ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
«Ոչ»-ի ճակատի փողոցային գործողությունները ցույց տվեցին իրենց կատարյալ սնանկությունը: Արդեն մարդու լեզուն էլ չի պտտում դրանք հանրահավաք անվանել, եւ ինչպես դիպուկ արտահայտվել էր ֆեյսբուքյան մի օգտատեր. «Լավագույնը, ինչ սրանք կարող են անել ի նպաստ իշխանափոխության գործի` դա ընդհանրապես ոչինչ չանել»: Ինչեւէ, նույն «Ոչ»-ի կողմնակիցների գործունեությունը նաեւ համացանցային տիրույթում, թեեւ շատ աղմկարար է, ճղճղան ու առաջին հայացքից զանգվածայնության տպավորություն է թողնում, սակայն ավելի շուտ դա քաղաքական օնանիզմ է, քան` քաղաքական գործունեություն:
ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Սահմանադրության նախագծի շուրջ ԱԺ-ում ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ. կողմ` 103, դեմ` 10, ձեռնպահ` 3: Այսինքն` կողմ քվեները կազմում են ոչ միայն ջախջախիչ, այլեւ բացարձակ մեծամասնություն:
Դե պարզ է, որ ՀԱԿ խմբակցությունը, բացառությամբ Լյուդմիլա Սարգսյանի, դեմ քվեարկեց, իսկ ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այդտեղ ընդամենը մեկ դեմ քվեարկող կար` Զարուհի Փոստանջյանը: Այդ խմբակցությունից Ռուբիկ Հակոբյանը, Թեւան Պողոսյանը եւ Ալիկ Արզումանյանը կողմ քվեարկեցին, իսկ Խաչատուր Քոքոբելյանը չքվեարկեց: Մյուս դեմերը պատկանում են ՕԵԿ խմբակցությանը, բայց հարկ է նշել, որ նույն ՕԵԿ-ում ձեռնպահները ավելի շատ են:
Սակայն հետաքրքրական է նաեւ այն հարցը, թե ովքեր բացակայեցին քվեարկությունից: Բացակայողների մեջ առանձնանում են ԲՀԿ խմբակցության այն անդամները, ովքեր Ռոբերտ Քոչարյանի ուղղակի հենարանն են եւ մաս են կազմելու օսկանյանական կուսակցության` Լյովա Խաչատրյան, Վարդան Օսկանյան, Վահե Հովհաննիսյան, Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, Հայկ Խաչատրյան, իսկ, օրինակ, Վահան Կարապետյանը չի քվեարկել: Չքվեարկածներից Նաիրա Զոհրաբյանի պարագայում կա բացատրություն, որ պարզապես ԵԽԽՎ-ից է ուշացել, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ նախկին առաջնորդին, ապա վերջինս գործնականում երբեք չի մասնակցում քվեարկությունների:
Հիմա ի՞նչ է նշանակում քոչարյանական պատգամավորների` քվեարկությանը չներկայանալը, ինչու նրանք գերադասեցին չավելացնել դեմերի քանակը: Պարզ է, որ այդտեղ չէր կարող խնդիր լուծվել բոյկոտ կազմակերպելու` նիստին ներկա գտնվողների պակաս ֆիզիկապես լինել չէր կարող: Մյուս կողմից` քոչարյանական քարոզիչները, կարծես թե, սկսեցին որոշ չափով սառել տերպետրոսյանականների նկատմամբ, եւ ընդհանրապես ամբողջ «Ոչ»-ի թիմի նկատմամբ: Ենթադրելի է, որ նրանց մոտեցումը առավել քան պրագմատիկ է` Սահմանադրության ընդունումը գլխանց համարել կայացած փաստ ու մտածել բացառապես ապագա խորհրդարանում սեփական ներկայության մասին: Այսինքն` գլխանց իրենց դրսեւորել որպես ապագա ընդդիմություն, ներկայիս ընդդիմությանը համարելով անհույս քաղաքական դիակ, որի հետ գործ ունենալով` չարժե նույնիսկ սեփական ձեռքերը կեղտոտել:
ԻՆՉ ՏԵՍՔ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՊԱԳԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ
Սահմանադրության քվեարկության ժամանակ ԲՀԿ խմբակցության օսկանյանական թեւի կողմից ՀՀԿ-ին չառճակատվելը ինքնին խոսուն փաստ է: Խոշոր հաշվով, Սահմանադրությանը դեմ որեւէ շանս կարող է գոյանալ միայն եթե տարածաշրջանում աշխարհաքաղաքական հեղաշրջում տեղի ունենա: Սակայն, անգամ եթե Մոսկվայի ազդեցությունը կատաստրոֆիկ անկում ապրի ընթացող խոշոր հակամարտությունում, էլի ամենեւին էլ փաստ չէ, որ Արեւմուտքն ու մասնավորապես ԱՄՆ-ն գերադասելի կհամարեն գործ ունենալ ընդդիմության, այլ ոչ թե իշխանության հետ: Ի վերջո, նրանք էլ են պրագմատիկ եւ դժվար թե ցանկություն ունենան թույլերի վրա շատ ռեսուրս ծախսել: Սակայն, ամենայն հավանականությամբ, մեր տարածաշրջանում դժվար թե աշխարհաքաղաքական հեղաշրջումներ լինեն:
Եվ այսպես, օսկանյանական կուսակցությունը լինելու է քոչարյանամերձ այն միավորը, որ գնալու է ԱԺ ընտրությունների: ՕԵԿ-ի վարքագիծը հուշում է, որ նրանք մի կողմից նախատեսում են Արա Աբրահամյանի քավորությամբ փորձել որպես քոչարյանական մյուս հենարան գնալ ընտրությունների, մյուս կողմից չեն կամենում ամբողջովին այրել կամուրջները իշխանության հետ:
Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության արեւմտամետ հատվածին, ապա պարզից էլ պարզ է, որ ՀԱԿ եւ «Ժառանգություն» կոչվող քաղաքական նախագծերը ամբողջովին սպառված են եւ դրանք կարելի է համարել դուրս գրված: ՀԱԿ-ի տեղը թերեւս կզբաղեցնի Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ մյուս արեւմտամետներին թերեւս հավաքեն Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, որն առայժմ հանդես է գալիս «կլասիկ» արեւմտամետ-լիբերալ տեսահոլովակներով, որոնք ավելի շուտ արտացոլում են ԽՍՀՄ-ի լիբերալ ինտելիգենցիայի 1980-ականների պատկերացումները, քան այսօրվա իրողությունները:
ՀՅԴ-ի հետ սկզբունքորեն ամեն ինչ պարզ է` նրանք ունեն իրենց մշտական քվեները, այլ հարց է` կկազմեն կոալիցիա ՀՀԿ-ի հետ, թե` ոչ: Իսկ լրիվ բաց է մնում ԲՀԿ-ի հարցը: ԲՀԿ-ն ինքն իրենով այժմ չունի ո՛չ նախկին ընտրազանգվածը, ո՛չ նախկին ֆինանսական ռեսուրսները, եւ ունեցածը ներկայիս պատգամավորների անհատական հեղինակությունից է հիմնականում բաղկացած: Հիմա ԲՀԿ-ն առանձի՞ն կգնա` բավարարվելով ընդամենն ԱԺ անցնելու խնդրով, թե` ՀՀԿ-ի հետ կոալիցիայի տարբերակը նախընտրելի կհամարի, առայժմ վաղ է խոսել:
Ինչեւէ, թեեւ ներկայիս արմատական ընդդիմությունը վերածվել է քաղաքական դիակների կույտի` զրո ռեսուրսով եւ զրո հեղինակությամբ, սակայն արդեն իսկ ուրվագծվում է նոր ընդդիմության պատկերը: Նորը դժվար թե հնի զինանոցից շատ բան հետը վերցնի, քանզի «հեռացնենք ռեժիմին, գանք մենք, քանի որ հորս արեւ պուպուշ ենք» մոտեցումները բացի ծիծաղից, այլեւս ոչինչ չեն առաջացնում: Անշուշտ, նոր ընդդիմության բոլոր առանձնահատկությունները դետալներով այժմ ներկայացնել հնարավոր չէ, սակայն ընդդիմադիր վակուում չի լինելու: Եվ, խոշոր հաշվով, կարելի է ասել` «ընդդիմությունը մեռավ, կեցցե ընդդիմությունը»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

