Սահմանադրական բարեփոխումների «ոչ»-ի ճամբարի գործունեությամբ «այո»-ի կողմնակիցների քանակն է ավելանում
Արխիվ 12-16ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ «ՈՉ»-Ի ՃԱՄԲԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ «ԱՅՈ»-Ի ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ Է ԱՎԵԼԱՆՈՒՄ
Ավարտվեց հերթական ԱԺ քառօրյան, որը լի էր պատգամավորական դիմակազերծումներով, օրենսդրական կարեւորագույն որոշումներով ու քաղաքական լարվածությամբ: Ամփոփելով շաբաթվա կարեւորագույն քաղաքական իրադարձությունները` «Իրավունքը» զրուցեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:
«ՆԱԵՎ ՏԵՍԱԿԵՏ ԱՐՏԱՀԱՅՏՈՂԸ ՊԵՏՔ Է ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԱՍՏԱԿԱԾ ԼԻՆԻ»
–Պարոն Դավթյան, երեկ խորհրդարանում Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թ. գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը քննարկելիս` ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը սրտնեղեց, թե Հանրայինով ընդդիմության ներկայացուցիչներին բավարար չափով եթերաժամանակ չի հատկացվում: Ի՞նչ կասեք այս մասին:
– Կարծում եմ` ըստ էության, Հանրային հեռուստաընկերությունը ճիշտ է անում, որ ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ իշխանության ներկայացուցիչների հարթակը չի դառնում, որովհետեւ դրանով իսկ իր «Հանրային» անվանմանը դեմ գործունեություն ծավալած կլիներ: Եվ նաեւ եթե երկու կողմերում էլ կա այդ դժգոհությունը, ուրեմն` ըստ իս, Հանրային հեռուստատեսությունը կատարում է իր գլխավոր առաքելությունը: Գտնում եմ, որ այստեղ ոչ թե պետք է տեսնենք ու ասենք` ընդդիմադիր է կամ իշխանական, եւ ով ինչքան է, փաստորեն, Հանրայինի եթերում երեւում, այլ այն ավելի շատ տեսակետների բախման խնդրին առնչություն պիտի ունենա: Բայց նաեւ տեսակետ արտահայտողը պետք է այդ իրավունքը վաստակած լինի, որպեսզի նա արտահայտելով իր տեսակետը` հանրության վստահությունը դեպի Հանրային հեռուստաընկերությունն ավելացնի, բարձրացնի, այլ ոչ թե հակառակ գործընթացը տեղի ունենա:
«ՈՉ»-Ի ՃԱՄԲԱՐՆ ՈՒ ՍԱՐՍԱՓԱԾ ՔՈՉԱՐՅԱՆԸ
–Այս շաբաթ, երբ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը բարձրաձայնեց, որ նոր իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող է 2017 թվականին իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոշ ԲՀԿ-ականներ որոշեցին անհնազանդություն դրսեւորել` սահմանադրական բարեփոխումներին «այո» ասող սեփական խմբակցության հանդեպ: Արդյո՞ք պարզորոշ կապ չեք տեսնում այս ամենում:
– Բազմիցս իմ գործընկերները խոսել են այդ մասին: Ես ուղղակի զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից` կապված երկրորդ նախագահի հայտարարության եւ նաեւ մեկնաբանությունների հետ:
– ԱԺ քառօրյայի առանցքային իրադարձություններից էր նաեւ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման ընդունումը, որի համաձայն, միայն 10 պատգամավոր է դեմ սահմանադրական բարեփոխումներին: Այսքանից հետո մի՞թե անիմաստ չի դառնում սահմանադրական բարեփոխումների «ոչ»-ի ճամբարի գործունեությունը:
– Իմ կարծիքով, եթե վերջնական արդյունքի տեսակետից նայելու լինենք, ապա ոչ թե անիմաստ չի դառնում, այլ` ճիշտ հակառակը: Եթե նրանք պետք է գործեն այնպես, ինչպես գործել են, դրանով «այո»-ի կողմնակիցների քանակն է ավելանալու: Այս իմաստով, ըստ էության, իմաստազուրկ չեմ համարում նրանց գործունեությունը:
«ՍՈՒՐԲ ՏԵՂԸ ԴԱՏԱՐԿ ՉԻ ՄՆՈՒՄ»
–Հիմնական ընդդիմադիր ուժերը, որոնք աչքի էին ընկնում, հիմա հայտնվել են ստվերում կամ կործանման եզրին են: Կա՞ն հեռանկարներ, որ նոր ձեւավորված կամ ձեւավորվող կուսակցություններին կհաջողվի զբաղեցնել ընդդիմադիր դաշտում թափուր մնացած տեղերը:
– Կապրենք ու կտեսնենք: Եթե նոր խոսքով, նոր գաղափարներով, նոր մոտեցումներով պետք է քաղաքական դաշտ մտնեն, ապա բնական է, որ յուրաքանչյուրս պետք է ողջունի եւ ոգեւորվի դրանով: Իսկ եթե պիտի անեն այն, ինչ այս տասնամյակների ընթացքում արել են, ինձ թվում է, որ արդյունքն էլ կլինի համարժեք` իրենց կատարած գործողություններին:
– Գուցե, նրանց ձախողումը կանխատեսելո՞վ է ՀՀ երկրորդ նախագահն ասում, որ սահմանադրական բարեփոխումներով խորհրդարանում կլինի մեկ կուսակցության գերակայություն:
– Սա ես բացառում եմ, չի կարող այդպիսի բան լինել, որովհետեւ սուրբ տեղը դատարկ չի մնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
