ԲՀԿ «ԱՆՀՆԱԶԱՆԴ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ «ՊԱՏԺՎԵՑԻՆ». ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿԼՔԻ՞ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԲՀԿ «ԱՆՀՆԱԶԱՆԴ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ «ՊԱՏԺՎԵՑԻՆ».
ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿԼՔԻ՞ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԲՀԿ-ական որոշ պատգամավորների օրիգինալ «բոյկոտը» ու սահմանադրության նոր նախագծին դեմ քվեարկելը կարծես նրանց վրա «էժան» չի նստում: ԲՀԿ պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը ետ են կանչվել միջազգային պատվիրակություններից: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս որոշումը կապ չունի այդ պատգամավորների ` սահմանադրության նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշման հետ: Ես ինքս դուրս եմ եկել Ֆրանկոֆոնիայի միջազգային վեհաժողովի կազմից:
Նաիրա Զոհրաբյանը խոստովանեց, որ կան ներկուսակցական խնդիրներ, որոնք պետք է իրենք լուծեն: Տիկին Զոհրաբյանի խոսքով`Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը չեն մասնակցում կուսակցության ու խմբակցության աշխատանքներին: Մինչ հոկտեմբերի հինգի քվեարկությունը` շաբաթ եւ կիրակի օրերին, ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը զանգահարել է Էլինար Վարդանյանին ու Ստեփան Մարգարյանին` տեղեկացնելու, որ հասունացել են ներկուսակցական խնդիրներ, սակայն նրանք համառորեն չեն պատասխանել Վահե Էնֆիաջյանի հեռախոսազանգերին: Որեւէ մեկը չէր խանգարում նրանց գալ եւ սկզբունքային դիրքորոշումն արտահայտել:
ԲՀԿ առաջնորդը տեղեկացրեց նաեւ հոկտեմբերի հինգին քվեարկությանը չմասնակցած ԲՀԿ պատգամավորների բացակայությունը հարգելի է համարվել:
«Իրավունքը» տիկին Զոհրաբյանից պարզեց` ինչ նկատի ուներ Վահե Էնֆիաջյանը, երբ մեզ հետ զրույցուկմ խոսելով սահմանադրության նոր նախագծին ԲՀԿ-ից դեմ քվեարկողների մասին, ասաց, որ կուսակցությունը համարժեք քայլեր կձեռնարկի: «Համարժեք քայլն է, որ նրանք հետ են կանչվել պատվիրակությունից: ԲՀԿ տարածքային կառույցը դիմել է ԲՀԿ քաղաքական խորհրդին` քննարկելու տիկին Վարդանյանի կուսակցության շարքերում մնալու նպատահարմարությունը»,- եզրափակեց ԲՀԿ առաջնորդը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk