ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱԼԻԵՎԻՆ ԲԱՆ ՉՏՎԵՑ
Արխիվ 12-16ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱԼԻԵՎԻՆ ԲԱՆ ՉՏՎԵՑ
Անցած շաբաթվա վերջերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ այս ամսվա վերջերին մյուս համանախագահների հետ միասին կայցելի տարածաշրջան: Հիմնական նպատակը, թերեւս, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպումն է: Համենայնդեպս՝ բանակցությունները շարունակելու եւ նախագահների հնարավոր հանդիպման թեմային անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ նշելով, որ քննարկում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
ԴԻՎԵՐՍԻԱՆ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Հազիվ էր հնչել Ուորլիքի այդ հայտարարությունը, որ միանգամից հայ-ադրբեջանական սահմաններին կրկին շիկացում նկատվեց. դիվերսիայի փորձ, հրթիռակոծություն եւ այլն: Ճիշտ է՝ իրավիճակը դեռ հեռու է սեպտեմբերյան լարվածությունից, սակայն ով իմանա` ինչ կլիներ, եթե հայկական ուժերը չկարողանային նախօրեին դիվերսիոն փորձի դիմած ազերիներին կոտորելով՝ ետ շպրտել: Ամեն դեպքում՝ այս իրավիճակը եւս մեկ անգամ հիմնավորում է, որ հենց բանակցային գործընթացի հետ կապված ինչ-որ տեղաշարժ եւ նույնիսկ՝ հնարավոր տեղաշարժի մասին ակնարկ է հնչում, միանգամից սահմանային իրավիճակը սրվում է: Եվ արդյունքում՝ բանակցային թեման միանգամից մղվում է երկրորդ պլան՝ տեղը զիջելով սահմանային կայունությունը վերականգնելու խնդրին: Իհարկե՝ միամտություն կլիներ` դա պատահականություն համարել: Ավելին՝ իմաստն էլ դժվար չէ կռահել. բանակցային գործընթացն ակտիվացնելու եւ որոշակի առաջընթաց ամրագրելու մասին վերջին ժամանակներս հայտարարություններ հնչել են ինչպես Մոսկվայից, այնպես էլ՝ Վաշինգտոնից: Ավելին. նկատվել են նաեւ մի շարք նյուանսներ, որոնք ակնարկում են, որ այդ հայտարարությունները ոչ թե պարզապես բարի ցանկությունների հարթությունից են, ինչպես որ անցյալում էր տեղի ունենում, այլ,որ թե՛ Մոսկվայում եւ թե՛ Վաշինգտոնում կան գործնական տրամադրություններ «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածը թեկուզեւ մի փոքր առաջ տանելու հարցում: Թե կոնկրետ ինչ շահեր կարող են լինել նման ցանկության հիմքում, հարցի մյուս կողմն է: Բայց ընդգծենք միայն, այսպես ասած, կրեմլյան շրջանակներում յուրայինի համարում ունեցող «Մերձավոր Արեւելք-Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն, ճանաչված վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի օրերս հայտնած այն ենթադրությունը, թե՝ սիրիական պատերազմի համար Ռուսաստանը կարող է ունենալ Ստեփանակերտի օդանավակայանի կարիքը:
Կարո՞ղ է նման անհրաժեշտություն լինել. այս հարցին դեռ կվերադառնանք: Մինչ այդ նկատենք, որ եթե նույնիսկ տեսականորեն նման վարկած քաղաքագիտական մակարդակով շրջանառվում է, ապա Վաշինգտոնը չի կարող նման տարբերակն իր հաշվարկներից դուրս պահել. ռուսները վերջին ժամանակներս այնքան անակնկալներ մատուցեցին ամերիկացիներին, որ այս մեկն էլ չի կարելի բացառել: Եվ եթե ղարաբաղյան թեման իր տեղն է գտել Մերձավոր Արեւելքի ուղղությամբ աշխարհաքաղաքական հաշվարկներում, եւ այն տեսանելի հարթություն է մտնում «Մադրիդյան սկզբունքների» բազայով բանակցային գործընթացն ակտիվացնելու տեսքով, ապա դա անշուշտ առաջին հերթին նախ Բաքվին է լրջորեն անհանգստացնելու: Նաեւ այն առումով, որ «Մադրիդյան սկզբունքներով» ենթադրվող իր հիմնական զիջումների՝ որոշ շրջաններից հրաժարվելու մասին Հայաստանը պաշտոնապես արդեն իսկ խոսել է եւ հայաստանյան հանրությունում հանուն հաշտության համաձայնագրի` նման զիջումն ընկալելի է: Բայց ահա Բաքուն զիջման իր բաժնի՝ Ղարաբաղում անկախության միջազգայնորեն ընդունված հանրաքվեի, այսինքն՝ Ղարաբաղի անկախությունն այդ կերպ ճանաչելու տարբերակն առ այսօր առնվազն սեփական հանրության առաջ մերժում է, եւ Ալիեւն առնվազն երկրի ներսում խնդիր կունենա բացատրել, թե այդ ինչպես է, որ տարիներ շարունակ բացառում էր, որ որեւէ կերպ Ղարաբաղը կարող է անկախանալ, իսկ հիմա ընդունում է նման տարբերակի առկայության փաստը: Ընդ որում, ռուս-ամերիկյան հարաբերությունները ներկայումս այնքան անկանխատեսելի են դարձել, որ անհնար է բացառել, որ Մոսկվան ու Վաշինգտոնը նախագահների մասնակցությամբ Մինսկի խմբի առաջին իսկ հանդիպմանը «չորով» չեն դնի պաշտոնապես նման փոխզիջումները ընդունելու պահանջ: Ուստիեւ՝ ելքը մնում է նման հանդիպումից խուսափելը, եւ դրա միակ տարբերակն է` բոլորի ուշադրությունը սահմանային լարվածությունների վրա կենտրոնացնելը:
ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չնայած՝ սահմանային իրավիճակի շիկացման այդ ռեսուրսը բավականին սահմանափակ է: Նախ. հայկական կողմի պատասխանն է դարձել չափազանց կոշտ, արդյունքում՝ աճում են ադրբեջանական կորուստները: Իսկ դա հուշում է, որ Ալիեւը նման կորուստների բեռով կարող է խնդիրներ ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, առավել եւս, որ Արեւմուտքն ադրբեջանական բռնապետության թեման գնալով ավելի ու ավելի է սրում եւ շատ մեծ է հավանականությունը, որ ադրբեջանական ընտրությունները կհամարի «ոչ ժողովրդավարական»՝ դրանից բխող մի շարք հետաքրքիր հետեւանքներով հանդերձ: Էլ չասած, որ եթե Բաքուն, սրելով սահմանային իրավիճակը, Մինսկի խմբի համանախագահող երկրներին հղում է այն ակնարկը, որ եթե բանակցություններն իրեն անցանկալի հունով գնան, կարող է պատերազմ սկսել, սահմանային մշտական դարձած պարտություններից հետո կարող է փաստի առաջ կանգնել: Այսինքն՝ կարող է լինել նման պատասխան-ակնարկ՝ եթե ուզում ես, սկսիր պատերազմ, միայն թե հետո չբողոքես: Իսկ Բաքվում հազիվ թե չգիտակցեն, որ ռազմական հաշվարկները հաստատ իր օգտին չեն: Իհարկե՝ Ադրբեջանն ունի զենք-զինամթերքի որոշակի առավելություն, բայց պետք է հաշվի առնի, որ թեեւ անցած պատերազմում եւս կար այդ առավելությունը, սակայն պարտվեց: Հաջորդը. անցած պատերազմում կար Թուրքիայի գերակտիվ աջակցությունը, սակայն 100 մարդու՝ հիմնականում քրդերի կյանք խլած Անկարայի վերջին ահաբեկչական պայթյունը շատ բան է փոխում: Քրդերն արդեն իսկ Էրդողանին են մեղադրում «Իսլամական պետության» ¥ԻՊ¤ ձեռքերով այդ պայթյունն իրականացնելու մեջ, Էրդողանն էլ, բնականաբար, ողջ մեղքը բարդում է միայն ԻՊ-ի վրա՝ թերեւս սկսելով կռահել, որ ահաբեկչության պատճառով աշխարհով մեկ եւ Թուրքիայի ներսում առաջացած բողոքի ալիքը կարող է իր համար ծանր ազդեցություն ունենալ գալիք ամիս ապասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Գումարած դրան՝ թուրքական այս հերթական «ծանր» ահաբեկչությունն իր ոչ պակաս «ծանր» ազդեցությունը կունենա բավական բարդ վիճակում գտնվող թուրքական տնտեսության վրա: Վերջապես՝ ինչպես հարավկովկասյան, այնպես էլ՝ Մերձավոր Արեւելքի խաղատախտակին Թուրքիան հայտնվեց առանց այդ էլ բավականին խախուտ դիրքերը վերջնականապես կորցնելու հեռանկարի առաջ: Մի խոսքով՝ թուրքերը հազիվ մտածում են իրենց պետության ամբողջականության մասին, եւ նախկին մակարդակով թուրքական օգնության վրա Բաքուն հազիվ թե կարողանա հույս դնել:
Հաջորդը. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա նշանակում է, որ անցած պատերազմի օրինակով Բաքուն այս անգամ բուն հայաստանյան սահմանների ուղղությամբ լայնամասշտաբ քայլերի դիմելուց առաջ պետք է շատ լուրջ մտածի: Առավել եւս, եթե ռուսներն իրոք ցանկանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը, ապա բուն ղարաբաղյան սահմանների ուղղությամբ հարձակումները եւս Բաքվի համար դառնում են վտանգավոր: Նաեւ աչքի առաջ ունենալով Կասպից ծովից դեպի Սիրիա թռած ռուսական հրթիռները:
Իհարկե՝ Ալիեւը կարող է նաեւ փորձել կտրուկ փոխել հարավկովկասյան խաղադաշտում ֆիգուրների դասավորությունը՝ միանգամից պաշտոնապես հրաժարվելով «մեծ եղբորից» ¥որն օրերս Սիրիայի հետ կապված` մինչեւ իսկ սպառնալիքների լեզվով էր սկսել խոսել ռուսների հետ¤ եւ հայտարարելով ՀԱՊԿ-ին եւ ԵՏՄ-ին անդամագրվելու ցանկության մասին: Բայց այդ դեպքում էլ խնդիրներ է ունենալու փաստացի թուրքական գավառի վերածված Նախիջեւանի ուղղությամբ եւ Արեւմուտքում պահվող պետական ու մասնավոր ֆինանսների հարցով: Ընդ որում նկատենք, որ անգամ նման վտանգի դեպքում Բաքուն կարող է փոխել իր աշխարհաքաղաքական հայացքը, եւ ամենաուշագրավն այն է, որ ռուսներն ամենեւին էլ կարիք չունեն դրա համար Ադրբեջանին Ղարաբաղի տեսքով կաշառք տալ՝ այս անգամ էլ Հայաստանը կորցնելու ռիսկի գնալով, որից իր զորությունը պահպանող Վաշինգտոնը հաստատ լավագույնս կօգտվի: Նկատի ունենք, որ Բաքուն պարզապես կարող է ստիպված լինել՝ կատարել նման աշխարհաքաղաքական շրջադարձ. Սիրիայում ռուսների դիրքերի վերջնական կայացման եւ ամրապնդման դեպքում ¥իսկ սիրիական պատերազմը բավականին հաջող ընթացք ունի¤ ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Վրաստանը վաղ, թե ուշ ստիպված են հիշել ռուսական աշխարհաքաղաքական ուղղվածության մասին: Ընդ որում, նման «պարտադրված շրջադարձի» դեպքում «Մադրիդյան սկզբունքներն» արդեն կարող են Բաքվի համար երազանք դառնալ, նկատի ունենալով, որ դեպի ԵՏՄ շարժվելու դեպքում Բաքվի համար անհրաժեշտություն է նաեւ Երեւանի «դաբրոն»:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

