«ՄԵԶ ԷԼ Է ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԹԵ ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՆՉՊԵՍ ԿՄԵԿՆԱԲԱՆԻ ԻՐ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16«ՄԵԶ ԷԼ Է ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԹԵ ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՆՉՊԵՍ ԿՄԵԿՆԱԲԱՆԻ ԻՐ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»
Թեպետ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու սահմանադրական բարեփոխումներին, եւ այս որոշումը պարտադիր է թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության անդամների համար, բայց ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ, այնուամենայնիվ, երեկ չմասնակցեցին «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման քվեարկությանը: Այս, ինչպես նաեւ մի քանի այլ քաղաքական հարցերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ, ով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում օրերս գտնվում էր Ստրասբուրգում:
–Պարոն Բաբայան, ԵԽԽՎ հայաստանյան ողջ պատվիրակությունը չի՞ վերադարձել հայրենիք, թե՞ այլ խնդրով է պայմանավորված երեկ տեղի ունեցած քվեարկությանը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի բացակայությունը:
– Տիկին Զոհրաբյանը վերադարձել էր Հայաստան, բայց նա առավոտյան կրկին մեկնել էր` մասնակցելու Եվրոպայի պահպանողական ռեֆորմիստների խորհրդի նիստին: Այնտեղ մասնակցում են կուսակցության բոլոր ղեկավարները, եւ նա չէր կարող չմասնակցել, դրա համար անձամբ իր ներկայությունը պարտադիր էր այնտեղ: Բայց ինչ-որ արտառոց բան չկա, կուսակցության որոշումը ի կատար ածվեց քվեարկության ժամանակ:
– Ամեն դեպքում, խմբակցությունում կային պատգամավորներ, որոնք գտան ճանապարհը շրջանցելու ԲՀԿ-ի «կողմ» քվեարկելու որոշումը ու պարզապես չներկայացան քվեարկությանը: Ինչպե՞ս եք վերաբերվում նման վարքագծին:
– Բացակաների մեջ կան մարդիկ, որոնք իրականում ինչ-որ գործուղումների կամ խնդիրների հետ կապված են բացակայել: Բայց կարող են լինել մարդիկ, ովքեր ձեր ասած տարբերակով, այսինքն ` դիրքորոշումից խուսափելու խնդիր են ունեցել: Այս պահին չեմ ցանկանում գնահատականներ տալ, քանի որ սա զուտ անհատական հարց է: Կցանկանայի, որ լրագրողներն անձամբ այդ մարդկանցից հարցնեին իրենց բացակայության պատճառների մասին, որովհետեւ մեզ էլ է շատ հետաքրքիր, թե ամեն մեկն ինչպես կմեկնաբանի իր բացակայությունը:
– Կնշե՞ք այն ԲՀԿ-ական պատգամավորների անունները, ում բացակայությունը հարգելի է եղել, եւ Դուք` որպես կուսակցության խոսնակ, տեղյակ էիք այդ մասին:
– Նաիրա Զոհրաբյանի բացակայությունն է հարգելի, մնացած բոլոր պատգամավորների վերաբերյալ տեղյակ չեմ:
– Անդրադառնանք նաեւ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ելույթներին, որոնք մեծամասամբ վերաբերում էին հայ-ադրբեջանական վերջին օրերի սահմանային լարվածությանը: Իհարկե, բացառությամբ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթի, ով նախընտրեց եվրաամբիոնից փնովել պետությանն ու ցեխ շպրտել սահմանադրական բարեփոխումների նախագծի վրա:
–Ես չեմ ցանկանում գնահատականներ տալ պատվիրակության առանձին անդամների գործունեության վերաբերյալ: Գնահատականները տալիս է Ազգային ժողովը, հասարակությունը, ժողովուրդը: Ամեն դեպքում, կարծում եմ` Լեւոն Զուրաբյանի ելույթը չի կարող խանգարել մեր արտաքին քաղաքականությանը եւ պատգամավորն ազատ է իր ելույթի ընտրության հարցում:
– Լեւոն Զուրաբյանը հայտարարում է, որ ՀՀ պետականությանը վտանգ է սպառնում: Քանի որ նա էլ էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում, հետաքրքրվե՞լ եք, որքանով է իրական նման վտանգը:
– Կարծում եմ` ամենաուժեղ վտանգը սպառնում է այսօր մեր սահմաններին` այն տեղերում, որտեղ ամեն րոպե կրակոցներ են արձակվում մեր զինվորների վրա: Որեւէ բանաձեւով կամ որեւէ հայտարարությունով հայ ժողովրդի անկախությունը եւ Արցախի ինքնուրույն ապրելու եւ պետություն ձեւավորելու իրավունքները, չեմ կարծում, որ ոտնահարված կարող են լինել: Իհարկե, կարող են մտահոգիչ լինել` որպես արտաքին քաղաքական խնդիր: Բայց նմանատիպ բարձրագոչ հայտարարություններ անել չեմ ցանկանում, որովհետեւ ես էլ եմ վերադառնում ԵԽԽՎ-ից եւ նման տեղեկատվության չեմ տիրապետում:
– Ի դեպ, վերջին շրջանում նկատվում է Ձեր խմբակցության եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի խիստ ջերմ հարաբերությունները: Հնարավո՞ր քաղաքական լուրջ համագործակցության ականատես լինենք:
– Ճիշտն ասած, միշտ էլ տիկին Սարգսյանի եւ մեր ֆրակցիայի ու կուսակցության միջեւ եղել են այդ ջերմ հարաբերությունները: Այնպես որ, ինձ համար սա նորություն չէ: Լյուդմիլա Սարգսյանը մեր գործընկերն է, եւ մենք շատ ուրախ կլինենք իր հետ մեր համագործակցությունը շարունակել: Որեւէ արտառոց բան այստեղ չեմ տեսնում, քանի որ ժամանակին էլ ենք ունեցել բավականին լավ եւ դրական հարաբերություններ նրա հետ: Ողջունելի է իր գործունեությունը, եւ շատ ուրախ եմ, որ Լ. Սարգսյանն էլ «այո» ասաց սահմանադրական բարեփոխումներին եւ «կողմ» քվեարկեց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk