ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ
Ամեն ինչ սպասելի էր, սակայն ոչ ոքի մտքով չէր անցնի, որ Լյովիկ Զուրաբյանը կարող է Վենետիկի հանձնաժողովին մեղադրել` իբր կաշառվել է Գագիկ Հարությունյանի կողմից: Իսկական սյուռեալիզմ... Թե ինչու հենց այդ չարաբաստիկ հանձնաժողովը` չար լեզուներն ասում են, որ ՀԱԿ խմբակցության ղեկավարը հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյին ուղարկել էր ծավալուն մատնագիր, թե ինչպես են իշխանությունները նախագծի վերջնական տարբերակից «դեն նետել» կարեւորագույն «եվրաարժեքային» կետերը, սակայն այդ «եվրաբյուրոկրատը» այդ քաղաքական անհաջողակին ուղարկել էր հայտնի ռուսական հասցեով, եւ վերջինիս մտքում սեւեռվել էր գաղափարը` իբր Բուքիքիոյին կաշառել են:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄՈԼԵԳՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Սկզբունքորեն հասկանալի է, որ մեր «նարնջագույն» ընդդիմադիրներն ու գրանտածիծ «քաղաքացիական հասարակությունը» ի զորու չեն ապահովել Սահմանադրությանը բոյկոտելու կամ դրա դեմ քվեարկելու գործընթացը: Եթե նույնիսկ խելքը գլխին հանրահավաք չեն կարողանում հավաքել, ապա ինչպես պետք է քաղաքացիներին զանգվածաբար համոզեն ինչ-որ բան անել, առավել եւս, ինչպես պետք է բոլոր տեղամասերը դիտորդներով ապահովեն: Գործնականում բացի Երեւանից, ուրիշ տեղ չեն գնում, եթե չհաշվենք Գյումրիում անցկացրած մեկ ձախողակ հանրահավաքը:
Ռոբերտ Քոչարյանն էլ սկզբունքորեն համոզվել է, որ ի զորու չէ խանգարել Սահմանադրության ընդունմանը: Առավել եւս, դա չեն կարող Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ տարատեսակ «ոչ»-ի եւ «փրկության» ճակատները:
Իսկ մոլեգնելու, անհավասարակշիռ քայլեր ու հայտարարություններ անելու կամ, ժողովրդի խոսքով ասած, «գժական գնալու» դրդում է այն, որ Սահմանադրությունն ապահովելու է պետական կառավարման առավել կայուն մոդել:
Լիկվիդացվում է անկայունության եւ փոխադարձ քաղաքական թշնամանքի այնպիսի աղբյուրը, ինչպիսին է ուղղակի նախագահական ընտրությունների ինստիտուտը: Նաեւ բացառվում է այն իրավիճակը, որ ԱԺ մեծամասնությունը եւ երկրի նախագահը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ լինեն եւ ունենան հակադիր քաղաքական շահեր: Ընդհակառակը` ե՛ւ լիազորությունները, ե՛ւ պատասխանատվությունը կենտրոնացվում են մեկ տեղ, ու դրանց կրողները որոշվում են ԱԺ ընտրություններով:
Սահմանադրության հակառակորդներին եւ նրանց տերերին խրտնացրել է նաեւ այն, որ նախատեսվել է կայուն մեծամասնության ինստիտուտը, որը բացառում է խորհրդարանական մոդելի այնպիսի թերությունը, ինչպիսին են խորհրդարանական մշտական ճգնաժամերը եւ կառավարության հաճախակի փոփոխությունները: Այսինքն` ներքաղաքական ապակայունացման հնարավորությունները նոր Սահմանադրությամբ հասցվում են, եթե ոչ զրոյի, ապա` նվազագույնի:
Եվ իհարկե, մաքուր համամասնական ընտրակարգը, մեղմ ասած, չի կարող ուրախացնել օլիգարխներին եւ տարատեսակ մականունավոր կերպարանքներին, քանզի նրանք խորհրդարանում հայտնվելու հիմնականում մեկ տարբերակ ունեին` քվեարկվել մեծամասնական ընտրատարածքում, այնտեղ կենտրոնացնելով ֆորմալ եւ ոչ ֆորմալ բոլոր ռեսուրսները:
Ու վերջապես նոր Սահմանադրությունը նվազեցնում է հանրությունը քայքայողների հնարավորությունները: Ընտանիքի գաղափարը այնքան հստակ է ձեւակերպված, ու այնքան հստակ առկա է նույնասեռական ընտանիքների սահմանադրական արգելքը, որ անզորությունից գենդերի եւ ԼԳԲՏ-ի լոբբիստները Սահմանադրությունը պիտակում են «ֆաշիզմի հաղթանակ»: Ճիշտ է, «վենետիկյան» ծագումնաբանությամբ որոշ կետեր պահպանված են, սակայն երկրի ինքնիշխանությանը եւ արժեհամակարգին սպառնացող սահմանադրական կետեր չկան, ու մնում է, որպեսզի հետագայում անընդունելի օրենքներ չընդունվեն:
Այսինքն` այս տարվա դեկտեմբերի 6-ից սկսած մինչեւ 2018-ը իրագործվելու են համակարգային փոփոխություններ, որոնք նվազագույնի են հասցնում արտաքին միջամտության եւ երկիրը ներսից պայթեցնելու շանսերը: Ու հենց դրանով կարելի է բացատրել որոշակի քաղաքական հիսթերիաները:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ «ԳԺԱՆՈՑ» ՀԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐՈՎ
Պարզվում է, որ լուսանցքային ուժերին չի բավարարում «Ոչ»-ի ճակատը, եւ նրանք որոշեցին ստեղծել մի նոր միավորում եւս: Ստեղծվել է «Նոր Հայաստան» անունով հանրային փրկության ճակատ` քաղաքական խորհրդով եւ շտաբով: Քաղաքական խորհրդի կազմում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պետրոս Մակեյանը, Գարեգին Չուգասզյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Այսինքն` ստեղծվել է գլխանց վարկաբեկված մի միավորում, որի պատճառով, երեւի թե, մեր քաղաքացիները շուտով սկսեն «փրկիչ» բառը ընկալել որպես հայհոյանք:
Իսկ ինչ են անում նորօրյա փրկիչները: Զորօրինակ` Ժիրայր Սէֆիլյանը բավականին ամպագոռգոռ հայտարարություն է անում. «Մենք ընդունել ենք ոչ-ի գաղափարը, սակայն չենք բավարարվել միայն ոչ-ով: Մենք ասում ենք, որ այս ռեժիմի պարագլուխն այնքան է հղփացել, որ փորձում է վտանգավոր քայլի գնալ, մեր ասածը ոչ-ից առավել է նրանով, որ ընդդիմադիր ուժերը պետք է համախմբվեն այս ռեժիմից ձերբազատվելու խնդրի շուրջ: Եվ նախընտրելի է, որ ձերբազատվելու ժամանակը տեղի ունենա մինչ հանրաքվեն»: Ինչպես կասեր ժողովուրդը` մուկը ծակով չի անցնում, ցախավելն էլ պոչից է կապել:
Բայց մի ճիշտ բան Սէֆիլյանն, այնուամենայնիվ, ասաց` որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հնարավոր է տապալել միայն իշխանափոխության միջոցով: Իսկ քանի որ ունենք անվիճելի քաղաքագիտական ճշմարտություն` որ «Ոչ»-ի ջատագովները եւ «փրկիչները» ոչ առանձին-առանձին, ոչ էլ միասին վերցրած` իշխանություն փոխելու անհրաժեշտ ռեսուրսի նույնիսկ մեկ տոկոսը չունեն, ապա ստացվում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տապալել հնարավոր չէ:
Սակայն հարց է ծագում` այդ դեպքում ինչո՞ւ այդպիսի քանակությամբ թվում է թե հասուն մարդիկ, ժողովրդի լեզվով ասած` «գժական են գնում», իսկ ավելի կիրթ բառապաշարով` հանդես են գալիս որպես քաղաքական ծաղրածուներ: Դե, օրինակ, Լյովիկ Զուրաբյանի պարագայում հասկանալի է, որ անվերապահորեն հավատալով ու պաշտելով իր կուռք Լեւոն Ակոպիչին, սույն գործիչը ֆրուստրացիայի մեջ է հայտնվել, երբ հայտնաբերել է, որ «շեֆի» «100 տոկոսանոց» հավաստիացումներն անիրագործելի են, որ ժողովուրդը չի գնալու Սահմանադրություն տապալելու, շատ-շատ ոմանք պատերի տակ դժգոհ փնթփնթան: Բայց եթե հաշվի առնենք, որ ոչ բոլորն են ֆրուստրացիայի մեջ, համ էլ ֆրուստրացիան անցողիկ հոգեվիճակ է, ապա մնում է ենթադրել, որ ամբողջ այդ քաղաքական կլոունադան ունի իմիտացիոն նպատակներ: Այսինքն, ձեւ անել, որ շատ ուժեղ պայքար են մղում, հուսալով, որ մեկ էլ տեսար արտաքին, աշխարհաքաղաքական պատճառով հանկարծ կտրուկ իրավիճակը փոխվի:
Սակայն, ըստ ամենայնի, այդ հույսերն էլ կավարտվեն, երբ ժամացույցի սլաքները հաշվեն 2015-ի վերջին ժամերը: Քանզի, ամենայն հավանականությամբ, հենց մինչեւ տարվա վերջ էլ պարզ կլինի, թե «ով` ում» խոշոր աշխարհաքաղաքական հակամարտությունում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
