«ՊԵՏՔ Է ՀՐԵՏԱՆՈՒ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ՀԱՐՑ ԴՐՎԻ` ԻՆՉՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ»
Արխիվ 12-16«ՊԵՏՔ Է ՀՐԵՏԱՆՈՒ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ՀԱՐՑ ԴՐՎԻ` ԻՆՉՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ»
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զգուշացումից հետո, առ այն, որ Սիրիայի կառավարական ուժերից ու քրդական միավորումներից բացի, Սիրիայում ոչ ոք «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ չի պայքարում, եւ որ այսօր Ռուսաստանը պատրաստվում է ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել թե՛ Սիրիային, թե՛ Իրաքին, հաջորդեցին գործուն քայլեր: Արդյունքում հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի 4 նավ թեւավոր 26 հրթիռ է արձակել Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերին` 11 թիրախի ուղղությամբ: Վերոնշյալ ռուսական ռազմական գործողությունների ու դրա հետեւանքների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ հետ:
«ԲՆԱԿԱՆ Է, ՈՐ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՀԱՎՈՐ ՎԱԽԵՑԱԾ ԵՆ»
–Պարոն Ցիգանոկ, Կասպից ծովից թեւավոր հրթիռների արձակումը ԻՊ ահաբեկիչների դիրքերի վրա ուղղակի շոկ է առաջացրել ամերիկյան ռազմական փորձագետների շրջանում: Նրանք, մեղմ ասած, չէին սպասում, որ Ռուսաստանը այդպիսի հեռավորությամբ կարող է նման հարված հասցնել: Ի՞նչ կասեք այս մասին:
– Իսկապես, Արեւմուտքն, ամեն դեպքում, չէր սպասում, որ մենք ունենք այդպիսի հզոր հրթիռներ, որովհետեւ այդ հրթիռների փորձարարական տարբերակները, ենթադրվում էր, որ արձակվում են մինչեւ 500 կմ հեռավորության վրա: Սակայն դրանք ոչ միայն անցան այդ տարածքը, այլ մի բան էլ գերազանցեցին այն: Եվ բնական է, որ ամերիկացիներն ահավոր վախեցած են, որ այն նավերը, որոնք գտնվում են ռազմական նավատորմիղում, կարող են 2,5 հազար կիլոմետր հեռավորության վրա հարված հասցնել: Եվ երկրորդ` այստեղ շատ կարեւոր է, որ Ռուսաստանը պայմանավորվեց Իրանի եւ Իրաքի հետ, քանի որ Կասպից ծովից արձակված հրթիռները կարող էին վնաս հասցնել եւ նրանց, ու մենք ստացանք նրանց համաձայնությունը: Եվ երրորդ կարեւոր հանգամանքն էլ այն է, որ Ռուսաստանը ցույց տվեց իր նավատորմիղի ռազմական հզորությունը: Ու, ըստ էության, այսօր խոսքը թե միայն ինքնաթիռներով, այլ, միեւնույն ժամանակ, նաեւ նավերով պարտության մատնելու մասին է: Ավելին` Արեւմուտքն էլ նման հակահարվածի չէր սպասում: Եվ երբ ասում են, թե Սիրիայում են գտնվում ռուսական հրետանու մասնագետներ, ապա պետք է նշենք, որ դրանք չինական մասնագետներ են, որոնք սովորեցնում են Սիրիայի զորքերին տիրապետել զենքին: Այնպես որ, կարծում եմ` գործողություններին, որ պետք է ԻՊ-ի դեմ տարվի, դրան կմիանա Սիրիան, Իրանը, Իրաքը, հնարավոր է նաեւ Չինաստանը: Իհարկե, Չինաստանին այս հարցը այդքան էլ հետաքրքիր չէ, բայց, այնուամենայնիվ, նրանք պայքարում են համաշխարհային ահաբեկչության դեմ:
«Ո՛Չ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ, Ո՛Չ ՆԱՏՕ-Ն, Ո՛Չ ԷԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՕՊԵՐԱՑԻԱՆԵՐԻ»
–Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հաղորդել էր, թե Կասպից ծովից Սիրիայի ուղղությամբ արձակված ռուսական հրթիռների մի մասը չի հասել թիրախին, այլ ընկել է Իրանի տարածքում: Ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված այսպիսի բացահայտ սուտը:
– Սա ուղղակի հիմարություն է, որովհետեւ նավերը արձակվել են Կասպից ծովից` չմտնելով Իրանի ջրային տարածք, բայց կրկնում եմ` Իրանը տվել էր այդ հնարավորությունը` կատարելու թռիչք:
– Իսկ որքանո՞վ եք հավանական համարում, որ օդային եւ նավային ներխուժումից հետո ռուսական զորքերը կմտնեն Սիրիա նաեւ ցամաքային զորքերով:
– Կասկածում եմ, որ կլինի նման բան: Խնդիրն այն է, որ ԽՍՀՄ-ը լավ դաս ստացավ Աֆղանստանի պատերազմից, եւ մենք կորցրեցինք այդտեղ 15 հազար մարդ: Եվ ընդհանրապես պետք է օրինակ վերցնել ամերիկացիներից, որոնք որպես կանոն` օդային ռազմական գործողությունների կողմնակից են, սակայն վերջին 4-5 տարիների ընթացքում ո՛չ ամերիկացիները, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը չեն մասնակցում ցամաքային օպերացիաների:
– Ռուսական ուժերի գործողություններն ամենեւին էլ Թուրքիայի սրտով չեն, եւ տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Էրդողանը լարվել Ռուսաստանի հանդեպ: Այս ամենը ինչպե՞ս կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
– Այո, իսկապես, բայց Թուրքիան Ռուսաստանի համար ներմուծող երկիր է: Ուստի` կարծում եմ, որ քաղաքական հարաբերությունները չպետք է խոչընդոտ դառնան առեւտրային հարաբերությունների վրա: Եվ այս առումով չեմ կարծում, որ Թուրքիան իսկապես, կգնա այդպիսի խիստ քայլի: Նրանց ավելի ձեռնտու է առեւտրային, կոմերցիոն Ռուսաստանը: Հարցը, անկեղծ ասած, որոշվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունների մակարդակով, եւ կարծում եմ` այստեղ չեն լինի որեւէ անցանկալի նյուանսներ:
«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼԱՐՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՆԳԵՑՆԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ»
–Ի վերջո, ինչո՞ւ Ռուսաստանը ավելի վաղ չանցավ այսպիսի լայնամասշտաբ գործողությունների` ընդդեմ մարդկության չարիք դարձած ԻՊ-ի:
– Ռուսաստանն ավելի մեծ է, քան Եվրոպան եւ ԱՄՆ-ն, բացի այդ, սա բավական լուրջ խնդիր է: Ռուսաստանը միակ պետությունն է, որը համագործակցում է իսլամի հետ 300 տարի: Ռուսաստանը շատ լավ հասկանում է այս ամենը, եւ երբ Վ. Պուտինը հստակ հայտնեց իր կարծիքը Սիրիայի վերաբերյալ, բոլորը միանգամից սկսեցին դրանից հետո մարտական հարվածներ հասցնել, ուղղակի պետք էր սպասել: Ամեն դեպքում, Պուտինի հայտարարությունից հետո եղավ հնարավորություն, որպեսզի լինի ռուսական արձագանքը:
– Ինչպես գիտեք, հայ-ադրբեջանական սահմանին էլ այս ընթացքում իրավիճակը խիստ լարված էր: Ըստ Ձեզ, ինչի՞ կհանգեցնի այս ամենը:
– Երկու անգամ եղել եմ Լեռնային Ղարաբաղում եւ խնդրին ծանոթ եմ ներսից: Կարծում եմ, որ, ամեն դեպքում, պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն: Եթե 5 տարի առաջ խոսքն այն մասին էր, որ պետք է հանել դիպուկահարների խմբերին սահմանից, ապա այսօր արդեն պետք է խոսել հրետանու եւ հրթիռների հեռացման մասին: Ես հասկանում եմ, որ Մինսկի խմբի համանախագահներն արագ չեն գործում խնդրի կարգավորման հարցում, բայց չեմ կարծում, որ լարված հարաբերությունները կբերեն պատերազմի: Ուղղակի, պետք են հստակ քայլեր, եթե ժամանակին եղավ համաձայնություն, եւ սահմանից դուրս բերվեցին դիպուկահարներին, ապա այսօր երկրորդ հարցը պետք է դրվի հրետանու դուրսբերումը` ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
