ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՆՈՐՄԱ՞Լ Է ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆԸ
Արխիվ 12-16ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՆՈՐՄԱ՞Լ Է ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆԸ
Վերջերս կայացած երեւանյան վազքի կիսամարաթոնը դեռ երկար կհիշեն երեւանցիները եւ ոչ միայն նրա համար, որ այդ օրը երթեւեկությունը պարզապես կաթվածահար էր եղել, այլ նաեւ անկազմակերպ ու թերացումներով լի միջոցառման մասին հրապարակումներով: Մասնակիցները նշում են, որ վազող երեխաներից ոմանք լացում էին ցավից` իրար վրա ընկնելով, եւ այս ողջ ընթացքում կիսամարաթոնին ներկա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ շարունակում էր մնալ հանդարտ ու անհաղորդ ներկա խայտառակ իրավիճակին եւ ժպտալով սելֆի էր անում
հեռախոսով: Ի վերջո, թե ինչու այդպիսի կիսակազմակերպված կիսամարաթոն ունեցանք Երեւանում, «Իրավունքը» փորձեց պարզել հենց պարոն նախարարից, սակայն.
– Ինչո՞ւմն է խնդիրը, կոնկրետ հարցրեք:
– Օրինակ, որ կիսամարաթոնի ժամանակ ընկել են երեխաներն իրար վրա:
– Եթե մի երեխա ընկել է, չի նշանակում, որ մարդիկ են եղել եւ ընկել են, ուրի՞շ:
– Կոնկրետ Ձեր հասցեին էլ է քննադատություն հնչում...
– Նորմալ եմ նայում:
– Այսինքն` կազմակերպչական թերացման համար որեւէ մեկը չի՞ պատժվել:
– Ինչի՞ համար, ասեք, ինչո՞ւմն է խնդիրը, որտե՞ղ է եղել թերություն:
– Պարոն Ղազարյան, նկարներ կան հրապարակված տարբեր լրատվամիջոցներում:
– Մի հատ նկար է, որը տեւել է երեք վայրկան, եթե թերություն է, չգիտեմ...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.– Ի դեպ, այսպիսի տարօրինակ ու խուսափողական պատասխաններից հետո, հիշեցինք, որ երբ նոր էր նշանակվել պարոն Ղազարյանը նախարար, խոստանում էր լրատվամիջոցների հետ սերտ համագործակցություն, բաց եւ թափանցիկ աշխատանք, սակայն ժամանակի ընթացքում գործադիրի մանդատը այնքան փոխեց նախկին մարզիկին, որ դարձավ լռակյաց, նեղացկոտ ու չշփվող:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
