Էդուարդ Շարմազանովը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին
Արխիվ 12-16Էդուարդ Շարմազանովը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:
Նա նշել է, որ կարդացել է այդ հարցազրույցը, որից հետո կարդացել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը եւ տեսել, որ ի տարբերություն Քոչարյանի մեկհարցանոց հարցազրույցի՝ Վենետիկի հանձնաժողովի գնահատականում չկային վերամբարձ բառեր, կար գնահատական, կար միջազգային փորձ, տեսլական:
Խոսելով արատավոր համակարգի վերարտադրման հետ կապված Քոչարյանի մեկնաբանության մասին՝ Շարմազանովը նկատել է, թե հարց է առաջանում՝ այդ ինչպես է առաջացել այդ համակարգը, որո՞նք են դրա ծնող պայմանները: Կամ եթե համակարգն արատավոր է՝ ինչպե՞ս պետք է փոխենք այդ արատավոր համակարգը: Մյուս կողմից, ըստ Շարմազանովի, իրեն հասկանալի են «հարգարժան երկրորդ նախագահի գնահատականների օբյեկտիվ հիմքերը, որովհետեւ լիովին մարդկային է, երբ մարդ դժվար է հրաժարվում մի բանից, որի ստեղծողն ինքն է եղել»:
Անդրադառնալով տեսակետին, թե սահմանադրական փոփոխություններով միակուսակցական համակարգ է ստեղծվում՝ Շարմազանովն ասել է, որ համաձայն չէ ու նման բան լինել չի կարող, եւ մատնանշել է երեկ Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունը, որի ժամանակ «կողմ» էր արտահայտվել 104 պատգամավոր:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

