«ԲԱՔՎՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻԱՍԿՈՆ ԱՊՐԵՑԻՆ»
Արխիվ 12-16«ԲԱՔՎՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻԱՍԿՈՆ ԱՊՐԵՑԻՆ»
ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ վերջին օրերին սահմանին նկատվել է հրադադարի խախտման ռեժիմի դեպքերի նվազում: Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայիս վիճակը ներկայացրեց այս կերպ. «Սահմանային իրավիճակն այսօր շարունակում է մնալ կայուն-լարված: Բայց եթե համեմատում ենք նախորդ օրերի հետ, մի քիչ ավելի հանգիստ է եղել իրավիճակը, խոշոր տրամաչափի զենքերից, ականանետերից չեն կրակել: Իրավիճակը մեր զորքերի կողմից վերահսկվում է: Մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, առաջին գծում կանգնած զինվորը իր պարտականությունները կատարում է պատշաճ մակարդակի»:
Այս ամենի՝ սահմանին տիրող իրավիճակի մեղմացման պատճառների, հակառակորդի հետ շպրտվելու, ինչպես նաեւ Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությունների վերաբերյալ զրուցեցինք ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ:
Ինչ ազդեցություն, ըստ Ձեզ, ունեցան ՀՀ նախագահի եւ հայկական պաշտպանական գերատեսչությունների բավական խիստ հայտարարությունները: Արդյոք դա կարո՞ղ է պատճառ լինել, որ հանգստյան օրերին կարծես լարվածությունը նվազեց:
- Նախարար Օհանյանի դրվացքն է՝ հանդուգն նախաձեռնողականությամբ կոտրել թշնամու կամքը: Այդ դրվացքը բանակի անձնակազմին ինքնավստահ է դարձնում: Արդյունքում՝ կանխարգելիչ-պատժիչ միջոցառումներն իրականացվում են ոգեւորությամբ, ընդ որում՝ բարձր հրամանատարական կազմի մասնակցությամբ: Ադրբեջանական կողմը ծանր կորուստներ է կրել, եւ հենց այդ է պատճառը, որ իրավիճակը պետական սահմանին հարաբերականորեն հանգիստ է: Հակառակորդը հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ կիրառեց խոշոր տրամաչափի հրետանի, ինչը պետական սահմանին առկա լարվածությանը նոր որակ հաղորդեց: Անշուշտ, հետեւեց հայկական ուժերի զսպող եւ անհամաչափ պատասխանը, եւ փխրուն խաղաղությունը սահմանին վերահաստատվեց:
Ադրբեջանական կողմը արտաքին գործերի նախարարների հանդիպման նախօրեին կրկին փորձեց տպավորություն ստեղծել, թե ունակ է հանդես գալու ուժի դիրքերից: Պետական սահմանի տարբեր հատվածներում մեր բանակն իրականացրեց պատժիչ-զսպող գործողություններ, ինչի արդյունքում Բաքվում հերթական ֆիասկոն ապրեցին: Հայկական կողմը բանակցություններին ոչ միայն տեղի չտվեց, ավելին՝ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մեր դիրքորոշումները դարձան է՛լ ավելի կտրուկ, ինչը միանգամայն համարժեք պետք է համարել ստեղծված իրավիճակին:
Բայց ամենակարեւորը՝ այդ ամենի արդյունքում հանրության շրջանում տիրապետեց թշնամուն ջարդելու հոգեբանորեն առողջ դիրքորոշումը: Արցախն իր ներկայիս սահմանադրորեն ամրագրված տարածքով` որպես մեկ ամբողջություն, հայոց հայրենիքի մի մասն է, հայոց պետականության գոյության գրավականը: Ըստ այդմ՝ մեզ հետ ուժի դիրքերից խոսելու հակառակորդի ցանկացած փորձ հետայսու նույնպես հանդիպելու է հայկական կողմի կտրուկ հակազդեցությանը:
«ԱԼԻԵՎՅԱՆ ՌԵԺԻՄԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՏՃԱՌ»
-Ի՞նչ եք կարծում, հակառակորդն առաջիկայում կրկի՞ն փորձեր կանի՝ սահմանին իրավիճակը սրելու ուղղությամբ, թե՞ այս քոթակը դեռ երկար կհիշեն:
- Առաջիկայում Ադրբեջանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Ներքաղաքական իրավիճակն այնտեղ բավականին լարված է, եւ այդ ֆոնին ալիեւյան ռեժիմին ձեռնտու չէ հանրային դժգոհության նոր պատճառ՝ ի դեմս մեծաթիվ կորուստների: Ընդհակառակը՝ ձեռնտու կլիներ փոքրիկ հաղթանակ տանել սահմանին եւ արտաքին թշնամու խաղաքարտը խաղարկելով՝ հանրության աջակցությունը ստանալ: Սակայն մեր վերջին պատասխանը այլ բան կհուշի Բաքվին: Հետեւաբար, հատկապես հիմա, նախընտրական այս շրջանում, պետական սահմանին անդորրի գրավականը՝ մեծաթիվ կորուստների հեռանկարից թշնամու վախն է:
- Իսկ ՀԱՊԿ զորավարժությունները, ըստ Ձեզ, որքանո՞վ սաստող դեր ունեցան հակառակորդի համար:
- Առիթ եմ ունեցել ասել եւ հիմա էլ կրկնում եմ. ՀԱՊԿ-ը մեր անվտանգության հավելյալ երաշխիքն է: Մեր խաղաղության երաշխիքն առաջին հերթին մեր բանակն է: Այդուհանդերձ՝ մենք վստահ ենք, որ եթե հայկական կողմը դիմի ՀԱՊԿ-ին ռազմական օգնություն ստանալու համար, մենք այն կստանանք: Հայկական կողմը չի դիմել, քանզի իր հնարավորությունները թույլ են տալիս լիովին վերահսկել իրավիճակը պետական սահմանին: Ի դեպ՝ ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կարծիքով նույնպես` մեր Զինված ուժերն ունակ են հաջողությամբ դիմակայել Արեւելքից բխող վտանգին: Իսկ վերջին զորավարժությունները կոչված էին է՛լ ավելի զարգացնել մեր բանակի այդ ունակությունները: Հարկ է գիտակցել՝ մեզ համար ՀԱՊԿ-ը նախեւառաջ հավակնոտ ռազմական խնդիրներն ինքնուրույն լուծելու ռեսուրս ձեւավորելու միջոց է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

