Ուղիղ կապ. «ԹՈՒՐՔԸ ՄԻ ԼԵԶՈՒ Է ՀԱՍԿԱՆՈՒՄ` ՃԻՊՈՏԻ ԼԵԶՈՒՆ»
Արխիվ 12-16Ուղիղ կապ. «ԹՈՒՐՔԸ ՄԻ ԼԵԶՈՒ Է ՀԱՍԿԱՆՈՒՄ` ՃԻՊՈՏԻ ԼԵԶՈՒՆ»
Ադրբեջանական սադրանքները սահմանին չեն մարում, թեպետ ամեն անգամ արժանանում են հայ զինվորի հուժկու ապտակին: Սակայն սահմանից այս կողմ էլ օր օրի ավելանում են սոցցանցերի դիմաց նստած «հրապարակախոսները», ովքեր կա՛մ մեր բանակին են փորձում նսեմացնել, կա՛մ էլ՝ բանակի կողքին կանգնած հայրենասերներին: Սահմանային իրավիճակի ու բանակի թիկունքի ամրությանն էլ մեծամասամբ վերաբերում էին մեր ընթերցողների հարցերն ուղղված «Հայոց ազգային գվարդիա» քաղաքացիական նախաձեռնության հեղինակ, կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ:
«ԱՐԴԵՆ ՏՂԱՆԵՐԸ ՍՈՎՈՐԵԼ ԵՆ ԱՅԴ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ»
- Պարոն Զաքարյան, խնդրում եմ ասեք, թե ինչպիսի՞ իրավիճակ է այսօր սահմանում, ու հոգեբանական ի՞նչ վիճակում են մեր զինվորները (ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻ, ք. Երեւան):
- Ըստ իմ ունեցած վերջին տվյալների` հարաբերական խաղաղություն է: Նկատի ունեմ, որ ականանետներ, հրթիռներ շատ չեն կրակում: Սա արդեն կոչվում է հարաբերական խաղաղություն, որն ինչ-որ տեղ նաեւ իմ փորձից ելնելով եմ ասում` մի քիչ ավելի անհանգստացնող է: Ըստ իս՝ արդեն տղաները սովորել են այդ լարվածությանը, եւ երբ այն թուլանում է, կասկածում են, որ ինչ-որ բան այն չէ: Ինչ վերաբերում է բարոյահոգեբանական վիճակին, ասեմ, որ շատ բարձր է: Երբ խոսում են զինվորի մասին հաճախ ասելով, որ սահմաններին 18-19 տարեկան երեխաներ են, ապա պետք է իրենց տեսնել այնտեղ` իսկական մարտական գործողություններ կատարելիս: Ես նկարահանված կադրեր ունեմ, որտեղ ինքներդ կարող եք տեսնել, թե ինչպես են մեր 18-19 տարեկան տղաները հաճույքով պատժում թշնամուն, երբ թշնամին հանցագործություններ է գործում: Նրանց աչքերը, նրանց այդ ուղիղ մեջքերը... Ամեն ինչ խոսում է այն մասին, որ նրանց բարոյահոգեբանական վիճակն ավելի քան բարձր է:
- Բոլորն այն կարծիքին էին, որ արցախյան հիմնահարցի լուծումը բանակցությունների մեջ է: Բայց ժամանակը ցույց տվեց ճիշտ հակառակը: Հետաքրքիր է Ձեր տեսակետը, թե ինչպե՞ս պետք է սանձել թշնամուն: (Տիկին ԳՈՀԱՐ, ք. Երեւան):
- Ինչպես ես եմ կարծում, որ պետք է սանձել, այսօր Պաշտպանության նախարարությունն ու Պաշտպանության բանակն անում է: Այսինքն` պատժիչ, կանխարգելիչ միջոցառումներով նրանց ստիպում են իրենց բնում մնալ: Նույն մեթոդը, կարծում եմ, պետք է բանակցությունների ժամանակ կիրառել: Միշտ ասել եմ ու կասեմ, եւ սա իմ անձնական կարծիքն է` որպես հասարակ քաղաքացի. թուրքը մի լեզու է հասկանում` ճիպոտի լեզուն: Այդ ճիպոտը ձեռքներիցս պետք է բաց չթողնենք, եթե ուզում ենք, որ նրանք բանակցությանը մասնակցեն ու անեն այն, ինչ պետք է: Վստահ եղեք` հենց որոշեցինք խաղաղություն խաղալ, ճիպոտը տալիս ենք իրենց ձեռքը:
- Ադրբեջանը պետական մակարդակի վրա ու պետական ֆինանսավորման շնորհիվ իրականացնում է ապատեղեկատվության վրա հիմնված հակահայկական քարոզչություն: Ի՞նչ կասեք այս մասին (ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ, ք. Երեւան):
- Ադրբեջանը, երեւի, այդ փողերի մեծ մասը նաեւ Հայաստանում է ծախսում, որովհետեւ մեզ մոտ ադրբեջանական քարոզչություն ավելի շատ եմ կարդում, քան ադրբեջանական մամուլում: Մի անգամ էլ եմ նշել, որ պետք չէ Ադրբեջանը փող ծախսի քարոզչության վրա, այստեղ իր քարոզչությունն անում են հենց «յան»-երը: Ես «յան» եմ ասում բոլոր նրանց, ովքեր «յան»-ով ազգանուն ունեն, բայց իրենց հային վայել չեն պահում:
«ՋՐԱՂԱՑԻՆ ՄԻ ԿԱԹԻԼ ՋՈՒՐ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆՔ»

- Որքանով տեղյակ եմ, մեծ գործ եք արել ու անում եք բանակի համար` անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու գործում: Կասե՞ք, թե ովքեր են մասնավորապես արձագանքում, եւ այսօր ի՞նչ արդյունքներ ունենք (ՀԱՅՈՒՀԻ, ք. Երեւան):
- Այդքան էլ մեծ գործ չեմ անում, այլ ընդամենը փոստատարի դեր եմ կատարում: Հայ ժողովուրդն է մեծ գործ անում աշխարհի տարբեր ծայրերից ու բանակին օժանդակ օգնություն է ուղարկում: Չենք ասում, թե անհրաժեշտ է, այսինչ բանը, վայ, չկա. բանակը ինչ որ պետք է, տրամադրում է տղաներին: Բայց օժանդակ պարագաներով փորձում ենք ավելի հեշտացնել, ավելի օգնել մեր զինվորներին: Ես այս գործընթացն ընդամենը կազմակերպել եմ: Նշեմ, որ օգնում են հիմնականում սովորական քաղաքացիները. օլիգարխներն ու մնացած մեծահարուստները հիմնականում չեն մասնակցում: Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, ամեն տեղից արձագանքում են: Միայն Անտարկտիդայում հայ չունենք, որովհետեւ դեռ այնտեղից օգնություն չենք ստացել (ծիծաղում է Ա. Զաքարյանը-հեղինակ): Շատ են օգնում հատկապես Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հայերը, անգամ Վրաստանից էլ են մասնակցել, նույնիսկ մեքենա են տրամադրել: Այնպես որ, աշխարհասփյուռ հայությունը մասնակցում է այս ծրագրին, եւ շատ հաջող է ստացվել: Փառք Աստծո, շարունակվում է այս նախաձեռնությունը, ու ինձ թվում է ջրաղացին մի կաթիլ ջուր ավելացնում ենք:
«ԿԱՐՈՂ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄ ՄՂԵԼ ԵՎ ՏՈՆԵԼ ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ԾՆՈՒՆԴԸ»
- Այս օրերին գրեթե բոլոր արվեստագետներն իրենց տեսակետը հայտնեցին «Էրեբունի-Երեւան» տոնակատարության նշել-չնշելու վերաբերյալ: Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը` որքանո՞վ եք նպատակահարմար գտնում, երբ ունենք զոհեր ու սահմանամերձում բազում խնդիրներ, նման ճոխ տոն նշել: (ԱԼԻՆԱ, ք. Երեւան)
-Զոհեր իհարկե ունենք, բայց թշնամու նպատակն այն է, որ մեզ միշտ սգի, տխրության մեջ պահի: Գտնում եմ, որ եթե այդ տոնն այսքան տարիներ նշվել է, հիմա էլ պետք է նշվի: Պարզ է, եթե զոհված տղաների թաղումը լիներ Երեւանում, մի քիչ տգեղ կլիներ տոնը նշելը: Բայց քանի որ տղաներին պատվով հողն ենք դրել ու մի քանի օր առաջ Ադրբեջանին արժանի պատասխան ենք տվել, ուրեմն` պետք է թշնամուն ցույց տանք, որ մեզ չեք ընկճի ոչնչով: Մենք կարող ենք պատերազմ մղել սահմանին եւ Հայաստանում տոնել մեր քաղաքի ծնունդը: Եվ սա ինչ-որ ձեւով մեկը մյուսին չպետք է խանգարի:
- Բայց չէ՞ որ այս սոցիալական վատ պայմաններում նման գումարներ ծախսելը ոչ մի կերպ արդարացված չէ:
- Այդ դեպքում եկեք, ժողովրդին համոզեք, որ սոցիալական վատ պայմաններում Նոր տարուն սեղան չգցեն: Մինչդեռ, գնում են, պարտք անում եւ սեղան են գցում, որովհետեւ սովորույթ է: Ինչ վերաբերում է տոնակատարությանը, ապա այդ գումարները կարող են էլի հատկացնել սահմանամերձին: Ում այդ գումարները տրվում է, նրանք էլ են հայ, թող նրանք վերցնեն այդ գումարները, միջոցառումն անցկացնեն եւ ինչպես երգչուհի Քրիստինե Պեպելյանն է պատրաստվում անել, այն փոխանցեն սահմանամերձ գյուղերին: Ոչ ոք չի խանգարում դա անել: Մի խոսքով` չի կարելի տոնը չեղյալ հայտարարել, սա կնշանակի, որ թշնամին իր ուզածին հասավ:
«ԱՄՈԹ Է ԿՈՉՎԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՆՈՒՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ, ՈՒՄ ԵՍ ԹՎԱՐԿԵՑԻ»

- Կցանկանայի իմանալ, թե ինչո՞վ է զբաղվում Ձեր Հայոց ազգային գվարդիան, եւ որո՞նք են նրա ստեղծման նպատակները: Դա սեֆիլյանական Քաղաքացիական բանակի նման բա՞ն է, թե՞ մի քիչ ուրիշ (ԱՆԴՐԵ ՄԱԿԱՐՈՎ, ք. Երեւան):
- Չգիտեմ, թե Ժիրայր Սէֆիլյանի բանակն ինչով է զբաղվում, բայց ասեմ, որ Հայոց ազգային գվարդիան դեռեւս քաղաքացիական նախաձեռնություն է: Այն բանակում ծառայած, սահման պահած հիմնականում տղաների եւ բանակին աջակցող, բանակին համախոհ աղջիկների խումբ է լինելու, որը զբաղվելու է մեր ազգային արժեքների, բանակի եւ մշակույթի դեմ տարվող այս հարձակումներին հակադարձելով, պաշտպանելով: Այսօր տղերքը գնում են բանակ, մեր կյանքը պաշտպանում են, բայց իրենց թիկունքը բաց է մնացել: Եվ այստեղ հարձակումներ է գնում նրանց դեմ: Սահմանին արյունով մեր հողն են պաշտպանում, այստեղ փնովում են մեր բանակը:
Չեմ ուզում շատ մանրամասնել, որովհետեւ շուտով հայտարարությամբ հանդես կգանք: Ասեմ միայն, որ ազգային գվարդիայում ի տարբերություն մնացած շարժումների, տանողը լինելու է գաղափարը, ոչ թե անձը: Այն չի լինելու Արշակի, Պողոսի գվարդիան, որպեսզի նույնիսկ եթե վաղը Արշակն ու Պողոսը չլինեն, գաղափարը չկարողանան վերացնել: Տեսեք, այս վերջին շարժումների մեջ գոռում-գոչում էին, թե էսինչ բանն ենք անելու: Բայց երբ գլխավոր մարդուն բռնում են, երկու օրով տանում ոստիկանություն, ամբողջ շարժումը փոխանակ աներ այն, ինչ խոստացել էր, ընկնում են այդ մեկի հետեւից` «Ազատություն Պետրոսին» կոչերով: Արդյունքում` վերջ, հեղափոխություն էր, ինչ էր, վերջացավ: Եվ ծիծաղս գալիս է, որ հեղափոխության օր ու ժամ են ասում:
Հայոց ազգային գվարդիան լինելու է մի շարժում, որտեղ մեր երիտասարդները ճիշտ դաստիարակություն են ստանալու, գնահատելու են ազգային բոլոր արժեքները եւ, իհարկե, պաշտպանելու են մեր բանակի թիկունքն այստեղ: Եթե տղան ծառայում է, նրա ընտանիքը անպաշտպան չպետք է լինի, թույլ չենք տալու, որ մեր զինվորներին որեւէ մեկն անտեղի փնովի ու նրանց մասին ստեր տարածի:
- Ի դեպ, այս շրջանում հենց բանակի թիկունքում քննադատություններ են հնչում Ձեր հասցեին, թե ժամանակին ընդդիմադիր էիք, իսկ հիմա... («ԻՐԱՎՈՒՆՔ»)
- Ի՞նչ է նշանակում ընդդիմադիր. Րաֆֆի Հովհաննիսյա՞նն էր ընդդիմադիր, Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն էր ընդդիմադիր, ո՞ւր են տարել այս ժողովրդին, ինչի՞ են հասցրել: Հիմա էլ Արթուր Բաղդասարյանն է ընդդիմադիր... Եթե իրենք են ընդդիմադիր, ուրեմն` ես ընդդիմադիր չեմ: Ամոթ է կոչվել ընդդիմադիր նույն մարդկանց հետ, ում ես թվարկեցի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Շարունակելի...
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
