ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆ. «ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԽԱԲԵԼ»
Արխիվ 12-16ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆ. «ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԽԱԲԵԼ»
Ամերիկաբնակ երգիչ ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆԻՆ այս անգամ Հայաստան է բերել գարնանը ԱՄՆ-ի DOLBY կինոթատրոնում կայացած մենահամերգի տեսասկավառակի հայաստանյան շնորհանդեսը: Այսօր երգիչը «Ազդակ» լրագրողական ակումբում լրագրողների հետ հանդիպմանը դատարկաձեռն չէր եկել` ներկա լրագրողներին նվիրեց համերգի տեսասկավառակն ու տարվա սկզբին թողարկված «Love me» ձայնասկավառակը:
Հարութը խոսելով կայացած մենահամերգի հաջողությունների մասին առանձնացրեց համերգի ժամանակ իր կատարած առաջին ժողովորդական երգը` Սայաթ Նովայի «Քամանչան», որը բուռն է ընդունվել հանդիսատեսի կողմից. «Համերգի ընթացքում բացի նոր երգերից ու զուգերգերից
առաջին անգամ երգեցի ժողովրդական երգ, որը մեծ արձագանք գտավ հանդիսատեսի կողմից: Նրանց համար գուցե անսպասելի էր, քանի որ այդ ժանրում դեռ չէի երգել»,- ասաց երգիչն ու խոստացավ, որ առաջիկայում իր երգացանկում կավելացնի ժողովրդկան երգերի քանակը,- « Ժողովրդական երգերը կարեւոր են եւ եթե կատարեմ, ապա միայն լավ պիտի երգեմ: Բայց, այսուհետ մեկ կամ երկու ժողովրդական երգ հաստատ կընդգրկեմ թե՛ ձայնասկավառկներում, թե՛ համերգային ծրագրերում»:
«Իրավունքի» այն հարցին, թե «պիրատների» պատճառով հայաստանյան երգիչները
ձայնասկավառակներ արդեն չեն թողարկում, արդյո՞ք մտավախություն չունե՞ք, որ միանգամից երկու ձայնասկավառակ թողարկելով դուք էլ կբախվեք այդ խնդրին, երգիչն ասաց. «Իհարկե մտածել եմ այդ մասին: Քանի որ, այսօր գոյություն ունեն ինտերնետային երաժշտական կայքեր, ապա նախընտրում եմ ձայնասկավառակներս չվաճառել: Իհարկե կլինեն կեղծ օրինակներ, բայց այս մենահամերգի օրիգինալ տարբերակը մարդիկ կարող են դիտել միայն Յութուբում եւ տեսասկավառակի տեսքով` ում ինքս կնվիրեմ»,- ծիծաղելով ասաց երգիչն ու կանխելով հաջորդ հարցը շարունակեց. «Ձայնասկավառակներն ինձ համար եկամտի աղբյուր չեն, պարզապես մենահամերգների ու համերգային շրջագայությունների ժամանակ այն այցետոմս է հանդիսանում»:

Իննը տարեկանից ամերիկյան ապրելակերպին ընտելացած երգիչը վստահեցրեց, որ այնտեղ հայ մնալն այդքան էլ հեշտ բան չէ. «Իննը տարեկանից ապրում եմ ԱՄՆ-ում, արդեն 26 տարի ու երբ խոսում եմ հայերեն ոչ մի վայրկյան չեն կասկածում, որ ԱՄՆ-ում եմ ապրում: Անպես որ դա գալիս է մարդու տեսակից»,- վստահեցրեց Հարութն ու հայրենիք վերադառնալու ու մշտական բնակություն հաստատելու մասին հետաքրքված լրագրողին ասաց. «Հիմա որ ասեմ, թե երբ կվերադառնամ, սուտ կլինի: Երեւի թե, կյանքիս 60-70 տոկոսն անցկացրել եմ ԱՄՆ-ում,սովորել ու մեծացել եմ այնտեղ, բայց հայրենիքի հետ կապը գնալով ավելի է ամրապնդվում: Այսինքն` եթե նախկինում տարին 2, ապա հիմա 4 -5 անգամ եմ գալիս Հայաստան: Այնտեղ ամեն ինչը 0-ից ենք ստեղծել, դրա համար իմ եւ ընտանիքիս համար դժվար կլինի այդ ամենը թողնել ու վերադառնալ` ամեն ինչ կրկին 0-ից սկսելով»:
Այդուհանդերձ բանախոսը լրագրողներին խոստացավ հաջորդ անգամ Հայաստան գալ մենահամերգով. «Չնայած շատ էի ցանկանում, որ այն այս տարի կայանար, բայց քանի որ ժամանակային առումով չեմ հասցնում, ապա հաջորդ տարի կգամ ավելի երկար ժամանակով ու անպայման հայ հանդիսատեսին կներկայանամ մենահամերգով»,- խոստացավ երգիչն ու մանրամասնեց. «Այս ամենից բացի ինձ ամեն անգամ ընկերներիս, հարազատներիս, հանդիսատեսիս ջերմությունն ու կարոտն են ինձ բերում Հայաստան»:
Բացի գործնական հարցերից երգիչը նաեւ սիրով պատասխանեց անձնական բնույթի, ինչպես նաեւ վաստակավորի կոչումներ ստացած գործընկերների մասին հարցերին: Հատկապես վաստակավոր արտիստ ընկերների մասին ասաց. «Ամեն մարդ էլ գնահատվում է իր կատարած աշխատանքի դիմաց: Իսկ կոչումների
արժանացած ընկերներիս շնորհավորում եմ: Ի դեպ, ասեմ, որ երգիչ լինելը շատ դժվար բան է: Լինի ձայնասկավառակ կամ 4-5 րոպեանոց երգ, ժամանակ, նյարդեր է պահանջում: Շատ ժամանակ նաեւ օր ու գիշեր անցկացնում ենք ձայնագրման ստուդիաներում: Ուստի` հաճելի է, երբ գնահատվում ես կամ որպես երգիչ ուրախանում ես, որ ասենք կոնկրետ մի երգ գնահատվում է»:
Երգիչը չցանկացավ խոսել իր հոնորարների մասին, միայն ասաց, որ ամեն մարդ ինքն է իրեն գնահատում եւ ունի իր գինը: Նաեւ հավելեց, որ հաճախ մերժում է հարսանիքներում երգելու հրավերները, ոչ թե վարկանիշից ելնելով, այլ. «Համերգային բեմն եմ ավելի շատ նախընտրում»,- վստահեցրեց երգիչն ու անկեղծացավ, որ սիրում է հանդես գալ կենդանի երգեցողությամբ. «Չեմ ուզում հանդիսատեսին խաբել: Ինքս որպես հանդիսատես, երբ գնում եմ որեւէ երգչի մենահամերգին, ուզում եմ նրան տեսնել երաժիշտներով շրջապատված, որովհետեւ այդ շունչն ու ոգին գալիս է երգչից ու երաժիշտներից: Ավելի լավ է մի բառ սխալ երգեմ, քան կանգնեմ բեմում ու «ֆոնոգրամա» երգեմ: Չեմ ասում, թե դա սխալ է, բայց ես չեմ ընդունում»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
