«2,2 ՏՈԿՈՍ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆ ԱՄԵՆԱԶԳՈՒՇԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆ Է»
Արխիվ 12-16«2,2 ՏՈԿՈՍ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆ ԱՄԵՆԱԶԳՈՒՇԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆ Է»
«2016թ. համար կանխատեսվող 2.2 տոկոս աճը պայմանավորված է այն արտաքին գործոններով, որոնք կարող են ազդեցություն ունենալ»,- այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով 2016թ. բյուջեի կանխատեսումներին` ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ:
-2.2 տոկոս աճի կանխատեսումն իր բազմաթիվ պատճառներն ու գործոններն ունի: Խոսքը հիմնականում արտաքին ազդակների մասին է, մասնավորապես, որ դեռեւս այդքան էլ կայուն չէ վիճակը մեր գործընկեր երկրներում: Այսինքն՝ 2.2 տոկոս կանխատեսումը հիմնավորված է տնտեսագիտորեն` բոլոր ռիսկերը հաշվի առնելով: Ես մի բան էլ ասեմ. ՀԱՆ-ի անվանական աճն ավելի մեծ կլինի, բայց հաշվի առնելով մնացած գործոնների ազդեցությունը, այդպիսի կանխատեսում է արվել: Ամեն դեպքում, եթե կա աճ, նշանակում է՝ կա առաջընթաց, թեկուզ` համեմատաբար փոքր: Բայց նաեւ, եթե այդ 2.2-ի փոխարեն լիներ, ասենք, 7.2 տոկոս աճ, կասեին՝ դա էլ մեզ չի բավարարում: Ամեն դեպքում՝ 2.2 տոկոս կանխատեսումը ամենաիրատեսական, ամենազգուշավոր սցենարն է:
«ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՃ ՈՒՆԵՆՔ»
-Պարոն Ճշմարիտյան, դեպի Ռուսաստան արտահանումների հետ կապված` այս տարի լուրջ խնդիրներ կային՝ կապված ռուբլու փոխարժեքի հետ: Ներկայումս ինչպիսի՞ն է այդ պատկերը:
- Պետք է ասեմ, որ մենք արդեն արտահանումների աճ ունենք այս տարի, եւ նկատենք, որ ԵՏՄ անդամ միակ երկիրն ենք, որը նման աճ է գրանցել:
- Դա ի՞նչով է պայմանավորված:
- Պայմանավորված է վարվող արտաքին տնտեսական քաղաքականությամբ, գործարար միջավայրի բարելավմամբ, նաեւ, պետք է նշել, մեր գործարարների, այսպես ասած, ճկունությամբ: Նրանք կարողանում են շատ կարճ ժամանակահատվածում դիվերսիֆիկացնել իրենց արտաքին տնտեսական հնարավորությունները. այստեղ գործում է հայ գործարարի ավելի ճկուն, ավելի արագ արձագանքելու հատկանիշը, միեւնույն ժամանակ կառավարությունն անընդհատ հորդորել ու ուղղորդել է, որ նոր շուկաներ են հարկավոր, ինչն էլ իր արդյունքը արդեն տալիս է: Նշեմ, որ բացի Եվրամիությունից, ԱՄՆ-ի կոնգրեսը նույնպես ընդունել է արտոնյալ առեւտրի հնարավորություն Հայաստանի համար. շուտով կհրապարակվի այդ ապրանքների ցանկը: Բավական շահավետ պայմաններ են ստեղծվել մեզ համար. ԱՄՆ-ն ավելացված արեժքի հարկ էլ չունի իր սահմանին: Այսինքն` բացարձակ զրոյական դրույքաչափով կարելի է այդ երկիր ներմուծել հայկական արտադրատեսակների մեծ տեսականի: Օտարերկյա ներդրողների համար մեզ մոտ անհամեմատ գրավիչ պայմաններ են:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
