«ՆՈՒՅՆԻՍԿ, ԵՐԲ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ, ԱՍԵԼ ԵՆ` ԳՐԱԴԱՐԱՆԸ ՉԱՅՐԵ՛Ք»
Արխիվ 12-16«ՆՈՒՅՆԻՍԿ, ԵՐԲ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ, ԱՍԵԼ ԵՆ` ԳՐԱԴԱՐԱՆԸ ՉԱՅՐԵ՛Ք»
2004 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ` Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարանավարի օր: Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի մանկական բաժնի վարիչ ԱԼԻՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր գրադարան` անկախ ընթերցողների քանակից, պետք է գործի:«ՀԱՄԱԼՐՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ»
-Գրադարանները պետք է միշտ ուշադրության կենտրոնում եւ էլ ավելի շքեղ լինեն: Միշտ ասել եմ, ի՞նչ կապ ունի, թե քանի ընթերցող ունի, Ալեքսանդրիայի գրադարանում քանի՞ գրագետ մարդ է եղել, այն գործել է ու մինչեւ այսօր խոսում են այդ գրադարանի մասին: Նույնիսկ, երբ թշնամիները գրավել են, ասել են` գրադարանը չայրե՛ք: Գրադարանը միշտ պիտի լինի` անկախ նրանից կարդում են, թե` ոչ:
- Հիմնականում ովքե՞ր են Ձեր գրադարանի այցելուները:
- Լինելով մարզային կառույց` չենք սահմանափակվում քաղաքի շրջանակներում: Նախ ունենք համալսարան, որտեղ հանրապետության այլ մարզերից ուսանողներ կան, նրանք էլ են մեր ընթերցողները: Սպասարկում ենք նաեւ Մարտունու, Սեւանի ու նաեւ հարակից գյուղերին, որտեղից գրքեր են պատվիրում, մենք էլ`սպասարկում ենք, նախադպրոցական տարիքից մինչեւ ծերունի մեր ընթերցողներն են:
- Մոտավորապես քանի՞ կտոր գիրք ունի գրադարանը:
- Մոտ 85-90 հազար կտոր, որից 37 հազարը միայն գրապահոցն ունի: Հատկապես վերջին տարիներին բավականին գրքեր ենք ստացել, այսինքն` մեր գրապահոցը նախորդ տարիների համեմատ հիմա ավելի շատ է համալրվում: Ուղղակի համալրված գրականությունն այն գրականությունը չէ, պահանջարկ չունի:
«ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՀԱՄԱՐԵԼ»
-Իսկ ի՞նչ գրքերով են համալրվում, որ պահանջարկ չունեն:
- Օրինակ` լավ կլիներ, որ մեր դասականներն էլի վերատպվեին, որովհետեւ շատ հին են մեր հայ դասականների գրքերը: Ճիշտ է, այս ընթացքում ձեռք ենք բերել, բայց բոլոր դեպքերում այդ գրքերի պահանջարկը շատ է: Հատկապես սեզոնին` ամռանը, մենք ստիպված կողքի բաժիններից ենք բերում: Տնօրենը հաճախ մեզանից ուզում է այն գրքերի ցանկը, որոնք հաճախակի են մերժվում` քիչ լինելու կամ ընդհանրապես չլինելու պատճառով: Բացի այն, որ նվիրատվություններ ենք ստանում Ազգային գրադարանից, Խնկո Ապոր անվան գրադարանից, ամերիկյան դեսպանատնից, նաեւ մեր միջոցներով ձեռք են բերվում գրքեր, կարողանում ենք ոսկե միջինը գտնել:
- Փաստորեն` ավելի շատ փնտրված են դասականնե՞րը:
- Համալսարանի ուսանողներն ու դպրոցականներն են ավելի շատ դասականներին կարդում, քիչ տոկոս է կազմում նաեւ ավագ սերունդը: Ինքս միջին սերնդի ներկայացուցիչ եմ, բայց չեմ կարողանում մեր ժամանակակից գրականությունն ինձ հոգեհարազատ համարել: Կան ժամանակակից բանաստեղծներ, որոնք գրում են իրենց համար, բայց ժամանանակից բանաստեղծը չի կարող ինձ համար Վահան Տերյան, Պարույր Սեւակ, Դանիել Վարուժան ու Սիամանթո լինել... Չգիտեմ, գուցե մանկությունից է մեր ուղնուծուծի մեջ այսպես ծամված ու նստած, որ մենք այդ կարծրատիպերը դեռ չենք կարողանում կոտրել:
«ՆՈՒՅՆԻՍԿ ՀԵՂԻՆԱԿ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՄԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆՔ, ՈՒՆԵ՞ՆՔ, ԹԵ՞ ՈՉ»
-Կար ժամանակ, որ ընթերցողը հեռացել էր գրադարաններից, ի՞նչը նրանց կրկին վերադարձրեց:
- Մի պահ արժեքային համակարգն այնքան խեղաթյուրվեց, որ ամեն ինչ խառնվեց իրար` կրթվածն ու անկիրթը, ինտելեկտովն ու անինտելեկտը, մրցակցություն չկար... Այսօրվա սերունդն այլ է, գիտակցում են, որ միայն կարդալով կարող են իրենց արժեքային համակարգը ձեւավորել ու մակարդակ ձեռք բերել: Կա նաեւ պետական միջամտություն` պարտադիր ծրագրեր, ուսուցման ցանկ: Օրինակ` հեղինակ Վարդան Գրիգորյանին ես` որպես բանասեր, ծանոթ եմ ուսանողական տարիներից: Նրա գիրքը շատ արժեքավոր է դպրոցական ծրագրում, բայց չկա, համալսարանում էլ թեթեւակի կարող է անունը հնչել ու անցնել: Բայց հիմա ինձ ուրախացնում է, որ ընթերցողները գալիս են ցանկ են բերում ու հեղինակն իր 3 գրքով կա այնտեղ: Նոր գրականության պահանջարկ էլ կա, ուսանողների համալսարանական ծրագրերում, բայց դե, ինչքանո՞վ են իրենք համաձայն այդ գրականությանը, ինչքանո՞վ են սիրում կամ սիրելով կարդում, արդեն չեմ կարող ասել: Նույնիսկ` հեղինակ են ուզում, որ մենք էլ չգիտենք, ունե՞նք, թե՞ ոչ, որովհետեւ այնքան չի սպասարկվել այդ հեղինակը, որ մոռացել ենք:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
