ԷՐԴՈՂԱՆԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ
Արխիվ 12-16ԷՐԴՈՂԱՆԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ
Ռեջեփ Թայիբ Էրդողանը շարունակում է աղմկել Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ինքնաթիռների կողմից Թուրքիայի սահմանը երկու անգամ հատելու պատմության շուրջ: Բրյուսել կատարած իր այցի ժամանակ Էրդողանը նույնիսկ սպառնալիքների անցավ, թե՝ Ռուսաստանը կարող է Թուրքիային կորցնել որպես բարեկամական երկիր. «Ռուսաստանի հետ մեր լավ հարաբերությունների մասին բոլորը տեղյակ են: Բայց եթե Ռուսաստանը կորցնի այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է, եւ որի հետ շատ ոլորտներում է համագործակցում, ապա շատ բան կկորցնի»:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԼԵ՞Ֆ
Մի փոքր էլ ոգեւորվելով՝ Էրդողանն էլ ավելի կոնկրետացրեց իր սպառնալիքները. «Մենք Ռուսաստանից բնական գազի թիվ մեկ գնորդն ենք: Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է բնական գազ գնել տարբեր վայրերից»: Կամ. «Եթե ռուսները չկառուցեն «Աքույու» աէկ-ը, մեկ ուրիշը կգա ու կկառուցի...»:
Իհարկե, հազիվ թե Էրդողանն այդքան կոշտանար` մի քանի րոպեով ռուսական ինքնաթիռների կողմից թուրքական սահմանը հատելու փաստից: Պարզից էլ պարզ է, որ դա պատահականություն է. հակառակ դեպքում կնշանակեր, որ ՌԴ-ն պատերազմ է հրահրում Թուրքիայի, այսինքն՝ ՆԱՏՕ-ի հետ: Այսինքն՝ նման պատահականություններ ռազմական գործողությունների ժամանակ միշտ էլ կարող են լինել, եւ սովորաբար նման դեպքերում պետական նոտաներ լինում են, սակայն դրանով էլ միջադեպը համարվում է փակված: Ընդ որում՝ վերջին ժամանակներս Թուրքիան քանիցս ապօրինաբար մուտք է գործել Սիրիայի ու Իրաքի օդային տարածքներ եւ նույնիսկ՝ ավիացիոն հարվածներ հասցրել այդ երկրների քաղաքացիներ հանդիսացող քրդերին, ինչը միջազգային բոլոր նորմերով անթույլատրելի է: Միաժամանակ, Անկարան կկարողանա հուսալ, թե ՆԱՏՕ-ն իր անդամ պետության սահմանները հատելու այդ դեպքերը կհամարի ագրեսիա եւ ռազմական պատասխան կտա ռուսներին:
Այսինքն՝ այս պատմությունն առավելագույն դեպքում կտեղափոխվի միջազգային իրավունքի շրջանակներում «լեզվակռվի» հարթություն, եւ այստեղ արդեն դրան կգումարվի Թուրքիայի կողմից Սիրիայում ու Իրաքում այդ նույն միջազգային իրավունքի տեսանկյունից փաստացի ագրեսիայի պատմությունը: Ընդ որում, եթե նույն տարածքներն առանց թույլտվության ռմբակոծող ԱՄՆ-ին որեւէ մեկը բան չի ասի, փոխարենը` նույն ԱՄՆ-ի աջակցությունն ունեցող քրդերին կոտորելու պատմությունը` իրադարձությունների որոշակի զարգացումների դեպքում, կարող է ծանր նստել Էրդողանի վրա. ով իմանա, թե քրդերի հարցով իրականում ինչ են պայմանավորվել Պուտինն ու Օբաման՝ Նյու Յորքի վերջին հանդիպման ժամանակ, երբ երկուսն էլ նրանց պաշտոնապես համարել են «Իսլամական պետության» դեմ ռեալ պայքար մղող քիչ թվով ուժերից մեկը: Դրան էլ գումարենք, որ Էրդողանի շուրջ այս պահին սկանդալների պակաս չկա: Նախ՝ շրջանառության մեջ մտան այն լուրերը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նա կարող է կրկին ծանր ֆիասկո ապրել եւ էս գլխից նախապատրաստվելով՝ որդուն մի քանի միլիարդ դոլարով «թռցրել» է Թուրքիայից: Ապա՝ նույն Բրյուսելում Էրդողանի թիկնապահները մի քանի բախումներ ունեցան տեղի անվտանգության ծառայությունների հետ: Կինն էլ՝ Էմինե Էրդողանը ամուսնուն գոտկատեղից ցած հարված հասցրեց՝ մեկ ժամով իր թիկնապահների հետ փակելով բրյուսելյան խանութներից մեկը՝ դրանով մեծ աղմուկ առաջացնելով: Այս ամենից զատ էլ, կանցլեր Մերկելը հերթական ապտակը հասցրեց. «Ես միշտ դեմ եմ եղել Թուրքիայի՝ Եվրոպական միության լիարժեք անդամ լինելուն, եւ ես շարունակում եմ մնալ այդ կարծիքին»:
Այսպիսով՝ անձնական, ներպետական եւ արտաքին քաղաքական այդքան բեռն ունեցող Էրդողանը, երբ խոսում է ռուսների հետ եւս հարաբերությունները հիմքից փչացնելու մասին, ապա հազիվ թե դա հնարավոր լինի լուրջ համարել:
ՌՈՒՍԱԿԱՆ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԳԼԽԻՎԱՅՐ ՇՐՋԵՑԻՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ
Ավելի ճիշտ՝ նման հայտարարություններից այն կողմ Անկարան հազիվ թե անցնի, սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ ներքուստ Էրդողանը ողջունում է Սիրիայում ռուսների գործողությունները: Որոշ դրվագներ, իհարկե, թուրքերին ձեռնտու է: Մասնավորապես՝ Սիրիայի եւ Իրաքի միասնականության վերականգնումն օրակարգից կարող է դուրս բերել այդքան սուր դարձած քրդական ինքնավարության խնդիրը, որը այդ երկրների տրոհման դեպքում գրեթե անխուսափելիորեն կարող է վերածվել Քուրդիստանի ստեղծման ու նաեւ Թուրքիայի տարածքում դրա ծավալման մեծ վտանգի: Բայց մյուս կողմից` Վ. Պուտինը քրդերին համարեց Ասադի հետ միասին ԻՊ-ի դեմ ռեալ պայքարող միակ ուժը: Իսկ դա հուշում է, որ միավորված Սիրիայի եւ Իրաքի պարագայում անգամ այդ երկրներում քրդական, եթե ոչ ինքնիշխանություն, ապա գոնե ինքնավարություն կարող է ստեղծվել: Երկրորդը` ԻՊ-ի հետ կապեր` Անկարան դեռ դրա ձեւավորման օրերից, ունի ¥այս պահին էլ ԻՊ-ի արդյունահանած «լեւի» նավթը հենց Թուրքիայով է հոսում, ինչն արդեն իսկ շատ բան է ասում ոչ ԻՊ-Թուրքիա, այլ նաեւ այդ ամենից գաղափար անգամ «չունեցող» Վաշինգտոնի ու ԻՊ-ի հարաբերությունների մասին¤, այսինքն՝ այդ կառույցի միջոցով եւս կար քրդերի հարցը լուծելու տարբերակ: Կար նաեւ քրդաբնակ տարածքներում «բուֆերային գոտի» ստեղծելու ծրագիրը, որով թուրքական բանակը կկարողանար ԱՄՆ-ի «դաբրոյով» մտնել Սիրիա-Իրաքի քրդաբնակ տարածքներ եւ ինքնուրույնաբար լուծեր քրդերի խնդիրը: Եվ այդ ծրագիրը կարող էր աստիճանաբար իրականացվել այս կերպ. եթե Ասադը մնար առանց օգնության, հազիվ թե երկար դիմադրեր ԻՊ-ի հարձակումներին: Ասադի տապալումից հետո, երբ ԻՊ-ը կդառնար Սիրիայի տեր ու տնօրենը, Վաշինգտոնն արդեն այդ կառույցին կհռչակեր համաշխարհային միակ չարիք, որի գործողությունների պատճառով միլիոնավոր փախստականներ ողողում են Եվրոպան: Եվ այդ պահին, երբ առաջ կգար Սիրիան ԻՊ-ից «ազատագրելու» խնդիր, Անկարան, անշուշտ, հենց իրեն կտեսներ «ազատամարտիկների» առաջին շարքերում: Դրանից հետո արդեն կգար նոր սիրիական կառավարություն ստեղծելու պահը, եւ այդ առիթից նույնպես թուրքերը մեծ ախորժակով կօգտվեին: Սիրիայի կորուստը ծանր հարված կդառնար նաեւ Իրանի համար, ինչը նույնպես թուրքական երազանքներից է...
Ռուսական ինքնաթիռները այդ ծրագրերն են, որ ձախողեցին, եւ Անկարայի նյարդային վիճակը կարելի է միանգամայն հասկանալ: Բայց նաեւ, որ ռուսներից այսչափ նեղանալը դեռ Էրդողանի համար ազդակ չէ՝ գլխապատառ ետ վազել «հայրական» ամերիկյան տուն: Ընդհակառակը` Կասպից ծովից ռուսների իրականացրած հրթիռային հարձակումը բոլորին էլ մտածելու տեղիք տվեց: Նախ` այս պահին, թեեւ Սիրիայում իրանական գործոնը քիչ է նկատվում, սակայն փաստ է, որ առանց Թեհրանի թույլտվության ռուսական 26 «Կալիբր» հրթիռներն Իրանի տարածքով հաստատ չէին անցնի: Այսինքն՝ Իրանի տարածքով այդ լրջագույն հրթիռները թռչելով՝ բոլորին պարզ ցույց տվեցին, որ ռուս-պարսկական ռազմական համագործակցությունը կպահպանվի մինչեւ վերջ: Երկրորդը` թեւավոր հրթիռներ արձակելով այն պարագայում, երբ այս օրերին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն համառորեն «խորհուրդ» են տալիս ռուսներին՝ վերջ տալ օդային գրոհներին, Մոսկվան պարզ ցույց տվեց, որ արեւմտյան այդ նվնվոցներին որեւէ ուշադրություն չի դարձնում: Գումարած դրան՝ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն օրերս կարծիք ներկայացրեց, որ Ռուսաստանը կարող է նաեւ Սիրիայի դեմ պատերազմում օգտվել Ստեփանակերտի օդանավակայանից ¥եւ այդ հարցի շուրջ նաեւ Բաքուն պետք է, որ լրջորեն մտածի¤, իսկ այդ դեպքում թռիչքները եւս հնարավոր է միայն Իրանով իրականացնել: Եվ ավելին. որոշ վերլուծական աղբյուրներ հուշում են, որ ներքին խողովակներով Ռուսաստանը ԻՊ-ին «ծանր» հակաօդային պաշտպանության միջոցների տրամադրումը կհամարի իր նկատմամբ պատերազմի ակտ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Եվ, վերջապես, ռուսական նավատորմը նաեւ կենտրոնացած է Սիրիայի միջերկրածովյան ափերի մոտ, այսինքն՝ այստեղից եւս կարող են հարվածներ լինել:
Այսինքն` ակնհայտ է, որ Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվեց Սիրիայում Մոսկվայի «վախը բռնել», եւ հիմա, եթե ուզում է ռուսներին կասեցնել, ելքը մեկն է. պատերազմ սկսել: Բայց եթե անգամ ԱՄՆ-ն առհասարակ նման ծայրահեղ քայլի գնալու տարբերակ ունենա, կոնկրետ դեպքում մեկ էական արգելակ կա. Չինաստանի հետ արդեն իսկ տնտեսական «պատերազմի» մեջ է մտնում, որը պարտադրում է ուժերի կենտրոնացում հենց այդ ուղղությամբ: Համենայնդեպս՝ ռուսների հրթիռային հարվածի հետ կապված` Վաշինգտոնը հռետորաբանությունից այն կողմ չանցավ, ինչը եւս հուշում է, որ Մերձավոր Արեւելքում ունի ռուսներին հակազդելու սահմանափակ հնարավորություններ: Այդ հանգամանքը, իհարկե, տեսնում է ոչ միայն Թուրքիան, այլ տարածաշրջանի մյուս երկրները, եւ բոլորն էլ զգուշավորությամբ սպասում են սիրիական պատերազմի հետագա ընթացքին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk