«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է` ՄԻ ԲԱՌ ՍԽԱԼ ԵՐԳԵՄ, ՔԱՆ ԿԱՆԳՆԵՄ ԲԵՄՈՒՄ ՈՒ «ՖՈՆՈԳՐԱՄԱ» ԿԱՏԱՐԵՄ»
Արխիվ 12-16«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է` ՄԻ ԲԱՌ ՍԽԱԼ ԵՐԳԵՄ, ՔԱՆ ԿԱՆԳՆԵՄ ԲԵՄՈՒՄ ՈՒ «ՖՈՆՈԳՐԱՄԱ» ԿԱՏԱՐԵՄ»
Ամերիկաբնակ երգիչ ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆԻՆ այս անգամ Հայաստան է բերել գարնանը ԱՄՆ-ի DOLBY կինոթատրոնում կայացած մենահամերգի տեսասկավառակի հայաստանյան շնորհանդեսը: Օրերս երգիչը «Ազդակ» լրագրողական ակումբում լրագրողների հետ հանդիպմանը դատարկաձեռն չէր եկել` ներկա լրագրողներին նվիրեց համերգի տեսասկավառակն ու տարվա սկզբին թողարկած Love me ձայնասկավառակը:
Հարութը խոսելով կայացած մենահամերգի հաջողությունների մասին` առանձնացրեց համերգի ժամանակ իր կատարած առաջին ժողովրդական երգը` Սայաթ Նովայի «Քամանչան», որը բուռն է ընդունվել հանդիսատեսի կողմից. «Համերգի ընթացքում, բացի նոր երգերից ու զուգերգերից, առաջին անգամ կատարեցի ժողովրդական երգ, որը մեծ արձագանք գտավ հանդիսատեսի կողմից: Նրանց համար գուցե անսպասելի էր, քանի որ այդ ժանրում դեռ չէի երգել»,- ասաց երգիչն ու խոստացավ, որ առաջիկայում իր երգացանկում կավելացնի ժողովրդական երգերի քանակը,- «Ժողովրդական երգերը կարեւոր են, եւ եթե կատարեմ, ապա միայն լավ պիտի երգեմ: Բայց այսուհետ մեկ կամ երկուսը հաստատ կընդգրկեմ թե՛ ձայնասկավառակներում, թե՛ համերգային ծրագրերում»:
«Իրավունքի» այն հարցին, թե «պիրատների» պատճառով հայաստանյան երգիչները ձայնասկավառակներ արդեն չեն թողարկում, արդյո՞ք մտավախություն չունի, որ միանգամից երկու ձայնասկավառակ թողարկելով` ինքն էլ կբախվի այդ խնդրին, երգիչն այսպես պատասխանեց. «Իհարկե մտածել եմ այդ մասին: Քանի որ այսօր գոյություն ունեն ինտերնետային երաժշտական կայքեր, նախընտրում եմ ձայնասկավառակներս չվաճառել: Իհարկե կլինեն կեղծ օրինակներ, բայց այս մենահամերգի օրիգինալ տարբերակը մարդիկ կարող են դիտել միայն Յութուբում եւ տեսասկավառակի տեսքով` ում ինքս կնվիրեմ»,- ծիծաղելով ասաց երգիչն ու կանխելով հաջորդ հարցը` շարունակեց. «Ձայնասկավառակներն ինձ համար եկամտի աղբյուր չեն, պարզապես մենահամերգների ու համերգային շրջագայությունների ժամանակ այն այցետոմս է հանդիսանում»:
Ինը տարեկանից ամերիկյան ապրելակերպին ընտելացած երգիչը վստահեցրեց, որ այնտեղ հայ մնալն այդքան էլ հեշտ չէ. «Ինը տարեկանից ապրում եմ ԱՄՆ-ում արդեն 26 տարի, ու երբ խոսում եմ հայերեն, ոչ մի վայրկյան չեն կասկածում, որ ԱՄՆ-ում եմ ապրում: Այնպես որ, դա գալիս է մարդու տեսակից»,- վստահեցրեց Հարութն ու հայրենիք վերադառնալու, մշտական բնակություն հաստատելու մասին հետաքրքրված լրագրողներին ասաց. «Հիմա որ ասեմ, թե երբ կվերադառնամ, սուտ կլինի: Երեւի թե կյանքիս 60-70 տոկոսն անցկացրել եմ ԱՄՆ-ում, սովորել ու մեծացել այնտեղ, բայց հայրենիքի հետ կապը գնալով ավելի է ամրապնդվում: Այսինքն` եթե նախկինում տարին 2, ապա հիմա 4 -5 անգամ եմ գալիս Հայաստան: Այնտեղ ամեն ինչը 0-ից ենք ստեղծել, ուստի իմ եւ ընտանիքիս համար դժվար կլինի այդ ամենը թողնել ու վերադառնալ` ամեն ինչ կրկին 0-ից սկսելով»:
Այդուհանդերձ բանախոսը լրագրողներին խոստացավ հաջորդ անգամ Հայաստան գալ մենահամերգով. «Չնայած շատ էի ցանկանում, որ այն այս տարի կայանար, բայց քանի որ ժամանակային առումով չեմ հասցնում, ապա հաջորդ տարի կգամ ավելի երկար ժամանակով ու անպայման հայ հանդիսատեսին կներկայանամ մենահամերգով»,- խոստացավ երգիչն ու մանրամասնեց. «Այս ամենից բացի` ինձ ամեն անգամ ընկերներիս, հարազատներիս, հանդիսատեսիս ջերմությունն ու կարոտն են բերում Հայաստան»:
Բացի գործնական հարցերից, երգիչը սիրով պատասխանեց նաեւ անձնական բնույթի, ինչպես նաեւ վաստակավորի կոչումներ ստացած գործընկերների մասին հարցերին: Երգիչն իր անձնականի մասին հետաքրքված լրագրողներին տեղեկացրեց, որ սիրտն ազատ է ու դեռ չի գտել ընտրյալին, սակայն պատասխանին հաջորդեց` իսկ հե՞շտ է սիրո մասին երգել` առանց սիրո, հարցը. «Հեշտ չէ»,- քմծիծաղով պատասխանեց Հարութն ու շարունակեց. «Բայց սերը կարեւոր զգացում է յուրաքանչյուրիս կյանքում: Պարտադիր չէ սիրահարված լինես, որպեսզի ինչ-որ մեկի հանդեպ ունեցածդ սիրո մասին երգես: Ձայնասկավառակում, օրինակ, գրել եմ մի երգ` եղբորս բալիկի մասին: Ես ամուսնացած չեմ, բալիկ չունեմ, բայց այդ երգն այնպես եմ զգացել, որ մարդիկ ինձ հարցնում էին` քո բալիկի մասի՞ն ես երգում»:
Հատկապես վաստակավոր արտիստ ընկերների մասին ասաց. «Ամեն մարդ էլ գնահատվում է իր կատարած աշխատանքի դիմաց: Իսկ կոչումների արժանացած ընկերներիս շնորհավորում եմ: Ի դեպ, ասեմ, որ երգիչ լինելը շատ դժվար բան է: Լինի ձայնասկավառակ կամ 4-5 րոպեանոց երգ, ժամանակ, նյարդեր են պահանջում: Շատ ժամանակ նաեւ օր ու գիշեր անցկացնում ենք ձայնագրման ստուդիաներում: Ուստի հաճելի է, երբ գնահատվում ես կամ որպես երգիչ ուրախանում ես, որ ասենք` կոնկրետ մի երգ գնահատվում է»:
Երգիչը չցանկացավ խոսել իր հոնորարների մասին, միայն ասաց, որ ամեն մարդ ինքն է իրեն գնահատում եւ ունի իր գինը: Նաեւ հավելեց, որ հաճախ մերժում է հարսանիքներում երգելու հրավերները` ոչ թե վարկանիշից ելնելով, այլ. «Համերգային բեմն եմ ավելի շատ նախընտրում»,- վստահեցրեց երգիչն ու անկեղծացավ, որ սիրում է հանդես գալ կենդանի երգեցողությամբ. «Չեմ ուզում հանդիսատեսին խաբել: Ինքս` որպես հանդիսատես, երբ գնում եմ որեւէ երգչի մենահամերգին, ուզում եմ նրան տեսնել երաժիշտներով շրջապատված, որովհետեւ այդ շունչն ու ոգին գալիս են երգչից ու երաժիշտներից: Ավելի լավ է` մի բառ սխալ երգեմ, քան կանգնեմ բեմում ու «ֆոնոգրամա» կատարեմ: Չեմ ասում, թե դա սխալ է, բայց ես չեմ ընդունում»:
Խոսելով իր առաջիկա ծրագրերից` տեղեկացրեց. «Նոյեմբերի 6-ին Լոս Անջելեսում` հանրահայտ կազինոյում, կկայանա մեծ մենահամերգ: Եվ սա ոչ թե իմ նախաձեռնությամբ է, այլ իրենց կողմից եղավ հրավերը, ինչը զարմանալի էր, որովհետեւ ամերիկյան կազինոյում առաջին անգամ է, որ հայ երգչին զանգահարում են ու ասում, որ ուզում են այդ օրվա երեկոյի երաժշտական ժամանցի մասը դուք ապահովեք»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
