ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ. ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՍԱՀՅԱՆԱԲԱՐ
Արխիվ 12-16ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ. ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՍԱՀՅԱՆԱԲԱՐ
Երեկ օրենսդիրը 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշումը: Ուշագրավ էր այն, որ ՀՀԿ խմբակցությունից երկու պատգամավոր` ՄԻԱԿ համահիմնադիր Լեւոն Մարտիրոսյանն ու ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը զարմանալիորեն չմասնակցեցին քվեարկությանը, ինչը դարձավ օրվա մամուլի քննարկման գլխավոր թեման: Սակայն, տարբեր վարկածներ քննելու փոխարեն, «Իրավունքը» պատճառը պարզեց հենց ԱԺ պատգամավոր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ.
- Ես "կողմ" եմ քվեարկել, այսինքն` ձեռք եմ բարձրացրել, որովհետեւ մի փոքր քվեարկությունից ուշացել էի` ընդամենը մի քանի վայրկյան: Այնպես որ, ուրիշ քաղաքական կամ այլ դրդապատճառներ չկան: Ուղղակի, ուշացա եւ պատշաճ կարգով տեղեկացրեցի իմ քվեարկության մասին քարտուղարությանը եւ Ազգային ժողովի նախագահին:
- Բայց ԱԺ պաշտոնական էջում քվեարկության արդյունքները ուսումնասիրելիս նկատեցինք, որ, համենայն դեպս, մինչեւ երեկ երեկո, Ձեր անվան դիմաց մնացել է գրված, թե չեք քվեարկել...
- Թե ինչու չեն գրանցել, չգիտեմ, բայց կարգն այդպես է: Որպես կանոն` եթե պատգամավորը գրանցվում է, քվեարկում է ու չի ստացվում կամ մի քիչ ուշանում է, ապա քարտուղարությանն անմիջապես տեղյակ է պահում, ինչը ես արել եմ:
- Նախկինում սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ Դուք նշում էիք մի քանի կետեր, որոնց դեմ էիք: Ի վերջո, Ձեր մտահոգություններն այս պահին փարատվե՞լ են, որովհետեւ շատերի մոտ տպավորություն էր, որ եղածը զուտ տեխնիկական խնդիր չէ:
- Կրկնում եմ` «կողմ» եմ սահմանադրական բարեփոխումների նախագծին: Իսկ քվեարկության հետ կապված պատշաճ կարգով տեղեկացրել եմ Ազգային ժողովի նախագահին եւ քարտուղարությանը: Ավելին` այն նկարահանված է ու կարող եք տեսնել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
