«ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԼԻՆՈՒՄ, ՔԱՆ` ԵՐԵԽԱՆԵՐԻ»
Արխիվ 12-16«ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԼԻՆՈՒՄ, ՔԱՆ` ԵՐԵԽԱՆԵՐԻ»
Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ մեկ տոմսով դիտելու` «Հավես չկա» եւ «Թափթփված Թագուհին» երկու նոր մանկապատանեկան կինոկատակերգությունները: Հեքիաթ ֆիլմերն ունեն դաստիարակչական ուղղվածություն: «Թափթփված Թագուհին» անչափ փնթի մի աղջկա մասին է, ով իր ընկերուհիների շնորհիվ վերափոխվում է` դառնալով կոկիկ աղջիկ: Իսկ «Հավես չկա» ֆիլմն էլ պատմում է ալարկոտ տղաների մասին, որոնք ամեն կերպ փորձելով սիրաշահել աղջկա վստահությունը` վերափոխվում են:
Ֆիլմերի բեմադրող ռեժիսոր ՆԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ «Իրավունքին» տեղեկացրեց, որ ընդհանրապես երեխաների հանդեպ եղած սերն է իրեն դրդել հեքիաթ ֆիլմեր նկարահանել. «Քանի-որ շատ եմ սիրում երեխաներին, այդ պատճառով ստեղծեցի մանկապատանեկան ֆիլմեր: Պաշտպանեցի հեղինակային իրավունքներս եւ սկսեցի աշխատել: Հեքիաթ ֆիլմերն անվանում ենք մանկապատանեկան, քանզի մեր մոլորակի ապագան հենց երեխաներն են: Աշխարհում որեւէ դրական փոփոխություն կատարելու համար պետք է ամեն ինչ սկսել հենց երեխաներից»:
Ֆիլմերի սյուժեներն ունեն հիմնական նպատակ, սկզբունքներ, որոնք հեքիաթ ֆիլմի հիմքն են, իսկ կինոնախագիծը ներկայացնում է ֆիլմեր` ստեղծված հատուկ երեխաների ճիշտ դաստիարակության եւ մեր մոլորակի բարի ապագայի համար. «Սա Ճիշտ եւ օգտակար ժամանց է բոլոր տարիքի երեխաների համար: Այս անգամ հեքիաթ ֆիլմը ներկայացնում է մարդկային երկու թերություն: Ալարկոտ կամ թափթփված բնավորությունն ուղղելը այնքան էլ հեշտ բան չէ, բայց մեր հերոսներին հաջողվում է դա անել: Մեր նպատակն է` հանդիսատեսին ի ցույց դնել իրական կյանքում մարդկանց գործած սխալները եւ մատնանշելով դրանց բացասական հետեւանքները` փորձել հեռու պահել բոլորին վարքագծի նմանօրինակ դրսեւորումներից: Եթե մեզնից յուրաքանչյուրը նման մի քայլ անի, աշխարհում խաղաղություն կտիրի: Դա է հեքիաթ ֆիլմի երազանքը: Այդ իսկ պատճառով որոշել ենք այսուհետ մեր ֆիլմերը մատուցել անգլերեն թարգմանությամբ, որպեսզի մեր բարի նպատակը հնարավորինս հեռու հորիզոններ լուսավորի»,- ասաց ռեժիսորն ու մանրամասնեց, թե ինչ սկզբունքով են ընտրվում ֆիլմերում նկարահանվող երեխաները. «Ծնողները մոտենում են ինձ, խնդրում, որ իրենց երեխաներին ներգրավենք ֆիլմերում: Ես ընտրում եմ ավելի շնորհալիներին` գլխավոր դերերի համար, իսկ ովքեր էլ մի փոքր զիջում են` առայժմ էպիզոտիկ դերերում են հանդես գալիս, եթե աճն իրենց մոտ արագ լինի, ապա նրանք էլ կանցնեն գլխավոր դերերի»:
Ռեժիսորը չնայած հակիրճ, բայց խոսեց նաեւ նկարահանումների ժամանակ ծագած բարդությունների մասին. «Նկարահանումների ժամանակ ծնողների հետ ավելի շատ բարդություններ են լինում, քան երեխաների, որովհետեւ երեխաները շատ պարզ մարդիկ են»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՄԻՆԱՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk