Զարմացած
Արխիվ 12-16
Չէ, հաստատ մեր ժողովրդի ուրախությունն ու զվարճանքը ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ է: ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների ծափահարությանն արժանանալուց հետո սույն քաղաքական ձախողակն իր «գաստրոլները» շարունակեց ԱԺ-ում` արտահայտելով զարմանալի մտքեր: Ի՞նչ ասած լինի, որ լավ լինի` թե ԱԺ-ի ներսում ընդդիմադիրներին ճնշել է Գալուստ Սահակյանը, իսկ ԱԺ-ից դուրս` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. «Բայց ես ոչ մի բան չեմ կարող սպասել մի մարդուց, որը ԱԺ շենքի ներսում նույնքան ապօրինություններ կատարեց, որքան ոստիկանությունը` դրսում: Բանն այն է, որ ՀՀԿ-ականները հասկանում էին, որ կարեւոր օր է, որովհետեւ դրսում ցուցարար ժողովուրդ կա, իսկ ներսում` լինելու են ընդդիմադիր ելույթներ: Քվեարկությունից առաջ յուրաքանչյուր ոք իրավունք ունի խոսելու գոնե մեկ րոպե` հայտնելու իր վերջնական դիրքորոշումը: Նրանք հասկացան, որ ԱԺ նիստի այդ հատվածը վերածվելու է լուրջ քաղաքական գործընթացի: Դրա համար էլ քվեարկությունից առաջ Գալուստ Սահակյանը որեւէ պատգամավորի ձայն չտվեց»: Իսկ թե դրսում ի՞նչ աստիճանի հուժկու ցույց էր` նույն Զուրաբյանի խոստովանությամբ, հետագա քայլերի մասին իրազեկումը տապալվեց հենց որ ոստիկանները բերման ենթարկեցին 17 ակտիվիստների:
Իսկ ԱՄՆ-ում Քարնեգի հիմնադրամում պատասխանելով ներկաներից մեկի հարցին, թե արդյոք կարող է կանխատեսել, թե ով է լինելու ՀՀ հաջորդ առաջնորդը, նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ասաց. «Ես, իրոք, կարող եմ կանխատեսել, թե ով կարող է լինել Հայաստանի ապագա առաջնորդը, բայց վախենամ` եթե հայտարարեմ, ապա այդ մարդը դժոխային օրեր կունենա մինչեւ առաջնորդ դառնալը: Երկրորդ` վախենամ, որ այդ մարդը հիմա ճիշտ չգնահատի իմ կանխատեսումը: Բայց ես գիտեմ` ով կարող է լինել եւ, իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր բարձր ղեկավարի առաջին պարտականությունն է` տեսնել, թե ով է իրեն փոխարինելու, բայց պարտադիր չէ դրա մասին հայտարարություններ անել»: Դե ինչ, դրանով ՀՀ նախագահը փաստեց, որ մեր երկրում խոսքի ազատության դիրքերը լինելու են ամուր եւ անսասան: Քանզի միայն խոսքի կատարյալ ազատության պայմաններում ապագա առաջնորդը կարող է «դժոխային օրեր ունենալ», քանի որ շատ-շատերը կսկսեն դրան հրապարակավ հում-հում ուտել` ընդդիմադիրներով սկսած, ֆեյսբուքյան շարքային օգտատերերով վերջացրած:
Ի դեպ, «Ֆեյսբուքում» արդեն քանի օր է` զարմանալի ինքնաբացահայտումների ալիք կարելի է տեսնել: Երբ ռուսական REN-TV հեռուստաալիքը գարշելի ծաղրական հաղորդում թողարկեց հայ պատմագրության մասին, բնականաբար, դա դարձավ լայն քննարկման առարկա: Դե հասկանալի է, որ այդ հեռուստաալիքից այժմ ադրբեջանական խավիարի հոտը փչում է խեղդելու աստիճան, առավել եւս, որ հաղորդման մեջ թուրքազգիներ կային: Սակայն զարմանքով հայտնաբերեցինք, որ թեեւ ոչ ոք չհամարձակվեց բացահայտ պաշտպանել այդ տականքությունը, սակայն գտնվեցին հայկական ազգանուններով կերպարներ, ովքեր փորձում էին արդարացնող բացատրություններ գտնել: Ջրի երես ինչ կենդանի ասես դուրս եկավ` ե՛ւ հայերի եկվորության տեսության կողմնակիցներ, ե՛ւ ստալինյան ժամանակների փտած կեղծարարների պաշտպաններ, ե՛ւ մեր պատմությունը միայն հելենիզմի ու քրիստոնեության շրջանով սահմանափակողներ... Կարճ ասած, կրկին հաստատվեց այն ճշմարտությունը, որ ոչ բոլոր «յան»-երն են հայ: Բայց չկա չարիք առանց բարիքի` չհայ էություն կրողներից շատերի դիմակները պատռվեցին:
Եվ վերջապես` զարմանալի, նույնիսկ ֆանտաստիկա թվացող նորություն նախկին ԲՀԿ-ական, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ. «Ներկայիս սեփականատերը շահագրգռված է բարձրացնել ՀԷՑ-ի կառավարման արդյունավետությունը, որի համար խոստացել է կատարել պատշաճ չափի ներդրումներ: Բացի դրանից` նոր սեփականատերը անպայման քայլեր է ձեռնարկելու իր ձեռնարկության ծախսերը կայունացնելու ուղղությամբ, որից հետո մենք կարող ենք ակնկալել նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում»: Դե ինչ, տնտեսվարողը ձենդ լսի:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

