«ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ Է, «ԱՅՈ» ԵՎ «ՈՉ» ՃԱՄԲԱՐՆԵՐՆ ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻՆ Է»
Արխիվ 12-16«ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ Է, «ԱՅՈ» ԵՎ «ՈՉ» ՃԱՄԲԱՐՆԵՐՆ ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻՆ Է»
Մինչ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ապա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ահ ու սարսափ են տարածում, թե սահմանադրական բարեփոխումներով վտանգ է սպառնում մեր երկրին, իրական վտանգավոր վիճակ է շարունակում մնալ հայ-ադրբեջանական սահմանում:
Հոկտեմբերի 5-ին եւ լույս 6-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մի քանի տասնյակ անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 82 միլիմետրանոց ականանետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2000 կրակոց: Սահմանային լարվածության ու այդ համատեքստում ներքաղաքական իրավիճակի մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:
«ԺԱՄԱՆԱԿԸ ԵԿԵԼ Է, ՈՐ ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒԺԸ ՑՈՒՅՑ ՏԱՆՔ»
–Պարոն Գեւորգյան, սահմանին ագրեսոր հակառակորդին սանձելու փորձերից հետո, երեկ կրկին հրադադարի պահպանման ռեժիմը վերջիններս խախտել են ավելի քան 100 անգամ: Ի վերջո, ինչպե՞ս պետք է լռեցնել թշնամուն:
– Առաջին իսկ լռեցնելու փաստն այն է, որ մեր երկրի նախագահը ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնից ընդունեց պատերազմի ձեռնոցը, որը նետվում էր ադրբեջանցիների կողմից: Եվ ընդունելուց բացի, նրա պատասխան հայտարարության մեջ պարզ երեւում էր այն գիծը, որ պատրաստ է լիարժեք, կոպիտ ասած, Ադրբեջանի քիթը կոտրել: Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա եւ այս իրավիճակի փոփոխությունները:
– Համարո՞ւմ եք, որ արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, եւ միայն ուժով կարելի է հասնել խնդրի որոշակի լուծման:
– Ամեն դեպքում, ուժն է ծնում իրավունքը, եւ ուժի հետ են նստում պայմանագիր կնքելու կամ հաշտվելու սեղանի շուրջ: Այնպես որ, ինձ թվում է` ժամանակը եկել է, որ, իրոք, մենք մեր ուժը ցույց տանք ու ապացուցենք թշնամուն, որ ոչ միայն պետք է պատրաստ լինի, այլ պարտավոր է արդեն պամանագրի սեղանի շուրջ նստել: Եվ բնականաբար հօգուտ մեզ են կնքվելու բոլոր պայմանագրերը:
– Տարածաշրջանում էլ իրավիճակը խաղաղ չէ. ռուսական զորքերը Սիրիայում են, Թուրքիան դժգոհ է Ռուսաստանից, քրդերը մեր քթի տակ Քրդստան են ուզում ստեղծել... Ըստ Ձեզ` ի՞նչ ապագա է սպասվում այս տարածաշրջանում գտնվող Հայաստանին:
– Հայաստանի համար արդեն իսկ իրավիճակը որոշ չափով բարդացած է հարեւան թշնամու կողմից: Մենք մեր խնդիրներն ունենք, բայց Սիրիայի հետ կապված` չեմ գտնում, որ այնտեղ տիրող իրավիճակը կարող է բարդություն դառնալ մեր երկրի, մեր պետության համար:
«ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԵՐԿՐՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԴՈՐՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ»
–Երբ սահմանին բազում խնդիրներ ունենք, ինչպե՞ս կգնահատեք սահմանադրական բարեփոխումների շուրջ որոշ քաղաքական գործիչների կողմից հրահրվող լարվածությունը:
– Անկախ նրանց, թե սահմանադրության բարեփոխումների խնդիր կլինի կամ սահմանադրության որոշ հարցերի փոփոխման խնդիր, եթե պատերազմական իրավիճակ է երկրում, առաջնային խնդիրը պետք է դառնա երկրում ներքաղաքական իրավիճակի անդորրության պահպանումը: Իսկ երկրի ներքաղաքական վիճակը խաղաղության մեջ չպահպանելով` արդեն թշնամու ջրաղացին ջուր լցնելուն հավասարազոր է:
– Սակայն, այսօր ունենք սահմանադրական բարեփոխումներին «այո» եւ «ոչ» ասողների ճամբարներ:
– Երբ երկիրը պատերազմական իրավիճակում է, «այո» եւ «ոչ» ճամբարներն ամենասարսափելին է: Սա բնականաբար ամենավատ վիճակն է մեր երկրի համար: Նման իրավիճակներում բոլորս պետք է համախմբված լինենք մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարի` երկրի նախագահի կողքին: Հատկապես, երբ երկրի նախագահը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարություն արեց` ասելով, որ հարկ եղած դեպքում հակառակորդին կջախջախի եւ վախենալու ոչինչ չունի: Այսինքն` ապավինելով սեփական ուժերին` նա պատրաստ է խիստ պատասխան տալու: Այդ ամեն մի խոսքը, որ ասված է բարձր ամբիոնից, իր պետության մեջ ապրող ժողովրդի խոսքն է: Պատկերացրեք, եթե մենք համախմբված չլինենք մեր նախագահի, այդ խոսքի շուրջ, ապա կունենանք պարտված խոսք: Իսկ պարտված խոսքի դեպքում` պարտված պատերազմ, կործանված ժողովուրդ: Այնպես որ, պետք է անպայման համախմբվենք, որ այս ամենի տակից դուրս գանք:
– Վերջերս ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ինչի մասին շատ տարբեր կարծիքներ հնչեցին: Հետաքրքիր է Ձեր տեսակետը տեղի ունեցածի շուրջ:
– Ես անդրադարձել եմ այս թեմային եւ կրկնվել չեմ ուզում. այս տղերքը` բոլորը, այսօրվա մատաղ սերնդի համար խաչքար են, պատմություն են, հուշ են: Ի՞նչ տարբերություն ազատամարտիկին ծեծողների եւ թուրքերի միջեւ. թուրքերը մեր խաչքարերն են կոտրում, իսկ ինչ-որ մարդիկ մեր տղերքին ծեծի են ենթարկում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk