եւ մի քիչ սրտացավորեն կվերաբերվեն սեփական քաղաքին:
Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
