«Թե քաղաքական գործիչը, ինչպես կարող է կարեւորագույն հարցերի հետ կապված սուտ հայտարարություններ անել»
Արխիվ 12-16«ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԵՍՆԻ, ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ, ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍՈՒՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ»
Իմաստուն ժողովուրդը կասեր. «Լեզվի սայթաքում` կյանքի խորտակում»: Հենց այսպիսի իրավիճակում է հայտնվել իր քաղաքական հայացքներից լեզվով առաջ ընկած ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Վերջինս ո՛չ ավել, ո՛չ պակաս այնքան է գերազանցել ինքն իրեն` սահմանադրական բարեփոխումներին դեմ խոսելու հարցում, որ հայտարարել է, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի միակ գործը եղել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը: Չի ուշացել Գլխավոր դատախազության արձագանքը: Ավելին` այժմ ուսումնասիրվում է այն, եւ դատախազությունը խոստանում է համապատասխան իրավական ընթացք տալ խնդրին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ.
–Եթե նմանատիպ հայտարարություն կա, այդպիսի ծանր հանցագործության մասին, ապա, բնականաբար, իրավապահները պետք է զբաղվեին դրանով: Առավել եւս, որ խնդիրը մեր իրականության մեջ բարձր հնչեղություն է վայելում, այսինքն` նա կասկածի տակ է դնում մի ամբողջ բարեփոխում, որն անցել է ավելի նորմալ, բովանդակային քննարկումների ճանապարհով: Այնպես որ, իրավական հայտարարություն է եղել, եւ իրավապահները հիմք ընդունելով այն` պետք է զբաղվեին եւ միջոցներ ձեռնարկեին, որպեսզի հասկանային, թե որտեղից է այդ հայտարարությունը, իսկապես կա՞ նման բան եւ եթե կա, ուրեմն` պետք է մեղավորները պատժվեն: Իսկ եթե լոկ հայտարարություն է, դրանից պետք է հետեւություն անեն:
– Կարո՞ղ ենք ասել, որ Գլխավոր դատախազության սկսած իրավական գործընթացն այս դեպքում Լ. Զուրաբյանին ավելի շատ դաս տալու միտում ունի, քան պատժելու:
– Չեմ կարծում, որ այստեղ պատժելու կամ դաս տալու միտում կա: Ընդամենը եղել է մի հայտարարություն, որի ծանրությունը, բովանդակությունը պատկերացնել էր պետք: Բնական է, որ իրավապահները պետք է զբաղվեին դրանով: Եվ եթե պարզվի, որ սուտ է, ապա հանրությունը կտեսնի, թե քաղաքական գործիչը, ինչպես կարող է կարեւորագույն հարցերի հետ կապված սուտ հայտարարություններ անել: Իսկ եթե ճիշտ կլինի, բնականաբար, իր բոլոր իրավական հետեւանքներով` հանրությունը տեղյակ կլինի այդ մասին:
– Ի դեպ, Լ. Զուրաբյանից առաջ էլ «Ժառանգություն» խմբակցության նորընտիր ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր անցել կարելիի սահմանը, ու այդ ժամանակ էլ Ազգային անվտանգությունը ստիպված եղավ հայտարարությամբ հանդես գալ: Ընդհանրապես, ի՞նչ կասեք ժողովրդի վստահության մանդատը ստացած նման գործիչների վարքագծի մասին` իրավական կառույցների արձագանքների հետ կապված:
– Պատգամավորն ազատ է իր խոսքով, երբ իր գործունեությունից բխող կարծիք է հայտնում, բայց երբ ասում է, որ 100 տոկոս վստահ եմ, որ կաշառվել է Վենետիկի հանձնաժողովը եւ փաստեր ունեմ, սա լրիվ այլ հարթության մեջ է: Եվ եթե հանկարծ իրավապահները չզբաղվեին այս հարցով, այդ ժամանակ էլ կասեին` գիտեք ինչ, մենք հայտարարություն ենք արել, եւ իրավապահները չեն զբաղվել դրանով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
