ԵՐԲ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՒՍԱՆԵՐԸ ԼՌՈ՞ՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ԵՐԲ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՒՍԱՆԵՐԸ ԼՌՈ՞ՒՄ ԵՆ
Աշխարհն ականատես եղավ ռուսների համարձակ եւ միաժամանակ գեղեցիկ քայլին` որպես Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա «նվեր» Կասպից նավատորմը 26 հրթիռներով Սիրիայում խոցեց «Իսլամական պետության» 11 թիրախներ: Աշխարհի մակարդակով դա առաջացրեց որոշակի շփոթություն, իսկ մեր երկրում բերեց նրան, որ արեւմտամետներն սկսեցին սսկվել:
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի արեւմտամետ գործիչները, փորձագետները, մեկնաբանները թեեւ ունեն «առաջադրանք» Ռուսաստանի գործունեությունը Սիրիայում որակել «ագրեսիա», սակայն այդ հարցում էական դժվարություններ ունեն: Մի տեսակ դժվար է ձեւ գտնել պաշտպանելու այնպիսի հոռի հաստատություն, ինչպիսին է «Իսլամական պետությունը», այդ պատճառով քարոզչական դաշտում պտտվում է թեզը, թե իբր ռուսները ահաբեկիչներին խփելու փոխարեն խփում են «չափավոր ընդդիմությանը»: Երկար չաշխատեց եւ այն հնարքը` իբր ռուսական հարվածներից նաեւ երեխաներ են զոհվում, քանզի բավականին արագ բացահայտվեց կեղծիքը` ամենատարբեր տեղերից հավաքած հին լուսանկարները որպես ռուսական ռմբակոծությունների արդյունք ներկայացնելը:
Եվ ի՞նչն է կարեւոր` նաեւ հօդս ցնդեց երկար ժամանակ շրջանառվող այն սուտը, իբր ռուսները խաղաղապահ զորքի միջոցով պատրաստվում են Արցախը նվիրել թուրքերին: Էրդողանի հակառուսական հայտարարություններն այնքան պերճախոս են, որ այլեւս բավականին դժվար է խաղացնել հայերի դեմ ռուս-թուրքական համատեղ դավադրության տարատեսակ տեսությունները: Ու նույնիսկ ողջամիտ արեւմտամետները այժմ ձգտում են ձեռնպահ լինել կտրուկ հակառուսական արտահայտություններից: Զորօրինակ, իր ամերիկամետ հայացքներով հայտնի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը այժմ բաց տեքստով մատնանշում է, որ Ռուսաստանը Թուրքիային ցույց է տալիս վերջինիս իսկական տեղը:
Հայ-ադրբեջանական շփման գծի վերաբերյալ խուճապային նյութեր տարածելն էլ այժմ առանձնապես չի ստացվում, առավել եւս, որ հիմա հարաբերական անդորր է տիրում: Բայց խուճապ տարածող քարոզիչները, բնականաբար, քնած չեն, ու կրկին «վերակենդանացվեց» զազրելի ալիքը. իբր այս կամ այն մարզում կամ համայնքում երեխաներ գողանալու եւ նրանցից երիկամներ հանելու վերաբերյալ կեղծ լուրերի տեսքով: Այն, որ այդ զազրելի լուրերի տարածումը մեկ կենտրոնից է կազմակերպվում, կարծում ենք, անկասկած է: Եվ ուշագրավն այն է, որ, որպես «առեւանգիչներ» ներկայացնում են բանակի կամ ոստիկանության համազգեստով մարդկանց:
Պարզ է, որ ստի ոտերը շատ կարճ են, սակայն ենթագիտակցական մակարդակով միեւնույնն է, նստվածք է մնում համազգեստավոր մարդու նկատմամբ մի տեսակ չգիտակցված հակակրանքի տեսքով: Այսինքն, թեեւ խուճապ առաջացնելու խնդիրը այդ լուրեր տարածողները կարողանում են լուծել շատ կարճ ժամանակով, կամ նույնիսկ դա չի էլ ստացվում, սակայն երկարատեւ կտրվածքով կուտակվում է համազգեստավորի նկատմամբ անվստահության շերտ, որը եւ մեր թշնամուն պետք է, որպեսզի ինչ-որ չափով խաթարվի կատարյալ վստահությունը բանակի նկատմամբ:
Ի դեպ, այժմ անկախ քաղաքական ուղղվածությունից, սեփական վարկանիշը բարձրացնելու շատ տարածված միջոց է դարձել սահմանամերձ բնակավայրեր այս կամ այն ծրագրի շրջանակներում մեկնելը: Ու բացառություն չեն կազմում անգամ նրանք, ում շատ դժվար է կասկածել ռազմահայրենասիրական հակում ունենալու մեջ:
ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՈՒ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ
Հրապարակային քաղաքական կյանքը գրեթե սառած է: Խորհրդարանում Սահմանադրության ամենաթունդ հակառակորդի` Լյովիկ Զուրաբյանի օյինբազությունները արդեն լուրջ ընդունող չկա: Եվ, օրինակ, քվեարկության օրը եթե ոստիկանությունը միջամտած չլիներ, ապա ԱԺ պարսպից «ոչ» մակագրությամբ պաստառ կախող երկու-երեք տասնյակ աշխուժակների խղճուկ ակցիան այդպես էլ աննկատ կմնար: Հանրության ուշադրությունը այդ ակցիայի վրա հրավիրվեց բացառապես այն բանի շնորհիվ, որ շուրջ երկու տասնյակ ակտիվիստ բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ու երբեմն տպավորություն է ստեղծվում, որ կամա, թե ակամա իշխանությունը ձգտում ունի ընդդիմադիրներին ցույց տալ ավելի զորեղ, քան նրանք իրականում կան:
Դե, «Ոչ»-ի ճակատի տարատեսակ ակցիաները, փողոցում ցույց կամ հանրահավաք անցկացնելու փորձերը լրջորեն չեն ընկալվում ու, առավել եւս, ի զորու չեն ազդել հանրաքվեի արդյունքի վրա: Խոշոր հաշվով, դրանք հանրահավաք կոչել էլ արդեն չի ստացվում, իրականում դա մանր հավաքներ են: Նույն «Ոչ»-ի շրջանակներում ժպիտ է առաջացնում եւ Պարույր Հայրիկյանի «վերջին զգուշացմամբ» բաց նամակը Սերժ Սարգսյանին` Սահմանադրության վերաբերյալ: Իսկ ընդհանուր առմամբ, առանձնապես հնարավորություն չունեցող «Ոչ»-ի ճակատը նաեւ ներսից է ջլատվում: Այսպես, Ժիրայր Սէֆիլյանի «Հիմնադիր խորհրդարանը» ակնհայտորեն փորձում է ՀԱԿ-ին զրկել «տոն տվողի» կարգավիճակից, եւ ինքը զբաղեցնել ՀԱԿ-ի տեղը: «Ոչ»-ի վերջին հանրահավաքին, օրինակ, «Հիմնադիր խորհրդարանը» չներկայացավ ո՛չ Ժիրայր Սէֆիլյանով, ո՛ւ Գարեգին Չուգասզյանով, այլ հիսթերիկ ելույթ ունենալու ուղարկեց ոմն անհավասարակշիռ երիտասարդի:
Սակայն մի կողմ թողնենք «փողոցայիններին» եւ անցնենք խորհրդարանականներին: Արդեն բոլորն են հաշտվել այն փաստի հետ, որ դեկտեմբերի 6-ին Սահմանադրությունն անխուսափելիորեն անցնելու է: Ճիշտ է, հույսեր փայփայողներ կան, որ աշխարհաքաղաքական խոշոր հակամարտությունում այս պահի դրությամբ նախահարձակ ռուսները կպարտվեն, եւ այդ պահին կգա իրենց ժամը, բայց այնուամենայնիվ, ռեալ մտածողներն ավելի շատ են:
Իսկ ռեալ մտածելու առնչությամբ հետաքրքիր գործընթացներ են «Ժառանգություն» եւ ԲՀԿ խմբակցություններում: «Ժառանգությունը», որպես կուսակցություն, արդեն բավականին պառակտված է, Թեւան Պողոսյանը նայում է Էդմոն Մարուքյանի ստեղծելիք չափավոր ընդդիմադիր եւ չափավո արեւմտամետ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմը, Ռուբիկ Հակոբյանը, կարծես թե, հայացքը շրջում է դեպի իր նախկին «սերը»` ՀՅԴ-ն, իսկ Րաֆֆին, ում այժմ ամերիկացիներն ավելի քիչ են հաշվի առնում, քան Զարուհի Փոստանջյանին, հանրության աչքին չի էլ երեւում:
Իսկ հետաքրքիր բան է տեղի ունենում ԲՀԿ խմբակցությունում: Այժմ բավականին կոշտ ձեւով ներսի քննարկումներ են ընթանում Սահմանադրության քվեարկության օրը բացակայած օսկանյանական թեւի պատգամավորների վարքագծի վերաբերյալ: Եվ բավականին կոշտ պատժամիջոցներ են կիրառվում` Էլինար Վարդանյանին, ըստ էության, վտարում են ԲՀԿ-ից, այլ պատգամավորների հետ են կանչում միջազգային պատվիրակություններից, իսկ որոշ պատգամավորներ «ետողորմյա» են դնում եւ որոնում արդարացումներ իրենց բացակայության համար, որպեսզի սահուն անցում կատարեն Սահմանադրության հակառակորդի կարգավիճակից դեպի ԲՀԿ պաշտոնական գիծը` Սահմանադրությանը կողմ լինելը:
Նաեւ հետաքրքիր կուրյոզներ կարելի է տեսնել: Սահմանադրությանը կողմ քվեարկած ՀՀՇ-ական Ալիկ Արզումանյանը, օրինակ, նույնիսկ պնդում է, որ դեմ քվեարկողներից շատերին ընդդիմադիր էլ կոչել չի կարելի, եւ որ նրանք դեռ պետք է վաստակեն կողմերին քննադատելու իրավունքը: Դե պարզ է, որ այդ գլաքարը գլորվում է ՀԱԿ-ի եւ ՕԵԿ-ի բոստանը:
Իսկ ինչքանով բան կստացվի «Հայկական վերածնունդ» դարձող ՕԵԿ-ի եւ Արա Աբրահամյանի համատեղ դեբյուտից` դժվար թե արդյունքը տպավորիչ լինի: Համենայնդեպս, Արա Աբրահամյանը ո՛չ Երեւանի իշխանական շենքերում, ո՛չ էլ, առավել եւս, գերտերությունների մայրաքաղաքներում «դաբրոներ» չի ստացել, ու ոսկե սարեր` ՕԵԿ-ով հանդերձ, ակնկալել չի կարող:
Իսկ ընդհանուր առմամբ, ներքաղաքական կյանքը գրեթե կանգ առած է թվում: Նման է, որ շատերը սպասում են` թե ինչով կավարտվի հրթիռների որոտալը, որի ընթացքում ներքաղաքական մուսաները լռում են: Ամենայն հավանականությամբ, վերաակտիվացումը տեղի կունենա արդեն Սահմանադրության հանրաքվեից եւ ամանորյա տոներից հետո, երբ բոլորը կլծվեն ԱԺ ընտրարշավին ու նաեւ աչքի առաջ կունենան պատկերը, թե ինչով ավարտվեց աշխարհի ուժեղների հակամարտությունը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
