«ԲԱՎԱԿԱՆԻՆ ՇՈՒՏ Է ՆՈՐ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՑ ԽՈՍԵԼԸ»
Արխիվ 12-16«ԲԱՎԱԿԱՆԻՆ ՇՈՒՏ Է ՆՈՐ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՑ ԽՈՍԵԼԸ»
Նախօրեին ԱԺ քառօրյա նիստում 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով ընդունվեց որոշում` Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ: Այս քվեարկությունը շատերը համարում են նաեւ ներհայաստանյան քաղաքական ապագա պատկերի նախնական արտացոլում: Այսինքն՝ հանրաքվեի շուրջ քվեարկության միջոցով դիրքորոշումների վերջնական հստակեցումը կարող է էլ ավելի զարգանալ՝ մինչեւ իսկ դառնալով 2017թ. խորհրդարանական ընտրությունների ուղղությամբ դաշինքների ձեւավորման նախնական փուլ: Այս թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ փաստեց.

- Կարելի է ենթադրել, որ մեր քաղաքական դաշտում տեղի կունենան նոր դասավորումներ. գոնե դրա պոտենցյալ հնարավորությունն այս պահին կա: Արդյոք այդ ամենը կբերի՞ ֆորմատային փոփոխությունների, դժվար է ասել, քանի որ այս պահին դա դեռ չի երեւում: Ամեն դեպքում այն, որ քաղաքական ուժերը` ընդդիմադիր եւ ոչ իշխանական թեւերից ոչ բոլորն են համաձայն, ակնհայտ է:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց.
- Սահմանադրութան փոփոխության նախագծի ընդունումը մեծ դեր խաղաց, որպեսզի ի վերջո հասկանանք, թե ընդդիմադիրներից ով է իրականում ընդդիմադիր, ով իշխանամետ: Այս քվեարկությունն իրականում ցուց տվեց, թե ովքեր են պատրաստ գործարքի, որի կարիքը ՀՀԿ-ն չունի: Իրականում դժվար է ասել, թե այս ամենից հետո ինչ տեղի կունենա: Ամեն դեպքում՝ մեծ խմորումներ կլինեն, եւ այս պատկերին որոշ կուսակցություններ կբյուրեղանան:
ԱԺ ԲՀԿ պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ ընդգծեց.
- Այնպիսի կարեւոր գործընթացի, ինչպես 2017թ. խորհրդարանական ընտրություններն են, դեռ երկար ժամանակ կա, որպեսզի կանխատեսումներ անենք: Այս պահին երկրի համար օրակարգային հարց է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Միայն դրանից հետո երեւի կանդրադառնանք քաղաքական այս հարցերին, կխոսենք, կքննարկենք: Տվյալ պարագայում՝ բավականին շուտ է նոր դաշինքներից խոսելը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
