ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ԱՌԱՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ»
Արխիվ 12-16ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ԱՌԱՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ»
«Իսկապես, նախորդ տարվա ընթացքում Կենտրոնական բանկի կատարած աշխատանքը արժանի է դրվատանքի, եւ մենք տեսնում ենք հաջողության ապացույցներ` մասնավորապես ֆինանսական կայունության ապահովման շրջանակում»,- իր ելույթը` Կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մասին, այս նախադասությամբ սկսեց ՍԻՄ նախագահ, պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Շարունակելով խոսքը` ասաց, որ նա չի խոսելու զուտ թվերից, տեսություններից, մակրոտնտեսական ցուցանիշներից, այլ՝ ժողովրդի համար հասկանալի խնդիրներից.
Դրանք հետեւյալն են. ժողովուրդի մեծ մասն այսօր ունի կախվածություն բանկերից. գտնվելով ծայրահեղ վիճակում` ճարահատյալ հայտնվում է բանկային խնդիրների մեջ: Պետք է հասկանանք, որ բանկային համակարգը բացի ֆինանսական կայունություն, ցուցանիշներ ապահովելուց, սղաճը զսպելուց, ունի մեկ կարեւորագույն նպատակ՝ ծառայել ժողովրդին, քանի որ առանց նրա՝ բանկային համակարգը ոչ մեկին պետք չէ: Այստեղ հարց է առաջանում` հիմա ժողովո՞ւրդն է բանկային համակարգի համար, թե՝ հակառակը: Եթե հարցնեք շատ-շատ մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն մասնավոր առեւտրային բանկերի հետ, նրանք կհամարեն, որ գտնվում են բանկերի նկատմամբ ճորտատիրական վիճակում: Ելնելով դժվար իրավիճակից կամ սխալ հաշվարկներից` ինչպես նաեւ՝ լավ չտիրապետելով բանկային համակարգի նրբություններին, քաղաքացիները ընկնում են կախվածության մեջ, որից հետո ստիպված են ամբողջ կյանքում աշխատել բանկի համար եւ փակել պարտքերը: Այդպիսի բան լինում է ճորտատիրական համակարգում, երբ մարդը դառնում է ինչ-որ մեկի համար աշխատող՝ ստրուկ: Կենտրոնական բանկի խնդիրն է՝ առեւտրային բանկերին մի քիչ ձգել: Չի կարելի նրանց թույլ տալ՝ խաղալ մարդկանց ճակատագրերի հետ: Ես հարց եմ ուղղել այս առումով, թե քանի բնակարաններ են անցած տարվա ընթացքում սեփականատերերից անցել բանկերին, եւ քանիսն են դրանցից եղել մարդկանց վերջին կացարանը: Երկու տարի է, ինչ Կենտրոնական բանկին առաջարկում եմ արգելել վերջին կացարանները որպես գրավ դնելու հնարավորությունը: Ռուսաստանը օրեր առաջ ընդունեց մի օրենք` ֆիզիկական անձանց սնանկության մասին, որով մանրամասն նկարագրում է, թե ինչպես պետք է վարվեն այն մարդկանց հետ, ովքեր չեն կարողանում մարել վարկային պարտավորությունները: Այդ օրենքով արգելվում է մարդկանցից՝ գրավի դիմաց բռնագրավել նրանց վերջին կացարանը, նրանում գտնվող կահույքը, անգամ՝ ավտոմեքենան, եթե այն մարդու ապրուստի միակ միջոցն է: Օրինակ, եթե նա տաքսի է քշում ընտանիքի կարիքները հոգալու համար: Լավագույն հոգեբանների մեկնաբանությամբ՝ մեր երկրում շատ մարդիկ գնում են ինքնասպանությունների՝ հայտնվելով ֆինանսական դժվարությունների առաջ, որոնք շատ անգամ առաջացնում են առեւտրային բանկերը: Պետք է կարողանանք կարգավորել առեւտրային բանկ եւ քաղաքացի փոխհարաբերությունները: Այսօր որոշ բանկեր քաղաքացիներին զրկում են աշխատավարձ ստանալուց, սառեցնում են հաշիվները: Մեկ այլ բանկ տալիս է «Նուռ» քարտ եւ առանց քաղաքացու իմացության՝ գումար են փոխանցում դրա վրա, հետո էլ տոկոսներ հաշվում: Մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում վերջին մուծումը կատարել, մի երկու տարուց թուղթ է գալիս, որտեղ նշված է, որ 50 հազար դրամը դարձել է 500 հազար դրամ, բայց այդ ընթացքում բանկը ոչ մի անգամ չի հիշեցնում, քաղաքացու հետ չի մտնում բանակցությունների մեջ :
«Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԳՅՈՒՂԱՑԻՆ ՎԱԼՅՈՒՏԱՅԻ ՀԵՏ»
Պարոն Բաբուխանյանը իր ելույթում առանձնացրեց նաեւ գյուղացիական վարկերի մասին հարցը` նշելով, որ չպետք է դրանք տրվեն արտարժույթով. «Գյուղացին ի՞նչ կապ ունի վալյուտայի հետ, այն դեպքում, որ այն, ինչ պետք է գնի, ձեռք է բերում դրամով»:
Ելույթի վերջում ՍԻՄ նախագահը հարց բարձրացրեց, թե ֆիզիկական վարկառուների շրջանում որքան են խնդրահարույց վարկային պատմությունները: «Մեր ֆինանսական կայունությունը չի կարող լինել երկարատեւ եւ հստակ, քանի դեռ չկա վճարունակ ժողովուրդ»,- եզրափակեց իր ելույթը պատգամավորը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk