«ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐՆ ԱՀԱԲԵԿՎԱԾ ԵՆ». ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԵՌ ՉԻ ԵՂԵԼ
Արխիվ 12-16«ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐՆ ԱՀԱԲԵԿՎԱԾ ԵՆ». ԱՎԱԳԱՆՈՒ
ԱՆԴԱՄԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԵՌ ՉԻ ԵՂԵԼ
«Իրավունքը» սեպտեմբերին գրել էր, որ Սիսիանի ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանը, հավանաբար, Հովիկ Աբրահամյանի հետ կհանդիպի սեպտեմբերի վերջին:
Հիշեցնենք`Սրբուհի Գրրգորյանը նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և տեղեկացրել, որ Սիսիան քաղաքին տրամադրվող գումարները չեն ծառայում իրենց նպատակին այն պարզ պատճառով, որ դրանք համաչափ չեն բաշխվում:
«Իրավունքը» Սրբուհի Գրիգորյանի հետ զրույցից պարզեց, որ վարչապետի հետ հանդիպումը դեռ չի եղել: «Առայժմ պատասխան չունեմ: Սպասում եմ, թե երբ է նշանակվելու հանդիպման օրը»,- ասաց ավագանու անդամը:
Այս մեկ ամսվա ընթացքում, սակայն, ավագանու անդամի բարձրացրած հարցերից ոչ մեկին լուծում չի տրվել պատկան մարմինների կողմից:
Ի դեպ, Սրբուհի Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ Գորիս քաղաքին միայն այս տարի գրեթե 100 մլն դրամ ավելի է տրվել, քան Սիսիանին: Նախորդ տարիներին էլ տարբերություններ եղել են «հօգուտ Գորիսի», բայց ոչ այդ չափի:
Ավագանու անդամն անհրաժեշտություն չի համարում մինչ վարչապետին հանդիպելը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին հանդիպել` քննարկելու եւ լուծումներ գտնելու իր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ: «Դե եթե վարչապետին պետք է հանդիպեմ, կարիք կա՞ նորից հանդիպել մարզպետին: Այն հրատապ ծրագրերը, որոնք ես նշել եմ, օրինակ, ֆիզկուլտուրնիկների չորրորդ կարգի վթարային եւ ամրացման ոչ ենթակա շենքը, Սիսիանի քաղաքապետարանը որպես հրատապ ծրագիր ուղարկել էր մարզպետարան, որն էլ իր հերթին պետք է այն կառավարություն ուղարկեր: Սակայն ծրագիրը կառավարություն չի հասել, ավելին` այն հանվել է հրատապների շարքից»,- ասաց ավագանու անդամը:
Ինչո՞ւ ավագանու անդամի այդ հայտարարությունն այդքան մեծ աղմուկ հանեց: Ի վերջո, Սիսիան քաղաքի խնդիրների մասին հաճախ է խոսվում: «Միգուցե ավագանու ինստիտուտի կայացման խնդիր կա կամ մինչեւ հիմա ավագանու ոչ մի անդամ նման նամակով հանդես չէր եկել, չէր ըմբոստացել (եթե իհարկե սա ըմբոստություն կարելի է համարել) մարզպետարանի դեմ»,- կարծում է Սիսիանի ավագանու անդամը:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ չհանդիպելու պատճառներից մեկն էլ, ըստ Սրբուհի Գրիգորյանի, այն է, որ կառավարությանն ուղղված իր առաջին նամակն հասցեագրվել էր մարզպետարան: Մարզպետի հանձնարարությամբ հանձնաժողով էր ստեղծվել` ուսումնասիրելու խնդիրը Սիսիանի տարածաշրջանի մասին: «Սակայն խոսքը ոչ թե Սիսիանի տարածաշրջանի, այլ Սիսիան քաղաքին էր վերաբերում: Ավելի կոնկրետ` վթարային վիճակում գտնվող ֆիզկուլտուրնիկների վեց բնակելի շենքերի բնակիչներին: Իմ հայտարարությունից մեկ-երկու շաբաթ հետո երկրաշարժ եղավ Սիսիանում, եւ հիմա այդ բնակիչներն ավելի ահաբեկված են ապրում»,- եզրափակեց տիկին Գրիգորյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
