ԻՄ ՍՐՏԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՍԻՐՏԸ ՉԴԻՄԱՑԱՎ
Արխիվ 12-16ԻՄ ՍՐՏԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՍԻՐՏԸ ՉԴԻՄԱՑԱՎ
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը երեկ օրենսդիր մարմնին ներկայացրեց ՀՀ-ի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջեւ 2015 թ. մայիսի 11-ին ստորագրված «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը: Համաձայնագիրը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից եւս արժանացավ դրական եզրակացության, ինչի մասին բարձրաձայնեց հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ եւ խոսեց նաեւ Երեւանի բարեկարգման կարեւորության մասին` շեշտելով քաղաքապետարանի կարգախոսներից մեկը. «Իմ սրտի մայրաքաղաք»: Հենց այստեղ էր, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության ղեկավար ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ սիրտը չդիմացավ ու տեղից սկսեց ռեպլիկներ բաց թողնել: Պարոն Թորոսյանը ընդհատեց ելույթը ու հետաքրքրվեց «հուզված» պատգամավորի որպիսությամբ: Նա էլ սկսեց արդարանալ, թե դրական է արտահայտվում: Ինչեւէ, ծագած բանավեճին միջամտեց ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը: Եվ վերջում, իհարկե, happy end-ն ապահովեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` հարց տալու փոխարեն, շնորհավորելով Շ. Թորոսյանին` գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու առթիվ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk